
Սեւան Նշանեանի համբաւի մասին առաջին անգամ դպրոցական եղած ժամանակ էի լսել: Ռոբերտի աննման զաւակն էր: Այդ իսկ պատճառով, դեռ դպրոցը չաւարտած, կրթաթոշակով հրաւիրուել էր Միացեալ Նահանգների ամենայայտնի համալսարանների կողմից: Յետագայում ռազմական բնագաւառում հետազօտութիւններ էր արել, եւ ի հարկէ, անհաւատալի կը լինէր, որ իրենից բացի մէկ ուրիշը Կարլ Մարքսի «Grundrisse» աշխատութիւնը թարգմանէր: Հրանդի նման՝ նրան էլ ստիպեցին երկիրը լքել:
Ո՞վ՝ ո՞ւմ՝ ո՞ւմ տնից է վռն-դում: Իսկ միւս կողմից, «չոր գլուխները» շարունակում են նոյն մտածելակերպը՝ ցանկանալով ասել. «Դուք ինչպէ՞ս կարող էք վերադառնալ մեր՝ մանրէներից մաքրազերծուած հողերը»: Ասում են՝ «Դու ինչպէ՞ս կարող ես Շիրինջէն լաւը դարձնել, գեղեցկացնել»: Դրա վրէժն են լուծում: «Ապօրինի շինութի՞ւն», մի՛ ծիծաղեցրէք: Դու գնա ծովն ապօրինի առանձնատներով այլանդակութեան վերածիր, Չամլըջայում անճաշակ մզկիթ կառուցիր՝ իբր փարաւոնների նման պատմութեան մէջ հետք թողնելու համար, Ուռլայի պատմական վայրերում նորահարուստ «փողի հայրիկ օլիգարխների» համար ապօրինի առանձնատներ կառուցիր, իսկ յատուկենտ մտաւորականներից Սեւան Նշանեանին մէկ բանտից այլ բանտ տեղափոխիր: Այս գործընթացը սկսող ազգայնամոլներին «համակիր» եղող նահանգապետը, բիւրոկրատներն ու ժանդարմերիան հիմա պէտք է որ ուրախ լինեն:
Իմ հայրն էլ էր նահանգապետ, եւ ես միշտ հպարտ եմ եղել նրա արած գործերով: Ի՜նչ օրի է ընկել նահանգապետը, ո՜ւմ ձեռքերում է, Աստուած իմ: Այն երկրում, որտեղ արհաւիրքի պատրուակ է 1999 թուականի երկրաշարժը, ու մի կեղծ կապալառուի են դատում՝ որպէս զոհ, էլ ումի՞ց ես պատասխան ուզում, է՜յ, Թուրքիայի բախտաւոր արդարադատութիւն, դատարանի՞ց: Առաջին բանտարկութեան ժամանակ Մարդու իրաւունքների ասոցիացիան Սեւան Նշանեանին խօսքի ազատութեան մրցանակ էր շնորհել: Երբեք չեմ մոռանայ նրա՝ դպրոցական ընկերների հետ այդ առթիւ ունեցած ընթրիքը: Այդ զրոյցի խորութիւնը, կեանքի լիարժէքութիւնն ու հումորը… Այս երկրի կառավարիչները մեզ՝ երկրակիցներիս, «ամաչեցնելուց» բացի, ուրիշ բան չե՞ն կարող անել, Աստծոյ սիրոյն:
Բանտում յայտնուելուց առաջ քո հանդէպ այդքան նողկալի վերաբերմունքի համար ես, որպէս Թուրքիայի հանրապետութեան քաղաքացի, ամաչում եմ: Եւ ասում եմ՝ անիծուէն նրանք, ովքեր մեր սեփական երկրից զզուելու դրութեան մէջ մեզ թողել են դէմ առ դէմ: Ափսոս, որ անէծքից բացի՝ ուրիշ ոչինչ չկայ ասելու: 1998թ. Գերմանիայում բնակուող Թուրքիայի քաղաքացիներից տասը հազար ստորագրութիւն հաւաքած եւ այն խորհրդարան ուղարկած՝ Ցեղասպանութեան ընդդիմախօսների ասոցիացիան Սեւան Նշանեանի շուրջ ստեղծուած իրավիճակի մասին մի յայտարարութիւն էր արել: Ցանկանում եմ դրանից մի հատուած ներկայացնել ձեզ.
«Պարզւում է՝ Թուրքիայի հանրապետութիւնը որոշել է ապացուցել «անհնազանդ» քաղաքացի, հայազգի Սեւան Նշանեանի «մեծութիւնը»: Որպէս ընդդիմադիր մտաւորական՝ Սեւան Նշանեանի կեանքի փիլիսոփայութիւնը եւ այլընտրանքային կեանքը, տարբեր թեմաների մասին տպագրուած մտքերը, սոցիալական կեանքի վերաբերեալ այլընտրանքային նախագծերը հակասում են այն երկրի պաշտօնական գաղափարախօսութեանը եւ հասարակական կեանքին, որտեղ ապրում է նա: Արդէն չենք էլ կարող ակնկալել, որ իսկական ընդդիմութեան գործիչները կամ անհատները այլ կեցուածք ցուցաբերեն: Կրօնի, պետութեան, հասարակութեան վրայ անսահմանափակ վերահսկողութիւնը որպէս գործիք օգտագործելու հայեցակարգը համարձակօրէն քննադատելը ոչ միայն պետութեանը, այլեւ իրենց ուժը պետութիւնից վերցնողներին լրջօրէն խանգարում է»:
Ի հակադրութիւն սրա՝ Սեւան Նշանեանի ընդդիմադիր մտքերը հասարակութեան զարգացման, դրա բաց, երիտասարդ եւ դինամիկ հատուածի համար կարեւոր դեր են խաղում: Այդ պատճառով այս խորքային պետութիւնն անյարմար է զգում Սեւան Նշանեանից: Չկայ այնպիսի մարմին, որին Սեւանը դիմած չլինի՝ Շիրինջէի բնութեան հետ համերաշխ, պատմական արժէքներին յարգալից վերաբերուող, տուրիզմի այլընտրանքային ընկալումը արտացոլող կրթական եւ մշակութային կեանքի նախագծերն իրականացնելու համար: Առանց բացառութեան՝ բոլոր դռները, առանց պատճառներ յայտնելու, փակուել են նրա դէմքին: Միաժամանակ, գիւղացիներին թոյլ չեն տուել Սեւան Նշանեանի օգնութեամբ պատմական տները վերանորոգել: Ստեղծած հոյակապ աշխատանքների համար պարգեւատրելու փոխարէն Սեւան Նշանեանի թէ՛ ունեցուածքը, թէ՛ աշխատանքները ձեռքից առել են:
1915 թուականի Ցեղասպանութիւնից ի վեր ոչնչացուող հայկական մշակութային արժէքների նման՝ փորձում են ոչնչացնել նաեւ Սեւան Նշանեանի աշխատանքները: Այս պատճառով էլ Սեւան Նշանեանի բոլոր աշխատանքները փլուզելու վերաբերեալ որոշումներ են կայացուել: Իրականում՝ Սեւան Նշանեանին «ապօրինի կառոյցների» պատրուակով բանտարկելը վկայում է այն մասին, որ 1915 թուականի Ցեղասպանութիւնն իրականացնող մտածելակերպը պահպանւում է: Գերմանիայում եւ աշխարհում հանրութեանը տեղեկացնելու նպատակով Ֆրանկֆուրտում մամլոյ ասուլիս ենք հրաւիրելու: Իսկ Ապրիլ 2ին՝ Չորեքշաբթի օրը, «Ազատութիւն Սեւան Նշանեանին» խորագրով հանդիպում ենք կազմակերպելու: Հանդիպման ընթացքում ելոյթ կ՛ունենայ նաեւ Սեւանի մտերիմ ընկեր, հետազօտող, գրող յարգելի Սայիթ Չեթինօղլուն: Բացի այդ՝ Սեւան Նշանեանի գլուխգործոցներից բաղկացած ցուցահանդէս է լինելու, եւ դրա եկամուտով համերաշխութեան համերգ է կազմակերպուելու:
ՍԵՒԱՆ ՆՇԱՆԵԱՆՆ ԱՆՄԵՂ Է, ԱՆՅԱՊԱ՜Ղ ՊԷՏՔ Է ԱԶԱՏ ԱՐՁԱԿՈՒԻ: ՍԵՒԱՆԻՆ՝ ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՒՈՒՆՔ, ՄՏՔԻ ԱԶԱՏՈՒԹԻՒՆ, ԱՆՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԱԶԱՏՈՒԹԻՒՆ:
ՌԱԳԸՓ ԶԱՐԱԳՕԵԼՈՒ
http://www.yerkir.am/am/news/63675.htm