
ԵՐԵՒԱՆ, «Նիուզ».– Հայաստանի 2013 թուականի պետական պիւտճէի եկամուտները կազմած են 1 եռիլիոն 71,4 միլիառ դրամ կամ նախատեսուածի 99.8 տոկոսը (մօտ 2,6 միլիառ տոլար): Ազգային ժողովի 10 Յունիսի նիստին այս մասին յայտարարած է ելեւմուտքի փոխնախարար եւ գլխաւոր գանձապետ Ատոմ Ջանջուղազեանը՝ ներկայացնելով 2013ի պիւտճէի կատարողականը:
«Հաշուի առնելով կառավարութեան լիազօրութիւնների շրջանակներում կատարուած միւս փոփոխութիւնները՝ Հայաստանի պետական բիւջէի եկամուտների ծրագիրն աւելացուել է շուրջ 41 միլիառ դրամով (4 տոկոսով) եւ կազմած 1073.8 միլիառ դրամ, որից 1053.8 միլիառ դրամը՝ սեփական եկամուտների, 20.0 միլիառ դրամը՝ պաշտօնական դրամաշնորհների գծով: 2013 թուականի փաստացի եկամուտները կազմել են շուրջ 1071.4 միլիառ դրամ՝ նախորդ տարուայ ցուցանիշը գերազանցելով 125.2 միլիառ դրամով կամ 13.2 տոկոսով, իսկ ծրագրային ցուցանիշը կատարուել է 99.8 տոկոսով», դիտել տուած է ան:
Գլխաւոր գանձապետին համաձայն՝ հարկային եկամուտներու եւ պետական տուրքերու տարեկան ծրագիրը կատարուած է 100 տոկոսով, այլ եկամուտներ 8.2 տոկոսով գերազանցած են ճշդուած ծրագրային ցուցանիշը, իսկ պաշտօնական դրամաշնորհներու կատարողականը կազմած է 66.2 տոկոս կամ կանխատեսուածէն նուազ ստացուած է 6.8 միլիառ դրամով:
«Պետական հիմնարկների արտաբիւջետային եկամուտները կազմել են շուրջ 31.2 միլիառ դրամ կամ նախատեսուածի 98.5 տոկոսը: Առանց արտաբիւջետային միջոցների՝ պետական բիւջէի եկամուտները կազմել են 1040.2 միլիառ դրամ՝ ապահովելով 99.8 տոկոս կատարողական: Հարկային եկամուտների եւ պետական տուրքերի կատարողականը առանց արտաբիւջետային միջոցների կազմել է 100 տոկոս, այլ եկամուտները ճշտուած ծրագրային ցուցանիշը գերազանցել են 19.9 տոկոսով, իսկ պաշտօնական դրամաշնորհների կատարողականը կազմել է 60.9 տոկոս:
Հաշուետու տարում ՀՆԱի նկատմամբ պետական բիւջէի եկամուտների յարաբերակցութիւնը կազմել է 25.11 տոկոս, որը 1.44 տոկոսային կէտով գերազանցել է նախորդ տարուայ ցուցանիշը եւ 2.35 տոկոսային կէտով՝ կանխատեսուած ցուցանիշը:
2012 թուականի համեմատ պետական բիւջէի եկամուտների 13.2 տոկոսով աճը գերազանցապէս պայմանաւորուած է հարկային եկամուտների 13.9 տոկոսով կամ 119.1 միլիառ դրամ աճով: Նախորդ տարուայ համեմատ աճ է արձանագրուել նաեւ միւս եկամտատեսակների գծով, մասնաւորապէս՝ այլ եկամուտներն աճել են 16.3 տոկոսով (8 միլիառ դրամով), պետական տուրքերը՝ 14.5 տոկոսով (3.5 միլիառ դրամով): Միեւնոյն ժամանակ պաշտօնական դրամաշնորհները նուազել են 28.9 տոկոսով (5.4 միլիառ դրամով)», յայտնած է Ջանջուղազեանը: