Փետրուարի 18ին Գլենդելի քաղաքապետարանի խորհրդի նիստում քաղխորհրդի հինգ անդամներից երեքը կողմ քուէարկեցին արուեստագէտների համար նախատեսուած բնակելի շէնքի կառուցման նախագծին: Քաղաքի կենտրոնում՝ 121 Ն. Քենուուդ հասցէում նախատեսուած շինութիւնը, որ կազմուած է լինելու 70 բնակարանից, տրուելու է արուեստի ոլորտի ցածր եկամուտ ունեցող մարդկանց: Այս որոշմանը դէմ էին քաղխորհրդի անդամներ Զարեհ Սինանեանն ու Արա Նաջարեանը՝ նշելով, որ անարդար է նորակառոյցը տրամադրել միայն արուեստագէտների, այն դէպքում, երբ մատչելի բնակարանների կարիք ունեն Գլենդելի հազարաւոր տարեց բնակիչներ, եւ մօտ ապագայում մատչելի այլ կառոյցների ստեղծման հաւանականութիւնը շատ փոքր է:
«Այս նախագիծն ինքնին խնդ-րահարոյց է: Ներկայում, նահանգից եւ Դաշնային իշխանութիւններից մատչելի բնակարաններ կառուցելու նպատակով ֆինանսաւորումը խիստ նուազել է, մինչդեռ՝ Գլենդելում մեծ թիւ են կազմում մարդիկ, յատկապէս տարեցներ, ովքեր տնտեսական աջակցութեան կարիք ունեն: Այս դէպքում, 70 բնակարան տրամադրել իրաւական իմաստով դեռ չհիմնաւորուած «արուեստագէտ» բնորոշման ներքոյ հանդէս եկող մարդկանց՝ առնուազն անբարոյականութիւն է», յայտարարեց Գլենդելի քաղխորհրդի անդամ Զարեհ Սինանեանը: Նա նշեց, որ թէեւ երկու ձայնով հնարաւոր չեղաւ կասեցնել նախագիծը, նա շարունակելու է ընդդիմանալ այս նախագծին՝ իրականացման տարբեր փուլերում, որպէսզի այն փոփոխութիւնների ենթարկուի, եւ շէնքում բնակուելու իրաւունքից օգտուեն բոլորը: Արա Նաջարեանն էլ վրդովուած էր՝ նշելով, որ քաղաքացու մասին իսկապէս մտածող որեւէ ընտրուած պաշտօնեայ չի կարող հաստատել նման նախագիծ. «Ես պայքարելու եմ այս որոշման դէմ մինչեւ վերջ, փորձելու եմ եւս մէկ քուէ ապահովել, որպէսզի այս կառոյցը գոնէ յիսուն տոկոսով հասանելի դառնայ մատչելի բնակարանի կարիք ունեցող իւրաքանչիւր քաղաքացու համար: Նաեւ՝ կոնկրետ պէտք է սահմանուի, թէ ով է այս դէպքում համապատասխանելու «արուեստագէտ» բնորոշմանը»:
Քաղխորհրդի անդամ Լորա Ֆրիդմանի կարծիքով, օրինակ, բնորոշման ներքոյ կարող են յայտնուել ամենատարբեր ստեղծագործական անհատներ՝ դիմայարդարից մինչեւ ներկարար, նկարիչ ու դերասան: Հարկ է նկատել, որ քաղխորհրդի անդամների մեծամասնութեան որոշման վրայ չազդեց նաեւ նիստերի դահլիճում մեծամասնութիւն կազմող տարեցների առկայութիւնը, ովքեր եկել էին դէմ արտայայտուելու «Գլենդելի Արուեստի համայնք» կոչուող նախագծին: «Ես, տարիներ է, որ հերթագրուած եմ մատչելի բնակարան ձեռք բերելու համար, սակայն ոչ մի պատասխան չունեմ: Փոխարէնը, քաղաքապետարանը մեծ գումարներ է յատկացնում միայն արուեստագէտների համար շէնք կառուցելուն: Միակ յոյսս Սինանեանն ու Նաջարեանն են, ովքեր այսօր պայքարեցին եւ ապագայում կարող են փոխել իրավիճակը», նշեց Գլենդելի բնակիչ Ելենա Դաւթեանը:
Քաղխորհրդի նիստի ժամանակ հանրութեանը տրւում է արտայայտուելու հնարաւորութիւն, ինչից օգտուեց Հայ Դատի Գլենդելի յանձնախմբի ատենապետ Պերճ Կարապետեանը: «Հայ Դատի յանձնախումբը շատ մտահոգուած է, որ քաղաքապետարանը վեց միլիոն դոլար պիտի տրամադրի՝ կառուցելու մատչելի բնակարաններ ոչ թէ դրա կարիքն ամէնից շատ ունեցող Գլենդելի տարեցների, այլ արուեստագէտների համար, ովքեր մեծ հաւանականութիւն կայ, որ կը լինեն նաեւ այլ քաղաքներից: Սա այն դէպքում, երբ շուրջ երեք հազար հերթագրուած տարեց բնակիչներ տարիներ է, որ սպասում են բնակարանի: Մենք ակտիւ իրազեկման աշխատանքներ ենք անցկացնելու՝ աջակցելու մեր քաղխորհդրի անդամներին, որպէսզի նրանք կարողանան ի նպաստ գլենդելցիների՝ փոխեն այս նախագիծը», նշում է Պերճ Կարապետեանը:
Այս նախագիծը երկար քննարկումների առիթ է դարձել: Գլենդելի YMCA կազմակերպութիւնը, որին պատկանում է տարածքը, առաջարկել էր շինութիւն կառուցել տարեցների համար, սակայն քաղխորհուրդը մերժել էր այն եւ փոխարէնը՝ առաջադրել էր Արուեստագէտների շէնքի նախագիծ: Այս հինգ յարկանի կառոյցը «Մեթա Հաուզինգ Քորփորէյշն» ոչ շահութաբեր ընկերութեան եւ քաղաքապետարանի Բնակարանային կառավարման բաժանմունքի համատեղ ձեռնարկն է, որն իրականութիւն դարձնելու համար «Մեթա»ն ակնկալում է ստանալ քաղաքապետարանի բնակարանային վարկ՝ վեց միլիոն դոլարի սահմաններում եւ աւելի քան 20 միլիոն դոլար ստանալ նահանգից:
Զարեհ Սինանեանն ու Պերճ Կարապետեանը կարեւորում են համայնքի ակտիւութիւնը յատկապէս նման իրավիճակներում: Նրանք յորդորում են Գլենդելի հայ բնակիչներին առաւել ակտիւ լինել որոշումների կայացման գործընթացներում, ներկայանալ քաղխորհրդի նիստերին եւ պաշտպանել իրենց շահերը: «Այս որոշումը դեռ վերջը չէ, քանի որ նախագիծը դեռ մի շարք փուլերով պիտի անցնի: Ըստ այդմ, եթէ մեր համաքաղաքացիները ակտիւ լինեն քաղխորհրդի ընտրութիւններում եւ իրենց քուէն տան քաղաքի հոգսերով իրօք մտահոգ թեկնածուների, իրավիճակը կարող է կտրուկ փոխուել: Այս դէպքում, մենք կարող ենք հասնել նրան, որ նոր կառուցուող շէնքը լինի բոլորինը», նշում է Սինանեանը:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.