Յուլիսի 1ին ուժի մէջ մտած «Պետական պաշտօն զբաղեցնող անձանց վարձատրութեան մասին» օրէնքով, որով պետական ոլորտում ներդրւում է վարձատրութեան նոր համակարգ, նախատեսւում է վարձատրութեան չափի բարձրացում, այդ թւում՝ Ազգային ժողովի բարձրաստիճան պաշտօնատար անձանց եւ աշխատակազմի համար:
Համաձայն օրէնքի՝ պետական պաշտօն զբաղեցնող անձանց աշխատավարձը կազմուած է հիմնական աշխատավարձից, լրացուցիչ աշխատավարձից եւ պարգեւատրումներից:
Հիմնական աշխատավարձը՝ պաշտօնային դրոյքաչափը, սահմանւում է օրէնքով նախատեսուած բազային աշխատավարձի եւ գործակցի արտադրեալի չափով:
Պետական պաշտօն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը սահմանւում է իւրաքանչիւր տարուայ պետական բիւջէի մասին օրէնքով:
Այս տարուայ Յուլիսի 1ից Դեկտեմբերի 31ը ընկած ժամանակահատուածի համար պետական պաշտօն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը սահմանուած է 66 հազար 140 դրամ:
«Պետական պաշտօն զբաղեցնող անձանց վարձատրութեան մասին» օրէնքով ԱԺ բարձրաստիճան պաշտօնատար անձանցից ամենաբարձր գործակիցը սահմանուած է ԱԺ նախագահի պաշտօնային դրոյքաչափի հաշուարկման համար՝ 18: Այսինքն՝ ԱԺ նախագահի աշխատավարձի չափը կը կազմի մօտ 1 մլն. 190 հազար դրամ՝ նախկին 340 հազարի փոխարէն:
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտօնային դրոյքաչափի հաշուարկման համար գործակիցը սահմանուած է 14, ԱԺ մշտական յանձնաժողովի նախագահինը՝ 12, մշտական յանձնաժողովի նախագահի տեղակալինը՝ 10.5:
Ազգային ժողովի պատգամաւորի եւ աշխատակազմի ղեկավարի պաշտօնային դրոյքաչափերի հաշուարկման համար գործակիցը սահմանուած է 10: Մինչ այժմ Ազգային ժողովի պատգամաւորի եւ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի պաշտօնային դրոյքաչափերը 300 հազար դրամ էին, սակայն նոր օրէնքով տուեալ պաշտօնատար անձինք կը ստանան մօտ 660 հազար:
Բացի այդ, ԱԺ պատգամաւորների պատգամաւորական գործունէութեան հետ կապուած ծախսերը իւրաքանչիւր պատգամաւորի համար սահմանուած են ամսական 50 հազար դրամի չափով, որոնց բաշխման կարգը սահմանւում է օրէնքով:
«Պետական պաշտօն զբաղեցնող անձանց վարձատրութեան մասին» օրէնքով Ազգային ժողովի աշխատակազմում պաշտօնային դրոյքաչափերի հաշուարկման համար սահմանուած գործակիցներից ամենաբարձրը ԱԺ նախագահի գլխաւոր խորհրդականի պաշտօնի համար է՝ 10, ամենացածրը՝ ԱԺ նախագահի օգնականի, ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի եւ աշխատակազմի ղեկավարի հայեցողական տեղակալի պաշտօնների համար՝ 8:
ԱԺ նախագահի խորհրդականի եւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտօնային դրոյքաչափերի հաշուարկման համար գործակիցները սահմանուած են համապատասխանաբար 9.5 եւ 9:
«Պետական պաշտօն զբաղեցնող անձանց վարձատրութեան մասին» օրէնքով սահմանուած են նաեւ բարձրաստիճան պաշտօնատար անձ չհանդիսացող հայեցողական եւ քաղաքացիական պաշտօն զբաղեցնող անձանց պաշտօնային դրոյքաչափերի հաշուարկման գործակիցները:
Ըստ այդմ, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում ամենաբարձր գործակիցը՝ 8, սահմանաւած է ԱԺ նախագահի մամուլի քարտուղարի, իսկ ամենացածրը՝ 3, ՀՀ Ազգային ժողովի պատգամաւորի վճարովի հիմունքներով օգնականի պաշտօնային դրոյքաչափերի հաշուարկման համար:
ԱԺ նախագահի ռեֆերենտի պաշտօնի համար գործակիցը սահմանուած է 6, ԱԺ նախագահի տեղակալի խորհրդականինը եւ օգնականինը՝ համապատասխանաբար 5.5 եւ 5:
ԱԺ աշխատակազմի ղեկավարի խորհրդականի եւ օգնականի պաշտօնների համար գործակիցը համապատասխանաբար 4.5 եւ 4 է:
ԱԺ խմբակցութեան փորձագէտի պաշտօնի համար գործակիցը 4.5 է:
Ըստ օրէնքի՝ Ազգային ժողովի աշխատակազմում քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտօնային դրոյքաչափերը սահմանում է ԱԺ աշխատակազմի ղեկավարը:
«Փաստինֆo»