
TERT.AM-Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ՍԻՄՈՆ ԳԱՖԱԼԵԱՆԻ ՀԵՏ
Ծնունդով Լիբանանի Բուրջ Համուդ հայկական բնակավայրից, վերջին տարիներին Հայաստանում հաստատուած, «Լիզպոն 5»ի տղաների մտերիմ ընկեր, Արցախի ազատագրական պայքարին մասնակցութիւն ցուցաբերած Սիմոն Գաֆալեանը, ով Հայաստանում եւ Սփիւռքում զբաղւում է երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակութեամբ, Tert.am-ի հետ զրոյցում ներկայացրեց իր մտահոգութիւնները հայ-ադրբեջանական շփման գծում այսօր տիրող իրավիճակի շուրջ, ինչպէս նաեւ՝ գնահատեց այսօրուայ երիտասարդների հայրենասիրական ոգին:
Նշենք, որ 1983 թուականի Յուլիսի 27ին աշխարհի ուշադրութիւնը Հայ Դատին սեւեռելու նպատակով Հայ Յեղափոխական բանակի հինգ անդամներ՝ լիբանանահայ Վաչէ Տաղլեանը, Սեդրակ Աճէմեանը, Սիմոն Եահնիյեանը, Արա Քրջլեանը եւ Սարգիս Աբրահամեանը յարձակում են գործում թուրքական դեսպանատան վրայ: Յարձակման պահին թուրք զինուորի կրակոցից զոհւում է Սիմոն Եահնիյեանը, իսկ միւս չորսին յաջողւում է մտնել դեսպանատան տարածք: Նրանք պաշարում են դեսպանատունը, մարդկանց դուրս հանում եւ պայթեցում՝ իրենց կեանքի գնով:
ՀԱՐՑ.- Պարոն Գաֆալեան, ինչպէ՞ս էք գնահատում ներկայիս իրավիճակը հայ-ադրբեջանական շփման գծում:
ՍԻՄՈՆ ԳԱՖԱԼԵԱՆ.- Բացայայտօրէն, առանց յայտարարելու արդէն պատերազմ է, չյայտարարուած պատերազմի մէջ են մերոնք արդէն, ես կը նախընտրեմ, որ լրջօրէն պատերազմ յայտարարեն, մենք իմանանք մեր անելիքը: Իսկ հիմա մեր դիրքերում նոյն բանն է կատարւում:
Եթէ պատերազմի մէջ լինենք, մեր վիճակն էլ տարբեր կը լինի, բայց քանի դեռ պատերազմ յայտարարուած չէ, մենք շատ վատ ենք նայւում, վախկոտի նման ենք նայւում, նոյնիսկ անմեղ մարդու են վիրաւորել մեր հայկական սահմանի վրայ: Եթէ տղամարդ են, օրինաւոր պատերազմ թող յայտարարեն:
ՀԱՐՑ.- Ըստ ձեզ՝ Հայաստանն այժմ պատերազմին դիմակայելու եւ յաղթելու ներուժ ունի՞:
ՍԻՄՈՆ ԳԱՖԱԼԵԱՆ.- Հայ ժողովրդի ներուժը միշտ ոգին է եղել, ինչու, Արցախեան պատերազմի ժամանակ հայերն ունէի՞ն այդ ներուժը, ունէի՞ն Ադրբեջանի բանակի թիւը, հզօրութիւնը, ոչ մի բան չունէին: Հայերն ի՞նչ ունէին, ոչ մի բան չունէին, որսորդական զէնքերով սկսեցին, ոգին էր կարեւոր, մեր տղաների ոգուն ադրբեջանական սամալեոտները (ինքնաթիռները-Խմբ.) ոչ մի բան չէին անում, խփում էին, բայց տղաները չէին ցնցւում, մնում էին բիրտ: Մենք ունեցել ենք պետօներ, կարօտներ, թաթուլ կրպէյեաններ, հրաչ մուրադեաններ, ում, դժբախտաբար, սահմանից ներս սպանեցին: Եթէ հայրենասիրական միջոցառումները շատ լինեն, երիտասարդը չի մտածի միայն լաւ մեքենայ ունենալու մասին, այլ կը մեծանայ ազգային ոգի ունենալով: Եւ ամէն ծնող իրեն հպարտ պէտք է զգայ, որ իր զաւակը ծառայում է բանակում:
ՀԱՐՑ.- Կա՞ն արդեօք այդ երիտասարդները, ձեր նկարագրած ոգին տեսնո՞ւմ էք այսօրուայ երիտասարդների մէջ:
ՍԻՄՈՆ ԳԱՖԱԼԵԱՆ.-Անշուշտ կան, մենք երբ տեսնում ենք մեր երիտասարդներին, նկատում ենք, որ կան: Ինչ որ ես քարոզում եմ, դասաւանդում եմ, նրանք ընկալում են: Կարող է նրանց քանակը շատ չէ, բայց երբ օրը գայ, կը տեսնէք, որ մէկը մէկին թիկունք կը տան: Քոչարիի պէս պինդ ենք եղել, հիմա էլ պինդ ենք:
ՀԱՐՑ.- Ձեր ընկերների՝ «Լիզպոն 5»ի տղաների գործն այսօր ինչպէ՞ս է ընկալւում հայ հասարակութեան կողմից, դուք գո՞հ էք այդ ընկալումից:
ՍԻՄՈՆ ԳԱՖԱԼԵԱՆ.- Այս տղաների գործի մասին Հայաստանից դուրս ամէն տեղ գիտեն, բայց Հայաստանում շատերին հարցնես, չեն իմանայ նրանց մասին: Եւ մինչ այսօր չգիտեմ ինչու ժողովրդին լսելի չի դառնում նրանց գործը, չգիտեմ պատճառը: Ոչ նրանց համար յուշակոթող է կառուցւում, ոչ իրենց մարմիններն են բերւում Հայաստան: Եթէ նման բան անեն, դա աւելի մեծ արժէք կը տայ Հայաստան-Սփիւռք յարաբերութիւներին, որովհետեւ այս տղաներն ի վերջոյ Սփիւռքի զոհերն են, եւ նրանց պէտք է ընդունել, ի վերջոյ նրանք պատահարից կամ վթարից չեն զոհուել, նրանք Հայ Դատի համար են մահացել: Երբ սովետ էր այն ժամանակ, աշխարհը Հայաստան չէր իմանում, այս տղաներն ասացին աշխարհին Հայաստանի մասին, բայց այսօր Հայաստանը նրանց չի ընդունում: Ցաւալին դա է: Նոր սերունդը պէտք է լսի, որ իր մէջ եւս նման փափաք լինի:
ՀԱՐՑ.- Դուք շատ էք առնչւում երիտասարդների հետ, նրանց շարքերում ձեր ընկերների կերպարները տեսնո՞ւմ էք:
ՍԻՄՈՆ ԳԱՖԱԼԵԱՆ.- Անպայման տեսնում եմ, 1000 հատ Լիզպոնի տղայ չի լինի, կարող է 12 հոգի լինել, այսպիսի գործ ամէն մէկը չէ, որ կարող է անել, բայց դա պէտք է անել սահմանից դուրս, ոչ թէ սահմանի ներսում: Սահմանը մեր երկիրն է, ուր հայութիւնն ապրում է: Դժբախտաբար այնպիսի բաներ են կատարւում սահմանից ներս, որ շատ խոցելի եւ ցաւալի է: Բայց մեր ուժը մենք միայն սահմանի վրայ պէտք է կիրառենք: