


ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ
Ստորեւ ներկայացնում ենք 2013 թուականին Երեւանում հրատարակուած երեք գրքեր.
1.- ՇԱՀԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ.- «Հայաստանի եւ Սիրիայի Վաղքրիստոնէական Ճարտարապետութեան Առնչութիւնները», անգլերէն, Հայաստանի Հանրապետութեան Գիտութիւնների ազգային ակադեմիայի Արուեստի ինստիտուտի «Գիտութիւն» հրատարակչութիւն, Երեւան, 2013:
Հալէպ, 4 Յունուար 1999 թուակիր նամակով դիմում էինք Լիզպոնի «Գ. Կիւլպէնկեան» հիմնադրամի հայկական ծառայութեան վարչութեան տնօրէն դոկտ. Զաւէն Եկաւեանին. «Դիմում եմ ձեզ մի հարցով, որ դուրս է գալիս անձնական սահմաններից եւ վերածւում է ազգային հարցի. տպագրութեան է կարօտ վաղամեռիկ Շահէ Տէր Գէորգեանի գիտական աշխատանքը»: Իսկ մինչ այդ, Երեւանից ստացուել էր պրոֆ. Մուրատ Հասրաթեանի պատասխանը՝ գրքի խմբագրութեան համար. «Ես վստահեցնում եմ, որ այս գործը կը կատարեմ: Դա ոչ միայն Շահէի յիշատակին համար է, այլ նաեւ հայ մշակոյթի՝ արուեստի ու ճարտարապետութեան: Աշխարհում առաջինը քրիստոնէութիւնն ընդունած երկիրը իր եկեղեցական ճարտարապետութիւնն ստեղծել ու զարգացրել է ինքնուրոյն, որ, ցաւօք, չեն ընդունում ոչ միայն արեւմտեան շատ գիտնականներ, այլ նաեւ որոշ հայաստանեաններ: Ես վստահ եմ, որ Շահէի աշխատանքը հայոց դարձի 1700ամեակին կը լինի չափազանց յարիր եւ օգտակար նուէր»:
«Կիւլպէնկեան» հիմնարկութեան պայմանն էր. «Եթէ Հայաստանի Հանրապետութեան Գիտութիւնների ազգային ակադեմիայի Արուեստի ինստիտուտի տնօրէնը մեզ դիմի խնդրանքով, ըստ որի՝ նշուած մենագրութիւնը կարող է հրատարակուել իրենց հովանաւորութեամբ, ապա մեր մօտեցումը կարող է դրական լինել»: (27 Յունուար 1999. Լիզպոն):
Եւ սա եղաւ առաջին դէպքը, որ ոչ իր աշխատակցի գործին, այն էլ՝ արտասահմանցու, ակադեմիան տուեց իր անունը:
ՀՀ ԳԱԱ արուեստի ինստիտուտի տնօրէն ակադեմիկոս Լ. Հախվերդեանը պատասխանում էր «Կիւլպէնկեան» հիմնարկութեանը. «Յարգելի պրն. Եկաւեան, Հայաստանի Գիտութիւնների ակադեմիայի Արուեստի ինստիտուտը խնդրում է ձեր գլխաւորած հաստատութեան օժանդակութիւնը՝ տպագրելու հալէպահայ ճարտարապետ Շահէ Տէր Գէորգեանի «Հայաստանի եւ Սիրիայի վաղքրիստոնէական ճարտարապետութեան առնչութիւնները» ուսումնասիրութիւնը, որը նա գրել է ՀՀ Գիտութիւնների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆ. Վարազդատ Յարութիւնեանի գիտական ղեկավարութեամբ: Հեղինակն արուեստաբաններից միակն է, որը մանրակրկիտ հետազօտել է ինչպէս սիրիական, այնպէս էլ հայկական վաղ միջնադարի յուշարձանները եւ յանգել ուշագրաւ եզրակացութիւնների: Անտարակոյս, այս աշխատութիւնը կարեւոր ներդրում է հայ ճարտարապետութեան գիտական ուսումնասիրութեան բնագաւառում: Գիրքը խմբագրել է ՀՀ ԳԱԱ Արուեստի ինստիտուտի ճարտարապետութեան բաժնի վարիչ, ճարտարապետութեան դոկտոր, պրոֆ. Մուրատ Հասրաթեանը: Մեր ինստիտուտը համաձայն է, որ աշխատանքը լոյս տեսնի ՀՀ ԳԱԱ Արուեստի ինստիտուտի անունով:
Եւ գիրքը լոյս տեսաւ 2000 թուին, Երեւանում (284 էջ, ներառեալ՝ 102 լուսանկարներ): Հալէպում, 2002 թուին, տպագրուեց գրքի արաբերէն թարգմանութիւնը (թարգմանիչ՝ Հալէպի արաբական հնագիտական ընկերութեան անդամ, ակնաբոյժ Ալեքսան Քէշիշեան):
Սոյն աշխատութեան անգլերէն թարգմանութիւնը՝ «On The Relevancies of the Early Christian Architecture of Armenia and Syria», տպագրուեց 2013ին: Անգլերէն թարգմանութեանը մասնակցել են Մատենադարանի աշխատակից Աիդա Չարքչեանը, ճարտ. գիտ. դոկտ. պրոֆ. Դաւիթ Քերթմենջեանը (Երեւան), ճարտարագէտ æերալդ Աքշեհիրլեանը եւ ճարտ. գիտ. թեկնածու Վարուժան Աքշեհիրլեանը (ԱՄՆ): Սոյն տպագրութիւնը ղեկավարել է պրոֆ. Մուրատ Հասրաթեանը:
Գիրքը նուիրուած է Հայաստանի եւ Սիրիայի IV-VII դդ. եկեղեցիների ճարտարապետութեան համեմատական վերլուծութեանը: Հիմնաւորւում է այն տեսակէտը, թէ վաղ միջնադարում հայ ճարտարապետութիւնը ձեւաւորուել ու զարգացել է ինքնորոյն, եւ ասորական շինարարական արուեստի որոշ տարրերի առկայութիւնը Հայաստանի առանձին եկեղեցիներում ազդեցութիւն չի ունեցել հայ ազգային ճարտարապետական դպրոցի ստեղծման գործընթացի վրայ:
Ընդհանուր եզրակացութիւններում կայ մի կարեւոր կէտ. «Սիրիական վաղքրիստոնէական ճարտարապետութիւնը, ինչպէս հայկականը, ինքնորոյն եւ առանձին ստեղծագործական դպրոց է. անհիմն է այն ներկայացնել որպէս բիւզանդական ճարտարապետութեան մի ճիւղ: Այն ե՛ւս ստեղծուել է իր տեղական աւանդների հիման վրայ, կազմաւորուել արդէն մինչեւ բիւզանդական պետութեան ստեղծուելը եւ իր անվիճելի ստեղծագործական նուաճումներով մեծ աւանդ ունի ողջ քրիստոնէական ճարտարապետութեան ձեւաւորման եւ զարգացման գործում»: Այս տողերը հեղինակի նուէրն են սիրիական հայրենիքին՝ նրա նախաիսլամական շրջանի արուեստը բացայայտող:
Աշխատանքը՝ իր եռալեզու (հայերէն, արաբերէն, անգլերէն) հրատարակութիւններով, դարձաւ Հայաստանի եւ Սիրիայի ժողովուրդների բարեկամութեան շրջուն յուշարձանը՝ թէ՛ բովանդակութեամբ եւ թէ աշխարհին ներկայացուելու գիտական մակարդակով:
Շնորհակալութի՛ւն հանգուցեալ հեղինակին ու նրա գործի միջոցով միմեանց հետ՝ հազարաւոր մղոններ իրարից հեռու աշխատակցող սիրիացի, հայաստանցի, փորթուգալացի, ամերիկահայ մեր բոլոր բարեկամներին:
2.- ԱՐԹՈՒՐ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ.- «Շարական Խազագրեալ», խազերից վերծանուած միջնադարեան տասներկու շարական եւ նոյն շարականների բանաւոր պահպանուած օրինակները (խմբագրութիւն եւ անգլերէն թարգմանութիւն՝ Վաչէ Պարսումեան): Երաժշտական մենագրութիւն, ներդիր ձայնասկաւառակ (Հայաստանի Պետական կամերային երգչախումբ, գեղ. ղեկավար եւ դիրիժոր՝ Ռոբերտ Մլքէյեան), նոտագիրք, Նարեկացի արուեստի միութիւն, Երեւան, 2013, 144 էջ:
Արդէն իսկ 17-18րդ դդ. անընթեռնելի է համարուել 8րդ դարից ի վեր կիրառուող հայ միջնադարեան հոգեւոր երաժշտութեան գրանցման՝ խազագրութեան համակարգը: Տասնամեակներ շարունակ կորած են համարուել նաեւ Կոմիտասի խազաբանական ուսումնասիրութիւնները՝ խազերի վերծանման բանալին:
1987թ. Չարենցի անուան գրականութեան ինստիտուտում Կոմիտասի խազաբանական ձեռագրերը յայտնաբերելով՝ երաժշտագէտ, կոմպոզիտոր Ա. Շահնազարեանը կատարել է գիտական ծաւալուն ուսումնասիրութիւն եւ էապէս զարգացնելով խազագիտութիւնը՝ ի վերջոյ ներկայացրել է պարզ խազերի վերծանութիւնները:
Տրուած է 12 շարականի վերծանութիւն եւ, համեմատութեան համար, նոյն շարականների բանաւոր պահպանուած օրինակներն՝ ըստ Ն. Թաշչեանի 19րդ դ. գրանցման: Շարականների խազաւոր վերծանուած բնօրինակներն ու բանաւոր պահպանուած օրինակները ներկայացուած են ժամանակակից նոտագրմամբ եւ հնչում են ներամփոփ ձայնագրութեան մէջ:
Հրատարակութեան խմբագիր Վաչէ Պարսումեանը գրում է. «Քո արածը մի սուրբ գործ է, սիրելի՛ Արթուր: Խոնարհւում եմ աշխատանքիդ առա՛ջ եւ շնորհաւորում եմ ամենայն անկեղծութեամբ Կոմիտասի հանդէպ ունեցած քո պաշտամունքի եւ հին խազերի վերծանութեան իր մեծ գործը անյայտութիւնից եւ մոռացումից փրկելու աննկուն կամքիդ համար»:
(Գրութիւնը վերցուած է վերոյիշեալ հրատարակութեան նախաբանից):
3.- ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐԵԱՆ.- «Խմբերգեր», 176 էջ, նոտաներ, հրատարակուած է պետական պատուէրով, հրատարակիչ «Ամրոց Գրուպ» ՍՊԸ, «Տիգրան Մեծ» հրատարակչութեան տպարան, Երեւան, 2013:
Ժողովածուում ընդգրկուած են հետեւեալ գործերը.
«Ars Poetica».- մեծածաւալ բազմամաս երկ՝ Ե. Չարենցի բանաստեղծութիւններով, նուիրել է կնոջը՝ Նոնային.
«Գարնան Երգեր».- վեց մասով շարք Յովհ. Թումանեանի բանաստեղծութիւններով, նուիրուած Վաչէ Պարսումեանին.
«Վեց Խմբերգ».- գրուած Աւ. Իսահակեանի խօսքերով.
«Երեք Ասացուած».- Կոստան Զարեանի գրութեան հիման վրայ.
«Ես Իմ Անուշ Հայաստանի»,- (Ե. Չարենց), որ ներկայացուել էր որպէս ՀՀ Օրհներգի առաջարկ-տարբերակ:
Ժողովածուն տեսնելուց առաջ հանդիպել էինք Տիգրան Մանսուրեանին, ու նա յաւելեց տեղեկութիւններ այս հրատարակութեան հետ կապուած:
Գործը տպագրուած է Հայաստանի մշակոյթի նախարարութեան աջակցութեամբ, եւ իր մէջ ամփոփում է հեղինակի խմբերգային յօրինումների ընտրանին. սրանք այն գործերն են, որ առաւելաբար ուշադրութիւն են գրաւել եւ յաճախ հնչել են հայ եւ օտարազգի երգչախմբերի համերգների ժամանակ: Այս շարքում՝ Եղիշէ Չարենցի 10 բանաստեղծութիւնների հիման վրայ գրուած «Արուեստ Քերթութեան» երգչախմբային կատարման ձայնագրութիւնը թողարկել է գերմանական նշանաւոր «ECM» ընկերութիւնը:
Հարկ է ասել, որ ժողովածուում հրատարակուած գործերի առաւել մասը ունեցել է իր առաջին հրատարակութիւնը, մասնաւորաբար Չարենցեան «Արուեստ Քերթութեան»ը եւ Յովհ. Թումանեանի «Գարնան Երգեր» շարքը առաջին անգամ հրատարակուել են «Դրազարկ» հրատարակութեան կողմից, Վաչէ Պարսումեանի նախաձեռնութեամբ (ԱՄՆ):
Աւելացնենք սակայն, որ հեղինակի պնդմամբ, այս հրատարակութեան մէջ նախորդ հրատարակութիւնների մէջ տեղ գտած որոշ գործեր վերանայուած են, երբեմն՝ աննշան եւ երբեմն առաւել չափով: Հրատարակուած գործերի մեծ մասը ծանօթ է երգչախմբային երաժշտութեամբ հետաքրքրուողներին, լինեն դրանք ունկնդիր կամ խմբավար: Այս գործերը յաճախ նաեւ խմբավարութիւն ուսանող երաժիշտների ուսումնասիրութեան նիւթ են դարձել:
Ժողովրդին ներկայացուող գործերը գրուել են տարբեր տարիների. ամենավաղ շրջանի գործը՝ Կոստան Զարեանի բանաստեղծութիւններով գրուած «Երեք Ասացուած» շարքը, ստեղծուել է 1969 թուականին (նուիրուած է Կոմիտասի ծննդեան 100ամեակին): Իսկ Աւ. Իսահակեանի բանաստեղծութիւններով 6 խմբերգերի շարքը գրուած է համեմատաբար վերջերս:
Ժողովածուի նախաբանում երա-ժշտագէտ, կոմպոզիտոր, դաշնակահար Արթուր Աւանեսովը գրում է. «…Մեր առջեւ է ժամանակակից հայ երաժշտութեան կարեւորագոյն հեղինակի՝ Տիգրան Մանսուրեանի, խմբերգերի ժողովածուն… կոմպոզիտորը կարծես երկխօսութեան մէջ է մտնում մի կողմից հայ ժողովրդի դարերով հաւաքած երաժշտական աւանդոյթի, իսկ միւս կողմից՝ XX դարի հայ պօէզիայի հետ՝ մեկնաբանելով եւ է՛լ աւելի երգեցիկ դարձնելով այն…»:
Ժողովածուն տպագրուած է հրատարակչական մշակոյթի բարձր պահանջները բաւարարող հոգածութեամբ եւ որակով: