«Լարուածութիւն Սկսելու Շահագրգռուած Կողմը Ադրբեջանն էր». Թոմ Դէ Վաալ
ԻՆԵՍԱ ՄԽԻԹԱՐԵԱՆ
ԹՈՄ ԴԷ ՎԱԱԼ.- Ղարաբաղում տիրող ներկայ իրավիճակը անհանգստացնող է, քանի որ ամառային ամիսների ընթացքում սահմանային գօտում գրանցուել են աւելի շատ զոհեր, քան ամբողջ 2013 թուականի ընթացքում: Իսկ ներկայ լարումը, ըստ իս, մասամբ կապուած է նաեւ որոշ արտաքին նախապայմանների հետ:
Իրավիճակն Ուկրաինայում շեղում է մեծ տէրութիւնների ուշադրութիւնը, միեւնոյն ժամանակ Ադրբեջանում գնալով աճում է Մինսկի գործնթացի ոչ արդիւնաւէտ ընթացքի շուրջ զայրոյթը, իսկ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ յարաբերութիւնների լարումը Մինսկի խմբի հետ համագործակցութիւնն աւելի է բարդացնում: Վերջին շրջանում մենք ականատես եղանք մի քանի տագնապալի միջադէպերի, նոյնիսկ Նախիջեւանում, որտեղ մինչ օրս խաղաղ իրավիճակ էր տիրում:
Կարծում եմ այստեղ լարուածութիւն սկսելու շահագրգռուած կողմը Ադրբեջանն էր, քանի որ որպէս կանոն պարտուող կողմն է հակուած իրավիճակը լարելուն, միեւնոյն ժամանակ հայկական կողմի ծաւալած գործողութիւնը Յուլիսի 31ին նոյնպէս հրահրեց զինադադարի խախտումը, այսպիսով մեղքը երկու կողմերինն է:
ԻՆԵՍԱ ՄԽԻԹԱՐԵԱՆ.- Ըստ ձեզ, արդեօք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Սոչիում բերե՞ց որեւէ արդիւնք:
ԹՈՄ ԴԷ ՎԱԱԼ.- Բնաւ պարզ չեն հանդիպման մանրամասները, սակայն գիտենք, թէ ինչի չի բերել Սոչիի հանդիպումը, հասկանալի է, որ չհնչեց նախագահների համատեղ յայտարարութիւն, ինչը լաւ նախանշան չէ:
Շատերը յուսով էին, որ հանդիպման ընթացքում հնարաւոր կը լինէր գալ զինադադարի վերահաստատման պաշտօնական համաձայնութեան, սակայն հնչեցին երկու կողմերի ընդհանուր յայտարարութիւններ, որոնք ժամանակաւորապէս մեղմեցին լարումը:
Փաստը, որ հանդիպման ընթացքում հնարաւոր չի եղել գալ որեւէ համաձայնութեան, որը ընդունելի լինէր կողմերի համար, ցոյց է տալիս, թէ որքան խորն է այս խնդիրը եւ որքան բարդ դրա լուծումը:
ԻՆԵՍԱ ՄԽԻԹԱՐԵԱՆ.- Ըստ ձեզ, կողմերը պատրա՞ստ են խաղաղութեան հաստատման: Եթէ այո, ինչո՞ւ չեն կարողանում համաձայնութեան գալ:
ԹՈՄ ԴԷ ՎԱԱԼ.- Կարծում եմ կողմերը պատրաստ չեն խաղաղութեան կամ պատերազմի, Ադրբեջանը, որպէս պարտուող կողմ աւելի հետաքրքրուած է կոնֆլիկտի վերսկսմամբ: Միեւնոյն ժամանակ Ադրբեջանը հասկանում է հնարաւոր պատերազմի հետեւանքները:
Միւս կողմից՝ կարծում եմ կողմերից եւ ոչ մէկը պատրաստ չէ լուրջ զիջումների գնալու յանուն խաղաղութեան: Այսպիսով, երկու կողմերին ձեռնտու է ներկայ իրավիճակը:
Ինչ վերաբերւում է Ռուսաստանի դերին, ի տարբերութիւն շատերի, ես չեմ տեսնում ռուսական ռազմավարութեան լուրջ փոփոխութիւն Կովկասում:
Ռուսաստանը կենտրոնացած է ուկրաինական խնդրի վրայ, խնդիր, որում ներգրաւուած են ռուսական արտաքին քաղաքականութեան բոլոր ռեսուրսները:
Կարծում եմ Պուտինը Սոչիի հանդիպման կազմակերպմամբ փորձեց աշխարհի առջեւ հանդէս գալ որպէս խաղաղարար, սակայն Սոչիի հանդիպումն աւարտուեց, եւ Պուտինը վերադարձաւ իր օրակարգին:
ԻՆԵՍԱ ՄԽԻԹԱՐԵԱՆ.- Դուք նշեցիք, որ կողմերը պատրաստ չեն համաձայնութեան գալու: Ըստ ձեզ՝ խաղաղութեան հաստատման համար անհրաժե՞շտ է երրորդ կողմերի աւելի լուրջ ներգրաւուումը:
ԹՈՄ ԴԷ ՎԱԱԼ.- Կարող ենք երկար վերլուծել, թէ ինչո՞ւ կողմերը չեն գալիս համաձայնութեան, մոռանալով հակառակ հարցը, թէ ինչո՞ւ կողմերը պէտք է գան համաձայնութեան:
Ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Հայաստանի հասարակութիւնը պատրաստ չէ լուրջ փոխզիջումների: Այսպիսով, նախագահները փոխզիջումների գնալով կը կորցնեն իրենց ժողովրդայնութիւնը, մեծ տէրութիւններն էլ զբաղուած են այլ խնդիրներով՝ Ուկրաինա, Մերձաւոր Արեւելք:
Այսպիսով չկայ որեւէ կողմ, ում համար խնդրի լուծումը առաջնահերթութիւն է:
Միջազգային համայնքը պատրաստ է կայունութեան հաստատման ուղղութեամբ ջանքեր ձեռնարկելու, սակայն պատրաստ չէ անելու աւելին:
ԻՆԵՍԱ ՄԽԻԹԱՐԵԱՆ.- Ըստ ձեզ, Սոչիի հանդիպումից կարելի՞ է եզրակացնել, որ Ռուսաստանը հնարաւոր է ստանձնի խնդրի լուծման միջնորդութեան մենաշնորհը՝ դուրս մղելով Մինսկի խմբին:
ԹՈՄ ԴԷ ՎԱԱԼ.- Կասկածում եմ, որ որեւէ կողմ հետաքրքրուած է խնդրի լուծման միջնորդութեան մենաշնորհը Ռուսաստանին յանձնելու:
Կարծում եմ Ռուսաստանի դերը կը սահմանափակուի լարուած իրավիճակում հանդիպումներ կազմակերպելով եւ ոչ աւելին: Այսպիսով մնում է Մինսկի գործնթացը, որը սպասուածի պէս արդիւնաւէտ չէ, սակայն այլընտրանք չկայ:
ԻՆԵՍԱ ՄԽԻԹԱՐԵԱՆ.- Ո՞ւմ օգտին է ծառայում խաղաղութեան գործնթացի յետաձգումը:
ԹՈՄ ԴԷ ՎԱԱԼ.- Կարճաժամկէտ առումով խաղաղութիւնը ձեռնտու է բոլոր կողմերին, իսկ հեռատեսօրէն խնդրին նայելիս՝ հասկանալի է, որ այս իրավիճակը որքան երկար շարունակուի, այնքան դրա լուծումը աւելի կը բարդանայ, այսպիսով ներկայ իրավիճակը ձեռնտու չէ եւ ոչ մի կողմին:
«Ամերիկայի Ձայն»