ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ՓԱՍՏԱԲԱՆ ԳԵՐԻ ԴԱԳԼԵԱՆԻ ՀԵՏ

Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Անկեղծութիւն, ուղղամտութիւն, վստահութիւն՝ այս կարգախօսով են առաջնորդւում Դագլեան փաստաբանական խմբի արհեստավարժ իրաւաբանները՝ տարիների փորձառութիւն եւ ոլորտում բարձր հեղինակութիւն ունեցող երիտասարդ փաստաբան Գերի Դագլեանի գլխաւորութեամբ: «Իմ աշխատանքային հիմնական սկզբունքն է մշտապէս արձագանգել, հետամուտ լինել եւ առաւելագոյնս բաւարարել իւրաքանչիւր մեզ դիմողի», նշում է փաստաբանը: Նա զբաղւում է քաղաքացիական դատական գործընթացներով եւ մասնագիտացած է աշխատաւորների իրաւունքների պաշտպանութեան, անհատին պատճառուած վնասների փոխհատուցման, ապահովագրական հարցերում: Դագլեան փաստաբանական խմբում ներգրաւուած իրաւաբանները զբաղւում են նաեւ անշարժ գոյքի, գործարար պայմանագրերի կնքման, սնանկացման, քրէական, ընտանեկան խնդիրներով:
Մասնագիտական գործունէութիւնը սկսելով իրաւաբանական խոշոր ընկերութիւնում, որ հիմնականում ապահովագրական գործունէութիւն էր ծաւալում՝ պաշտպանելով գործատէրերի իրաւունքները, Գերի Դագլեանը մի քանի տարի անց որոշում է սկսել իր սեփական գործը՝ զբաղուելու համար աշխատաւորների շահերի պաշտպանութեամբ. «Հասկացայ, որ աւելի լաւ է օգնեմ գործաւորներին, ում իրաւունքներն աւելի յաճախ են ոտնահարւում, մարդկանց՝ ում ձայնը լսելի չէ բարձր ատեաններում»:
Դագլեան փաստաբանական խումբը գործել է Բրբանքում, Գլենդելում, իսկ 2014 թուականի Օգոստոսի մէկից այս արհեստավարժ խմբի փաստաբաններն իրենց ծառայութիւնները կը մատուցեն նոր՝ 701 Նորթ Բրենդ հասցէում:
«Ասպարէզ»ի հետ զրոյցում Գերի Դագլեանը նաեւ ներկայացնում է իր մասնագիտական ուղղութիւններին առնչուող հետաքրքիր եւ բոլորիս համար անհրաժեշտ տեղեկութիւններ:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Դուք մասնագիտացած էք յատկապէս երեք ուղղութիւններում, խնդրում եմ մանրամասնէք դրանք:
ԳԵՐԻ ԴԱԳԼԵԱՆ.- Ինչպէս նշեցիք, մեր խմբի փաստաբանները մասնագիտացած են մի քանի ուղղութիւներով, եւ մենք յանձն ենք առնում միայն իրաւական տուեալ հարցերին առնչուող գործեր գտնելով լաւագոյն լուծումներ: Մենք ներկայացնում ենք մարդկանց շահերը, ովքեր որեւէ ձեւով տուժել են իրենց գործատուներից: Խօսքը, օրինակ, վերաբերւում է յաւելավճարին, աշխատավարձերի խախտումներին, աշխատավայրում խտրականութեան, սեռական ոտնձգութիւնների դէպքերին, աշխատանքի անօրինական ընդհատմանը եւ այլն: Ապահովագրութիւնը միւս ուղղութիւնն է: Ցաւօ,ք երբեմն տեղի են ունենում պատահարներ, օրինակ հրդեհներ, երկրաշարժ, ինքնաշարժերի եւ այլ վթարներ, կողոպուտի դէպքեր, արտադրական խոտանի պատճառած վնասներ, եւ կարիք է լինում դիմելու ապահովագրական ծառայութիւններին, որոնց բարեխղճօրէն վճարել ենք տարիներ շարունակ: Լինում են դէպքեր, սակայն, երբ տուեալ ծառայութիւնները փոխհատուցումը չեն իրականացնում բաւարար չափով: Նման դէպքերում մենք օգնում ենք ստանալու լիարժէք եւ համապատասխան փոխհատուցում:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Յաւելավճարի հետ կապուած ի՞նչ խնդիրներ են յաճախ պատահում:
ԳԵՐԻ ԴԱԳԼԵԱՆ.- Յաճախ են դէպքերը, երբ գործատէրը փորձում է շահագործել գործաւորին: Կալիֆորնիայի օրէնքով նախատեսուած է, որ եթէ սահմանուած աշխատանքային ութը ժամն անցնում է, յաջորդ իւրաքանչիւր ժամի համար գործաւորը պէտք է վճարուի իր ժամականից աւելի: Այնինչ, գործատէրերը վճարում են միայն սահմանուած աշխատավարձը: Օրինակ, մի տարածուած երեւոյթ կայ ռեստորանների դէպքում. օրական աշխատավարձը կազմում է 80 դոլար, բայց գործաւորն աշխատել է տասը ժամ, այնինչ այդ ժամանակահատուածի համար պէտք է ստանար 96 դոլար: Այս թիւը եթէ բազմապատկես ամիսներով եւ տարիներով՝ բաւական խոշոր գումար է կազմում: Երբ մեզ դիմում են տուժած գործաւորները, մենք ոչ միայն օրէնքով պահանջուող գումարն ենք վերադարձնում, նաեւ, ըստ Կալիֆորնիայի օրէնքի՝ բազմաթիւ տուգանքներ:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ձեր իրաւաբանական գործունէութեան ընթացքում ի՞նչ նախադէպեր են եղել, որոնք կարող են տեղեկատուական լինել մեր ընթերցողների համար:
ԳԵՐԻ ԴԱԳԼԵԱՆ.- Մեր շահած դատերից պատմեմ «Փանդա» ռեստորանի դէմ հայցի մասին: Դիմել էր գործաւոր, ով որոշակի բողոքներ ունէր: Ուսումնասիրելով նրա գործը, շուտով բացայայտեցի մէկ այլ խնդիր: Խօսքը՝ այդ ռեստորանի կողմից գործաւորի համար պարտադիր պահանջուող համազգեստի մասին էր: Սովորաբար, կազմակերպութիւնը կամ ընկերութիւնը պահանջում է, որ բոլոր գործաւորները կրեն միանման համազգեստ, օրինակ տարբերանշանով, եւ դրա գումարը գանձւում է գործաւորի աշխատավարձից: «Փանդա»ն պահանջում էր, որ գործաւորը հագնի յատուկ կօշիկներ եւ գանձուող գումարի չափը, պարզուեց օրէնքի խախտումով էր եղել: Դատական գործը տեւեց չորս տարի, եւ մենք կարողացանք «Փանդա»ից ստանալ 16 հազար գործաւորից անօրինական գանձուած գումարներ՝ ընդհանուր 2.5 միլիոն դոլարի չափով:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Իսկ ինչպիսի՞ ապահովագրութեամբ էք զբաղւում։
ԳԵՐԻ ԴԱԳԼԵԱՆ.- Մենք զբաղւում ենք երկու տեսակի ապահովագրութեամբ՝ վնասուած անհատների եւ սեփականութեան: Նշեմ, օրինակ՝ շների յարձակումներից տուժածների մասին, որոնց թիւը տարեկան հասնում է 1000ի, որից երեսունը՝ ճակատագրական ելք է ունենում: Շների յարձակումների ենթարկուածների համար՝ մասնաւորապէս երեխաների, այդ միջադէպերը անդառնալի հոգեկան եւ ֆիզիքական հետեւանքներ կարող է ունենալ: Դագլեան իրաւաբանական խումբը մասնագիտացած է տուժածներին վնասի դիմաց առաւելագոյն փոխհատուցում տրամադրելու հարցում՝ ներառեալ արդիւնաւէտ բժշկական օգնութիւնը, աշխատանքից բացակայութեան դէպքում՝ աշխատավարձի վճարումը: Կ՛ուզէի անդրադառնալ նաեւ ինքնաշարժերի վթարների դէպքերին՝ խորհուրդ տալով, որ վթարի ենթարկուած անձը երբեք ցուցմունք չտայ ապահովագրական ընկերութեանը մինչեւ չխօսի իրաւաբանի հետ: Շատ յաճախ մարդիկ ցուցմունք են տալիս, որը ձայնագրւում է եւ յետոյ են դիմում մեզ: Այս դէպքում դժուարանում է նրանց օգնելու հարցը: Որքան էլ փորձառու իրաւաբան լինի՝ կան բաներ, որ անդառնալի են: Եթէ նոյնիսկ ձեր մեղքով է վթարը եղել՝ մի ստանձնէք մեղքը, որովհետեւ շատ են դէպքերը, երբ աւելի ուշ պարզւում է, որ իրեն մեղաւոր համարող անձն, իրականում ոչ մի մեղք չունի:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Երբեմն թւում է, որ իւրաքանչիւրը կարող է գտնել խնդրի պատասխան: Ինչո՞ւ է անհրաժեշտ դիմել փաստաբանի:
ԳԵՐԻ ԴԱԳԼԵԱՆ.- Իւրաքանչիւր առանձին ոլորտի փաստաբան կարող է այնպիսի մի խորհուրդ տալ, լուծում առաջարկել, որ շրջադարձօրէն կը փոխի իրավիճակը: Մեր խորհրդատուութիւններն անվճար են, եւ իւրաքանչիւր մեզ դիմողի տրամադրում ենք կէս ժամից մինչեւ մէկ ժամ: Յաճախ նոյնիսկ հեռախօսով ենք խորհուրդներ տալիս ոչ յաճախորդների: Դատական գործընթացը միշտ չէ, որ լուծւում է, եւ եթէ մեզ դիմում են աւելի վաղ փուլում, փորձում ենք հարցը կարգաւորել մինչեւ դատարանին դիմելը: Սակայն, եթէ անհրաժեշտ է, մենք պատրաստ ենք լաւագոյնս ներկայացնելու մեզ դիմողների շահերը Կալիֆորնիայի բոլոր դատարաններում: Մեր ծառայութիւնների դիմաց հիմնականում գումար չենք գանձում, այլ՝ տոկոսով ենք աշխատում:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ո՞րն է ձեր յաջողութեան գրաւականը:
ԳԵՐԻ ԴԱԳԼԵԱՆ.- Իւրաքանչիւր յաճախորդի նկատմամբ յարգալից եւ շատ պատասխանատու վերաբերմունքը. ես պատասխանում եմ իւրաքանչիւր հեռախօսազանգի, եւ եթէ նոյնիսկ չի ստացւում այդ պահին պատասխանել՝ առաջին յարմար առիթի դէպքում վերադարձնում եմ զանգը:
Չնայած իր յագեցած օրակարգին Գերի Դագլեանը ժամանակ է գտնում աջակցելու նաեւ հայ համայնքին: Ռոզ եւ Ալեք Փիլիպոս Ազգային վարժարանի սաները համանահանգային դպրոցական Մոք Թրայըլ (MOCK TRIAL) կոչուող մրցոյթում մշտապէս բարձր արդիւնքներ են ցոյց տալիս, ինչը հետեւանք է նաեւ նուիրուած փաստաբանի ջանքերին:
Տեղեկանք. Գերի Դագլեանի մասնագիտական որակների մասին բարձր են արտայայտւում նրա գործընկերները՝ ընդգծելով երիտասարդ փաստաբանի հեղինակութիւնը իրաւաբանական աշխարհում: Դագլեանը CAALA (Consumer Attorneys Association of Los Angeles), CELA (California Employment Lawyers Association) ամերիկեան իրաւաբանական կազմակերպութիւնների եւ Հայ Իրաւաբանների միութեան անդամ է: