
Մ. ԲԱՐՍԵՂԵԱՆ
Արմէն Գէորգեանը պետական կառավարման համակարգում էր 1997 թուականից. մուտքը, ըստ նրա հարցազրոյցներից մէկի, ուշագրաւ է եղել յատկապէս այսօրուայ քաղաքական դիտանկիւնից:
«Մի օր Լեւոն Զուրաբեանն ու Շողեր Մաթեւոսեանն առաջարկեցին, որ հանդիպեմ վարչապետ Արմէն Սարգսեանի հետ: Կարճ զրոյց ունեցանք, զրոյցի վերջում վարչապետն առաջարկեց աշխատել իր հետ», պատմել է նա:
Յաջորդ վարչապետը, որի օգնականը եղել է Արմէն Գէորգեանը, Ռոբերտ Քոչարեանն էր: Նրանք միասին աշխատել են մինչեւ 2008 թուականը. Գէորգեանը եղել է նաեւ նախագահ Քոչարեանի օգնականը, աշխատակազմի ղեկավարը, նրա նախագահութեան վերջին տարում՝ Ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղարը: Արդիւնքում՝ կառավարման համակարգում եւ մամուլի կողմից Արմէն Գէորգեանն սկսեց ընկալուել որպէս «Քոչարեանի մարդ»:
Սա էր պատճառը, որ Քոչարեանի՝ նախագահի պաշտօնից հեռանալուց յետոյ, ենթադրւում էր, որ կը հեռանայ նաեւ Արմէն Գէորգեանը: Նա, սակայն, պետական ապարատից չհեռացաւ:
2008 թուականին Սերժ Սարգսեանը Գէորգեանին նշանակեց տարածքային կառավարման նախարար եւ փոխվարչապետ: Այս պաշտօնում նա վարչապետ Տիգրան Սարգսեանի հետ աշխատեց շուրջ 6 տարի, Յովիկ Աբրահամեանի հետ՝ հազիւ 6 ամիս:
Պաշտօնավարման տարիներին մամուլը յաճախ է գրել Արմէն Գէորգեանի մասին: Նրան վերագրուել է կառավարման համակարգում ստուերային, այսպէս կոչուած, «սեւ կարդինալի» դերակատարում, գրել են, որ նա բիզնես նախագծեր է իրականացնում Ռոբերտ Քոչարեանի մերձաւոր շրջանակի հետ, ու նաեւ՝ որ անգիր գիտի Հայաստանի բոլոր համայնքները, անցկացուած ջրագծերի ու կառուցուած դպրոցների արժէքները: Այս վերջինը՝ Արմէն Գէորգեանի բնորոշմամբ՝ լեգենդ է:
Թերթերը գրեցին նաեւ նրա՝ պաշտօնից հրաժարուելու պատճառների մասին: Դրանցից մէկը, ըստ մամուլի, Սուրէն Խաչատրեանի վերանշանակումն է Սիւնիքի մարզպետի պաշտօնում: Նա, ասում են, թէ դէմ է եղել այս նշանակմանը, բայց, ի պաշտօնէ լինելով մարզպետների անմիջական վերադասը, չի կարողացել ազդել որոշման կայացման վրայ:
Ուշագրաւ է, որ 2008 թուականին, երբ Սուրէն Խաչատրեանը յայտնուել էր հերթական աղմկոտ պատմութեան մէջ, Արմէն Գէորգեանը, Տիգրան Սարգսեանի յանձնարարութեամբ, ծառայողական քննութիւն կազմակերպեց ու յետոյ ներկայացրեց մարզպետի արարքը մեղմացնող բազմաթիւ հանգամանքներով մի զեկոյց: Հարցն այսքանով էլ փակուեց:
Արմէն Գէորգեանը անկուսակցական է: 2008ին, երբ Տիգրան Սարգսեանն ու տեխնոկրատների նրա թիմը դարձան ՀՀԿականներ, սպասւում էր, որ «Հանրապետականի» նշանը կը յայտնուի նաեւ Գէորգեանի կրծքին, նրան, սակայն, յաջողուեց աւարտել կարիերան պետական համակարգում՝ առանց ՀՀԿական դառնալու:
«ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ»