ԵՐԵՒԱՆ, «Երկիր».- Մօտ օրերս կը մեկնարկեն սիրիահայերին մատչելի բնակարաններ ապահովելու նպատակով «Օգնիր եղբօրդ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնած շէնքի բուն շինարարական աշխատանքները: «Օգնիր եղբօրդ» հիմնադրամը սկզբնական փուլում սիրիահայերին օգնում էր սննդամթերքով եւ առաջին անհրաժեշտութեան ապրանքներով՝ Սիրիա ուղարկելով հումանիտար բեռներ եւ օգնութիւն:
Սիրիայում պատերազմական գործողութիւնների սրացմանը զուգընթաց՝ խնդիր առաջացաւ Հայաստան տեղափոխուած սիրիահայերին օգնութեան ձեռք մեկնել՝ ապահովել նրանց օթեւանով: Սկզբում ծրագիր իրականացուեց ԼՂՀում՝ Բերձորի շրջանում 10 անհատական տների կառուցմամբ, որից յետոյ մշակուեց Երեւանում սիրիահայերի համար մատչելի բնակարաններով բնակելի շէնք կառուցելու ծրագիրը:
Այս նպատակով, դեռեւս 1 տարի առաջ քաղաքապետարանից, պետական՝ կադաստրայի արժէքով, հիմնադրամը Դաւիթաշէնում 600 քմ. հողատարածք ձեռք բերեց, որի տեղում պէտք է կառուցուէր բազմաբնակարան սոցիալական նշանակութեան շէնք՝ 78 սիրիահայ ընտանիքների համար: 2 ամիս առաջ արդէն գործնական փուլ մտան շէնքի կառուցման սկզբնական աշխատանքները՝ թղթաբանութեան փուլը: Ներկայումս արդէն իսկ աւարտուած է շէնքի քաղաքաշինական՝ նախագծա-նախահաշուային փաստաթղթերի փաթեթը, իսկ թոյլտուութիւններն ու ձեւակերպումներն արդէն աւարտուած են:
Այսպիսով՝ ամէն ինչ պատրաստ է բուն շինարարական աշխատանքները սկսելու համար, որոնք, ինչպէս տեղեկացրեց Թաթուլ Յարութիւնեանը, հաւանաբար կը սկսուեն այս տարուայ Օգոստոսի 1ից: Դրանք պէտք է աւարտուեն շինարարութեան մեկնարկից յետոյ՝ 26 ամսուայ ընթացքում: «Շահառուները՝ մարդիկ, ովքեր ցանկանում են այդ շէնքից բնակարաններ ձեռք բերել, պէտք է անպայման լինեն սիրիահայեր՝ Սիրիայի քաղաքացիներ:
Ծրագիրը նպատակ ունի օգնել այն սիրիահայերին, ովքեր ցանկանում են տեղափոխուել ու հաստատուել Հայաստանում եւ ունեն բնակարանի խնդիր, որպէսզի նրանց ապահովենք մատչելի բնակարաններով: Ծրագիրը կոմերցիոն՝ շահոյթ հետապնդող ծրագիր չէ, այլ միմիայն բարեգործական է, եւ բնակարանները սիրիահայերի համար կառուցուելու են միմիայն ինքնարժէքով», Yerkir.am-ի հետ զրոյցում նշեց «Օգնիր եղբօրդ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրէն Թաթուլ Յարութիւնեանը:
Շէնքը տեղակայուած է լինելու «Արմէնիա» հեռուստաընկերութեան դէմ-դիմաց, Դաւիթաշէնի կամրջից 350 մետր հեռաւորութեան վրայ: Շէնքի հեռաւորութիւնը քաղաքի կենտրոնից՝ Օպերայի հրապարակից, կազմում է 4.5 կմ. կամ մեքենայով՝ 9 րոպէ:
14 յարկերից բաղկացած շէնքում նախատեսւում է նախագծել 102 քմ., 81 քմ., 71 քմ. եւ 61 քմ. մակերես ունեցող բնակարաններ: 14րդ յարկում նախատեսուող պենտհաուսի եւ առաջին հարկում նախատեսուող առեւտրային նշանակութեան տարածքների վաճառքից գոյացած գումարը բարեգործական նպատակով բաշխուելու է 13 հարկերի 78 բնակարանների շահառուների վրայ՝ լրացուցիչ իջեցնելով ձեռք բերելիք բնակարանների արժէքները:
Բնակարանների առքուվաճառքի պայմանագիրը նօտարական հաստատումով կնքելուց յետոյ կատարւում է 2 միլիոն դրամի չափով կանխավճար՝ «Օգնիր եղբօրդ» բարեգործական հիմնադրամի բանկային հաշվեհամարին: Մնացած մայր գումարը վճարուելու է 18 ամիսների ընթացքում՝ շահառուի կողմից ներկայացուած ժամանակացոյցով եւ նրան յարմար գումարային բաժանումով:
Ի դէպ, քանի որ այս ծրագիրը կոմերցիոն բնոյթ չի կրում, այս շէնքի բնակարանների գներն էլ, համեմատած շուկայական գներին, անհամեմատ մատչելի կը լինեն: Համեմատելու համար՝ յարակից տարածքում կառուցուող շէնքի 1 քմ.ի շուկայական գինը սկսում է 329 հազար ՀՀ դրամից՝ 1 քմ.ի համար: «Օգնիր եղբօրդ» բարեգործական հիմնադրամի կողմից կառուցուող շէնքում 1 քմ.ի արժէքը սկսւում է 230 հազար ՀՀ դրամից: Այսինքն՝ եթէ օրինակ՝ 1 քմ.ն 329 հազար դրամով 88 քմ. մակերեսով բնակարանն արժէ 28 միլիոն 952 հազար դրամ, կամ 70 հազար 500 ԱՄՆ դոլար, ապա «Օգնիր Եղբօրդ» ԲՀի կառուցուելիք շէնքում 1 քմ.ը 230 հազար դրամով 88 քմ. մակերեսով բնակարանը կ՛արժենայ 20 միլիոն 240 հազար դրամ, կամ 49 հազար 245 ԱՄՆ դոլար: Տարբերութիւնը՝ 8 միլիոն 712 հազար դրամ կամ 21 հազար 300 դոլար:
«Գները վերջական չեն», նշեց հիմնադրամի գործադիր տնօրէնը եւ յաւելեց, որ գները նուազման միտում են ունենալու՝ պենտհաուսի ու առեւտրային տարածքների վաճառքից գոյացած միջոցների հաշուին: Շինարարութեան ընթացքում «Օգնիր եղբօրդ» հիմնադրամը փորձելու է նաեւ ապահովել նուիրատուութիւններ, որպէսզի առաւելագոյնս փոքրացուեն բնակիչների վճարած գումարները:
«Այժմ աշխատանքներ են տարւում այն ուղղութեամբ, որ սեփականութեան վկայականները ձեռք բերելուց յետոյ անմիջապէս այդ շէնքից բնակարաններ ձեռք բերող սիրիահայերը կարողանան շատ յարմար պայմաններով հիփոթեքային վարկեր ստանալ, որը նրանց կ՛օգնի արագ լուծելու իրենց ֆինանսական խնդիրները», տեղեկացրեց Թաթուլ Յարութիւնեանը:
Ընդ որում՝ բնակարանները պէտք է տէրերին յանձնուեն բնակութեան համար լիովին պատրաստ վիճակումառաց կահոյքի՝ ներքին յարդարման աշխատանքները ու կոմունիկացիաների անցկացումն ամբողջութեամբ աւարտուած: Թաթուլ Յարութիւնեանը նշեց, որ այս շէնքից բնակարաններ ձեռք բերելու ցանկութիւն յայտնած սիրիահայերի թիւը գերազանցում է նախատեսուող բնակարանների թուին՝ հետաքրքրութիւնը մեծ է, եւ արդէն իսկ շահառուներ կան, ովքեր իրենց առաջին փոխանցումները կատարել են:
Վերջում «Օգնիր եղբօրդ» հիմադրամի գործադիր տնօրէնը տեղեկացրեց նաեւ, որ նախնական պայմանաւորուածութիւն է ձեռք բերուել քաղաքապետարանի հետ՝ 2 այլ տարածքներ ձեռք բերելու համար, որպեզի սոցիալական նշանակութեան բազմաբնակարան շէնքերի շինարարութիւնը դառնայ շարունակելի:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.