Տաւուշի մարզի Բաղանիս համայնքը սահման պահող մեր գիւղերից է: Այն շէնանում է՝ հակառակ սահմանային միջադէպերի, գրեթէ ամէն օր լսուող կրակոցների: Սահմանամերձ Բաղանիսում 11 տարուայ ընդմիջումից յետոյ կրկին լսուել է կոմբայնի ձայնը: Ստացուած առաջին բերքից բաղանիսցիները չեն դժգոհում: Այստեղ հացահատիկ մշակելու համար տարածքներ կան, բայց գիւղացիները չեն համարձակւում հողը մշակել: Ամէն անգամ գիւղում լսուող կոմբայնի ձայնը թշնամին կրակոցով է փորձում լռեցնել:
æահան պապն ասում է՝ իրենք գիտեն, թէ ինչ է նշանակում սահման պահել: Գիտեն նաեւ, որ դիրքերում կանգնած զինուորն էլ իրեն ապահով եւ հպարտ է զգում. իր թիկունքին առօրեայ հոգսերով ապրող գիւղացին է:
Գիւղը սահմանամերձ միւս բնակավայրերի նման մի շարք դժուարութիւններ ունի: Բաղանիսում լուրջ խնդիր է դարձել ոռոգման եւ խմելու ջրի հարցը: Այն մասամբ արդէն լուծուած է, մի քանի օրից այստեղ սկսուելու է ջրագծի կառուցման աշխատանքը:
Պէտք է պայմաններ ստեղծել ապրելու, աշխատելու համար՝ ասում է Բաղանիսի 28ամեայ համայնքապետը, Հայաստանում ամենաերիտասարդ գիւղապետը: Նարեկ Սահակեանն արդէն մի քանի տարի է, ինչ ղեկավարում է համայնքը, եւ այստեղ կատարուած փոփոխութիւնները չնկատել չի լինի: Լուծուած է գիւղի գազիֆիկացման հարցը, վերանորոգուել է Բաղանիսի միջնակարգ դպրոցը: Դեռ պատերազմի տարիներին լիովին աւերուած գիւղի մանակապարտէզին այսօր փոխարինում է վերանորոգուած նախակրթարանը: Սեպտեմբերին այստեղ իրենց օրուայ մեծ մասն են անցկացնելու բաղանիսցի 20 փոքրիկները:
Կարգաւորուած է նաեւ գիւղի աղբահանութեան խնդիրը: Ամէն Ուրբաթ այստեղ աղբահանութեան օրը է, աշխատանքներին մասնակցում է ողջ գիւղը:
Դաշնակցական գիւղապետն ասում է՝ հպարտութեամբ է կատարում իր աշխատանքը: Դժուար է սահմանամերձ գիւղում աշխատանքի բացակայութեան պայմաններում երիտասարդութեանը պահել: Ինքը սակայն համարձակուեց մնալ: Մասնագիտութեամբ հնագէտ է, Երեւանի պետական համալսարանն աւարտելուց յետոյ հրաժարուեց մայրաքաղաքում աշխատելու առաջարկութիւնից՝ մի պարզ պատճառով. ինքն իր ապագան սահմանամերձ գիւղում է տեսնում:
Սահմանամերձ Բաղանիսը 998 բնակիչ ունի, նրանցից իւրաքանչիւրը մի զինուոր է, ով յամառելով պայքարում է թշնամու դէմ՝ իր գիւղը շէնացնելով:
yerkir.am