ՍԱՐԳԻՍ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ
ԵՐԵՒԱՆ, «Ազատութիւն».- Կառավարութեան ներկայացուցիչը խոստովանում է՝ ռիսկեր կան, որ այս տարուայ պետբիւջէի հարկային եկամուտները կարող են չապահովուել:
«Ազատութեան» հետ զրոյցում ֆինանսնեAրի նախարարի տեղակալ Արմէն Ալավերդեանը ասաց, որ 2014ի առաջին կիսամեակում խոշոր հարկատուներից աւելի քան 21 միլիարդ դրամով քիչ հարկ են հաւաքել, քան նախատեսուած էր:
«Ի հարկէ, ռիսկեր կան, այդ կորուստը, որը վեց ամիսների արդիւնքում հրապարակել ենք, շուրջ 21 միլիարդ է: Որպէսզի պատկերացնէք դա ինչ գումար է, ասեմ՝ ամբողջ փոքր բիզնեսից շրջանառութեան հարկ վճարողներից մէկ տարուայ մէջ գանձած գումարը կազմում է 14 միլիարդ դրամ», ասաց Ալավերդեանը:
Ինչպէս փոխանցեց մեր զրուցակիցը, այս տարուայ պետբիւջէով նախատեսուած է հաւաքել մօտ 1 տրիլիոն 100 միլիարդ դրամի հարկ:
Եթէ անցած տարուայ վերջին կազմուած 2014ի պետբիւջէով նախատեսուած էր ապահովել 5.2 տոկոս տնտեսական աճ, ապա կառավարութեան փոփոխութիւնից յետոյ Յովիկ Աբրահամեանը խոստացաւ այս տարի ապահովել ընդամէնը 4 տոկոս աճ:
Հայաստանի այս տարուայ տնտեսական աճի ցուցանիշները նուազեցրել է նաեւ Արժոյթի միջազգային հիմնադրամը: Հիմնադրամի հայաստանեան ներկայացուցիչ Տէրեսա Դաբան Սանչեսը Մայիսի վերջին «Ազատութեանը» փոխանցեց, որ Ռուսաստանում տնտեսական իրավիճակի վատացման հետեւանքով 2014ին Հայաստանը կ՛ունենայ ոչ թէ 4.3 տոկոս աճ, ինչպէս կանխատեսւում էր նախկինում, այլ՝ աւելի պակաս:
Հետեւաբար, հարց է առաջանում, եթէ պետբիւջէով նախատեսուած 5.2 տոկոս տնտեսական աճը չի լինելու, արդեօք կառավարութիւնը կը կարողանա՞յ հաւաքել նոյն պետբիւջէով նախատեսուած 1 տրիլիոն 100 միլիարդ դրամի հարկը: Փորձագէտները կասկածում են:
«Եթէ հաւաքագրուած հարկերի ծաւալը աւելի քիչ է աճում, քան գնաճի ցուցանիշն է, ուրեմն կարելի է ասել՝ հարկահաւաքման գործերը լաւ չեն», ասաց «Հայկական ժամանակ» պարբերականի տնտեսական մեկնաբան Հայկ Գէորգեանը:
Ֆինանսների նախարարութեան հրապարակած պաշտօնական տուեալների համաձայն, առաջին հազար խոշոր հարկատուներից այս տարուայ առաջին կիսամեակում ընդամէնը 3.8 տոկոսով աւելի հարկ է հաւաքուել, քան նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածում (2014ի Յունուար-Յունիսին հաւաքուել է 325.9 միլիարդ դրամի հարկ՝ նախորդ տարուայ 313.8 միլիարդի փոխարէն): Մինչդեռ, գնաճը 2014ի առաջին կիսամեակում աւելի շատ է եղել՝ 4 տոկոս:
Արմէն Ալավերդեանը խոշոր հարկատուներից նախատեսուածից քիչ հարկեր հաւաքելը բացատրեց երկու հիմնական գործօններով՝ պղնձի միջազգային գների անկման պատճառով հանքաարդիւնաբերութեան 9 խոշոր ընկերութիւններ այս տարուայ առաջին կիսամեակում աւելի քան 9 միլիարդ դրամ քիչ հարկ են վճարել, քան սպասւում էր: Երկրորդ, «Շահութահարկի մասին» օրէնքում փոփոխութիւնների արդիւնքում՝ այս տարուայ Յունուարի 1ից ձեռնարկութիւնները այլեւս չեն վճարում 1 տոկոս շահութահարկ՝ անկախ նրանից օգուտով են աշխատում, թէ վնասով, ինչպէս նախկինում էր, եւ սա էլ պետբիւջէին արժել է մօտ 12.5 միլիարդ դրամ:
ԽՈՇՈՐ ԲԻԶՆԵՍԸ
ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ
ՍՏՈՒԵՐՈՒՄ
Հայկ Գէորգեանը ուշադրութիւն հրաւիրեց այն հանգամանքի վրայ, որ 2014ի առաջին կիսամեակի գնաճն աւելի շատ է եղել, քան խոշոր հարկատուներից հաւաքուած լրացուցիչ հարկի չափը: Այս փաստը, ըստ փորձագէտի, վկայում է՝ խոշոր հարկատուները, իրականում, ոչ միայն աւելի չեն վճարել, այլեւ՝ օլիգարխներին ստուերից դուրս բերելու իշխանութիւնների խոստումը, առայժմ լոկ խօսքերն են:
«Որպէսզի կարողանանք ասել, որ յաջողութիւն ենք արձանագրել հարկահաւաքման ծաւալների աճի հարցում, ուրեմն պիտի հարկերի ծաւալը աւելի արագ աճի, քան գնաճը: Գնաճը ինքն իրենով, եթէ կառավարութիւնը ոչինչ չանի, յանգեցնում է հարկերի հաւաքագրման ծաւալի աճի գրեթէ նոյն համամասնութեամբ», ասաց տնտեսական մեկնաբանը:
Պարզուեց այս ցուցանիշից գոհ չեն նաեւ կառավարութիւնում: «Աշխատանքներ արել ենք, լրացուցիչ հարիւրաւոր միլիոններ առաջադրուել են առանձին տնտեսվարողների սուբյեկտների, եւ պէտք է դատական հայցերով առաջնորդուենք: Բայց մենք տրամադրուած ենք, որ ստուերի հաշուին աւելի մեծ գումարներ կարողանանք պետական բիւջէ ապահովել, քան ապահովել ենք մինչեւ Յուլիս ամիսը: «Ալեքս Գրիգը» յիշատակեցի, նրա ֆինանսական ցուցանիշները մեզ էլ այնքան դուր չեն գալիս, եւ մենք որոշակի գործողութիւններ ենք անում, չափագրումներ ենք անում իրենց շահութաբերութեան իրական մակարդակին հասնելու համար», ասաց ֆինանսների փոխնախարարը: