
ԵՐԵՒԱՆ, «Առաւօտ».– «Բազմիցս եմ ասել՝ քառեակը մի մարմին չէ: Քառեակը տարբեր քաղաքական ուժերի, տարբեր գաղափարախօսութեան եւ խնդիրների տարբեր պատկերացում ունեցող ուժերի ժամանակաւոր միաւորում է, որի հիմնական հարցը օրակարգում ձեւաւորուած եւ բոլորի կողմից կոնսենսուսի միջոցով հաւանութեան արժանացած հարցերին է նուիրուած», «Առաւօտ»ի հետ ունեցած զրոյցին ընթացքին՝ խօսելով քառեակին մէջ առկայ տարաձայնութիւններու մասին շրջան ընող լուրերուն, ըսած է ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Արծուիկ Մինասեան:
Ան նշած է. «Տնտեսական քաղաքականութեան մէջ բազմիցս են եղել քննարկումներ: Բայց, ինչպէս տեսնում էք, տարբեր քաղաքական հայեացքների եւ սկզբունքների դաւանող ուժերը չեն կարող նոյն ձեւով խնդրին լուծում տալ: Սկսած պետութեան դերակատարութիւնից, աւարտած մասնաւոր սեկտորում ազատութեան աստիճանի չափի որոշումից՝ տարբեր քաղաքական ուժեր տարբեր պատկերացումներ ունեն: Մենք պատկերացնում ենք պետութեան ակտիւ դերակատարութիւն, մի այլ ուժ, որը ազատական ուժ է, պատկերացնում է պետութեան խիստ պասիւ, անգամ ոչ մասնակցային իրավիճակ, երրորդը պատկերացնում է, որ պետութիւնը պէտք է մասնակցի այնքան, որքան անհրաժեշտ է տնտեսութեան կարգաւորման տեսակէտից՝ որպէս ազատական-սոցիալիստական հայեացքներ կրող, միւսը՝ ազգային հարթութեան մէջ է միայն նայում հարցերին: Սրանք խնդիրներ են: Ամէն մէկը պէտք է կարողանայ գոնէ իր տեսլականը պատկերացնի, հրապարակի, որից յետոյ տեղի ունենայ միաւորում, տեսլականների համադրում, ընդհանուր կէտերի դուրս բերում: Այս հարցում քառեակում դեռեւս լիարժէք համագործակցութիւն չկայ»:
Թղթակիցը դիտել տուած է, որ նման ամէն մէկ նախաձեռնութեան հասարակութիւնը կը սկսի յոյսեր կապելու, համագործակցութեան մասին վկայող ամէն լուսանկարով ոգեւորուիլ, բայց յետոյ ոչ մէկ արդիւնք կ՛արձանագրուի։ «Եթէ այդ 4 ուժերին կապող բան չկար, ի՞նչ իմաստ ունէր այդ ամէն ինչը» հարցուցած է «Առաւօտ»ի թղթակիցը։
Արծուիկ Մինասեան պատասխանած է. «Խնդիրը մեր միասնութիւնը ճշմարիտ հարթութեան մէջ չտեսնելու մօտեցումն է: Բոլորն ուզում են, որ միասնական լինեն, բայց ինչպէ՞ս է այդ միասնականութիւնը լինում՝ ոչ ոք չի պատկերացնում: Հէնց գալիս է պրակտիկ դաշտ, ամէն մէկը սկսում է մեղադրել դիմացինին, թէ ինչու միասնականութեան մէջ տանուլ տուեց: Իրականում ամէն ուժ, որը ձգտում է միասնութեան, պէտք է իր ամբիցիաները մի կողմ դնի եւ հետեւի նպատակին: Նոյն Սահմանադրական փոփոխութիւնների հարցում մենք 20 տարուց աւելի է՝ պահանջում ենք այդ փոփոխութիւնները: Մեր տեսակէտից սա սկզբունքային հարց է՝ ոչ այսօրուայ, ոչ երէկուայ, ոչ այն ժամանակ, երբ ՀՅԴն իշխանութեան մէջ էր, երբ արմատական ընդդիմութիւն էր՝ այս գաղափարը մեր մօտ չի փոխուել: Մեզ համար այս հարցը սկզբունքային է: Մի գուցէ այլ ուժի համար սա ընդամէնը տակտիկա է, բայց տակտիկան երբեք չի կարող ռազմավարութեանը փոխարինել: Եթէ դու գնում ես այս նպատակին, ուրեմն ընթացքում մտնես, մառանով դուրս գաս, թէ գնաս թոնրատուն, յետոյ նոր գաս այդ նոյնտեղը՝ էականօրէն կարող է նպատակից շեղել»:
Պատասխանելով այն հարցումին, որ ներկայիս կազմաքանդուեցա՞ւ քառեակը՝ Արծուիկ Մինասեան նշած է. «Ի՞նչ էր եղել քառեակը, որ կազմաքանդուեց: Նման խնդիր, կարծում եմ, այս պահին չկայ դրուած: Կայ սկզբունքային 2 հարցերի վերաբերեալ որոշակի տարաձայնութիւն: Մէկը կուտակայինի հարցն է, որ Սահմանադրական դատարանի բողոքարկուի, թէ չէ: Մի գուցէ շատերը համարում են սա տեխնիկական կամ տակտիկական հարց, իմ համոզմամբ, սա ոչ սկզբունքային հարց է: Եթէ մենք անկեղծ ենք եղել մեր պայքարի մէջ, ուրեմն մինչեւ վերջ պէտք է գնալ՝ սպառելու համար բոլոր պաշտօնական համակարգերը: Երկրորդը սահմանադրական փոփոխութիւններն են, որտեղ այո, աւելի յստակ են տարբեր կերպ ընկալումները: Մենք մնում ենք մեր նոյն տեսակէտին եւ գտնում ենք, որ համակարգային փոփոխութիւնների հիմքը Սահմանադրութիւնն է, սահմանադրական ամրագրումներն են, որոնք կա՛մ ամբողջական չեն, կամ թերի են»:
Արծուիկ Մինասեանի համաձայն՝ սահմանադրական փոփոխութիւնները պիտի չվերացնեն բոլոր խնդիրները, բայց պէտք է առնել անհրաժեշտ այդ առաջին քայլը, որպէսզի կարելի ըլլայ երկրին մէջ համակարգային փոփոխութիւն իրականացնել. «Անձինք, ովքեր չեն կարեւորում այս հարցը եւ կապում են բացառապէս անձի փոփոխութեան հետ, նշանակում է այդ մարդիկ եւ քաղաքական ուժերը ընդամէնը ուզում են, որ իրենք յայտնուեն այն կարգավիճակում, ինչ այսօրուայ իշխանութիւնները: Ոչ թէ համակարգը փոխեն, այլ անձանց փոխեն իրենց հետ: Եւ փոփոխութիւնների դէմ ագրեսիւ հանդէս եկողների բառապաշարը, երբ սկսում ես ուսումնասիրել, հասկանում ես, որ իրենք այս փոփոխութիւններում ոչ թէ պետութեան բարելաւումը չեն տեսնում, այլ իրենք իրենց չեն տեսնում: Սա է պրոբլեմը»: