Պատրաստեց՝ ԱՆԺԵԼԱ ԿԺԴՐԵԱՆ
Մեդիամաքսը «Հայ գերդաստաններ» նախագծի շրջանակներում այս անգամ անդրադարձել է Պետրոսեան գերդաստանին. 1920թ. հայազգի երկու եղբայրները՝ Մելքոմ եւ Մուշեղ Պետրոսեաններն առաջին անգամ Ֆրանսիային ներկայացրին խաւիարը՝ հիմնելով մի ընկերութիւն, որը ցայսօր ռուսական խաւիարի ամենախոշոր ներկայացուցիչներից է աշխարհում:
Մելքոմը եւ Մուշեղը, ծնուելով Կասպից ծոցի աւազանի իրանական հատուածում, շուտով ընտանիքի հետ տեղափոխւում են ռուսական տիրապետութեան տակ գտնուող շրջանը: 1915թ. Հայոց Ցեղասպանութիւնից եւ 1917թ. Հոկտեմբերեան յեղափոխութիւնից յետոյ Պետրոսեան եղբայրները, ի թիւս ռուսական նախկին կայսրութեան շատ հպատակների, հաստատւում են Եւրոպայում, մասնաւորապէս՝ Փարիզում:
Ռուսական կայսրութեան տարագիրները շուտով Եւրոպայում սկսում են ներկայացնել ռուսական մշակոյթը՝ բալետը, Ստրաւինսկու երաժշտութիւնը եւ այլն, սակայն ռուսական խոհանոցի կարեւոր բաղադրիչներից մէկը՝ խաւիարը, ներկայացուած չէր եւրոպական շուկայում. հենց այս հանգամանքից էլ օգտուեցին Պետրոսեան եղբայրները:
«Խաւիար» բառի ծագումն առ այսօր վիճելի է: Որոշ մասնագէտներ կարծում են, որ այն յունական բառ է, որոշները այն թուրքական են համարում: Գոյութիւն ունի նաեւ «խաւիար» բառի պարսկական ծագման վարկածը:
19րդ դարում խաւիարը մատուցում էին ԱՄՆի փաբերում, յոյս ունենալով, որ դրա աղիութիւնը յաճախորդների մօտ ծարաւ կ՛առաջացնի: Ինչ վերաբերում է Եւրոպային, ապա այստեղ խաւիարը ներկայացնելու առաջամարտիկի պատիւը տրուած է Պետրոսեան ընտանիքի անդամներին, ովքեր դիմելով Ֆրանսիայում հաւատարմագրուած սովետական դեսպաններին՝ խնդրում են ռուսական խաւիար վաճառել իրենց, ինչին դիւանագէտները համաձայնութիւն են տալիս:
Սկզբնական շրջանում աղի խաւիարը դուր չէր գալիս ֆրանսիացիների քիմքին, եւ Պետրոսեանների խանութի հիմնական գնորդները ռուս էմիգրանտներն էին: Սակայն շուտով սառոյցը կոտրուեց, եւ խաւիարը դարձաւ ֆրանսիական բարձրաշխարհիկ հասարակութեան սիրելի կերակրատեսակներից մէկը:
ՊԵՏՐՈՍԵԱՆ
ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆՆ ԱՅՍՕՐ
Այսօր Պետրոսեան ընտանիքը շարունակում է ոչ միայն Ֆրանսիայում, այլեւ աշխարհի տարբեր ծայրերում ներկայացնել ռուսական խաւիարը՝ հայկական անուանում կրող ապրանքանիշով: Ընկերութիւնն այժմ ներկայանում է քաղցրաւենիքի եւ ծովամթերքի լայն տեսականիով, ինչպէս նաեւ բազմաթիւ ռեստորաններով, որտեղ կարելի է համտեսել այդ հիանալի մթերքները: Ընկերութեան այժմեան ղեկավարի՝ Արմէն Պետրոսեանի խօսքերով, խաւիարի մատուցումը մշակոյթ է՝ համի մշակոյթ: Իսկ 21րդ դարում նոր տեխնոլոգիաների զարգացման շնորհիւ խաւիարի նոր պահանջարկ է ձեւաւորուել, եւ սպառողներն աւելի լայն հնարաւորութիւն ունեն ծանօթանալու ընկերութեան արտադրած մթերքներին: Հարկ է նշել, որ Պետրոսեան ապրանքանիշը բարձր որակի երաշխիք է հանդիսանում ողջ աշխարհում:
ՊԵՏՐՈՍԵԱՆՆԵՐՆ
ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ
2006թ. Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի Հայաստան կատարած այցի ընթացքում նրան ուղեկցում էին բազմաթիւ գործարարներ, ֆրանսահայ համայնքի անդամներ, այդ թւում նաեւ Արմէն Պետրոսեանը: Վերջինս նշում է, որ Պետրոսեանները դեռ խորհրդային տարիներին մշտապէս ձգտել են օգտակար լինել պատմական հայրենիքին, սակայն, չցանկանալով ներգրաւուել քաղաքականութեան մէջ, դա չեն արել հրապարակայնօրէն: Պետրոսեանն աւելացնում է, որ, չնայած այն հանգամանքին, որ ծնուել եւ մեծացել է Ֆրանսիայում, դա չի կարող ստիպել իրեն մոռանալ արմատների մասին:
լուրը առնուած է http://www.mediamax.am/am/news/hay-gerdastanner/10792/ էն