
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Աշխարհահռչակ դաշնակահար եւ ջազմեն Տիգրան Համասեանն Ապրիլի 22ին Լոս Անջելեսում հանդէս կը գայ նոր ստեղծագործութիւններով, որոնք տեղ են գտել նրա վերջերս թողարկուած «Shadow Theatre» ձայնասկաւառակում: Տիգրան Համասեանի խօսքով, ոճային առումով նոր ալբոմում տեղ գտած գործերը զուտ ջազային չեն, կան իմպրովիզացիաներ (յանկարծաստեղծումներ-Խմբ.)՝ լի հայկական ժողովրդական երաժշտութեան տարրերով: Երիտասարդ տաղանդաւոր արուեստագէտը չի սահմանափակւում երաժշտական մէկ ոճում եւ մշտապէս փորձարկումներ է կատարում՝ միախառնելով տարբեր ոճեր՝ բիբոպ, թրեշ մետալ, դասական եւ աւանգարդ, սակայն բազմիցս խոստովանել է, որ հոգում ժողովրդական երաժշտութիւնն է: «Տարբեր ժանրեր են նպաստել ոճիս ձեւաւորմանը: Ջազն ինձ համար իմպրովիզներ կատարելու գործիք է, իսկ բառապաշարս հայկական ժողովրդական երաժշտութիւնն է, որի ուսումնասիրմամբ կը զբաղուեմ ողջ կեանքում»:
Տիգրան Համասեանը ծնուել է Հայաստանում, 1987 թուականին եւ 2003թ.ին ընտանիքով տեղափոխուել է Միացեալ Նահանգներ: Նա դաշնամուր սկսել է նուագել 3 տարեկանից, իսկ 13ից՝ սկսել է հանդէս գալ միջազգային փառատօներում: Տիգրանը յաղթել է բազմաթիւ հեղինակաւոր մրցոյթներում, այդ թւում՝ 2006թ.ին Հերբի Հանքոքի ղեկավարութեամբ անցկացուած «Թելոնիուս Մոնք» (Thelonious Monk) յայտնի դաշնամուրային մրցոյթում: Դրան հետեւեցին ընդունելութիւնն ու համերգը Սպիտակ տանը, որտեղ մրցոյթի յաղթողին եւ մասնակիցներին պատուեցին ԱՄՆի նախագահ Ջորջ Բուշը:
Տիգրան Համասեանի արուեստին ու տաղանդին անդրադարձել են բազմաթիւ յայտնի արուեստագէտներ ու պարբերականներ. «Հիանալի է, Տիգրան, այժմ դու ես իմ ուսուցիչը», Օռելանի ջազ փառատօնի ժամանակ բեմից յայտարարել է հանրայայտ Հանքոքը: «Հասուն, զօրեղ, խորը արուեստագէտ», Տիգրանի մասին ասել է Չիք Կորէան:
Մեր տաղանդաւոր հայրենակիցը Ապրիլի 22ին, երեկոյեան ժամը 8ին հանդէս կը գայ «Ալեքս» թատրոնում իր նուագախմբի հետ միասին. մենակատար՝ Արենի Աղբաբեան, բաս՝ Սեմ Մինայի, հարուածային գործիքներ՝ Արթուր Հնաթէք: Համերգից առաջացած հասոյթի մի մասը տրամադրուելու է Սիրահայերի ֆոնդին: Տոմսեր կարելի է ձեռք բերել «Ալեքս» թատրոնից կամ այլեցել itsmyseat.com կայք: