ՍԱՄՈՒԷԼ ԱՒԱԳԵԱՆ
Հայաստանում 2013թ. ներկրուել է 41.1 հազար աւտօմեքենայ, տեղեկացնում է ՀՀ պետեկամուտների կոմիտէն: Այս ցուցանիշը մօտ է 2008թ. գրանցուած ռեկորդին՝ 41.9 հազար աւտոմեքենայ: Նախորդ տարուայ համեմատ մեքենաների ներկրումն աճել է մօտ 18 տոկոսով: Աճի տեմպի տեսակէտից սա եւս ռեկորդային ցուցանիշ է:
Սակայն նախորդ տարիների համեմատ մեքենաների գնային կառուցուածքում էական տեղաշարժ կայ: Ներկրուած մեքենաների աճը հիմնականում տեղի է ունենում մինչեւ 5 հազ. դոլար արժողութեամբ մեքենաների մասով: Ներկրուած մեքենաների 62 տոկոսը այդպիսի էժան մեքենաներն են: Համեմատութեան համար՝ 2008թ. այդպիսի մեքենաների կշիռը 25 տոկոս էր, իսկ 2012թ.՝ 59 տոկոս:
Հայաստանին մեքենաների հիմնական մատակարարը Գերմանիան է՝ 2013թ. 22 հազար հատ կամ՝ ներմուծումների կէսից աւելին: Սա ներառում է ինչպէս Գերմանիայից, այնպէս էլ Վրաստանից ներկրումները, սակայն մաքսային վիճակագրութիւնը յստակ տեղեկատուութիւն չի տրամադրում կոնկրետ Վրաստանից ներկրումների թուի վերաբերեալ: Գերմանիան էլ մեզ հիմնականում ապահովում է էժան աւտօմեքենաներով, իսկ դրանք առաւելապէս «Օփել» մակնիշի մեքենաներն են, որոնք մեծ պահանջարկ են վայելում տաքսի ծառայութիւնների կողմից: «Օ-փել»ների ներկրման համար բաւական զարգացած ենթակառուցուածք է ձեւաւորուել, մի քանի տասնեակ հայ գործակալներ զբաղուած են Գերմանիայում «Օփել»ների «որսով»: Ներկրուած մեքենաները շատ արագ են սպառւում՝ առաւելագոյնը 5 հազար դոլարով: «Օփել»ների յաղթարշաւին նպաստում են նաեւ էժան պահեստամասերն ու սպասարկումը: Գերմանիայից ներկրւում են նաեւ մեծ քանակութեամբ «Մերսեդես» եւ «ԲՄՎ» մակնիշի մեքենաներ, սակայն դրանք սովորաբար աւելի հին տարեթուի են:
Վերջին տեղեկութիւններով՝ բիզնեսի գերմանական ուղղութիւնը գերազանցում է վրացական ուղղութեանը, թէեւ Վրաստանը մեր տարածաշրջանում յայտնի է որպէս աւտօմեքենաների դիլերային կենտրոն:
Ճապոնական մեքենաները պահանջարկով զգալի զիջում են գերմանականներին: Ճապոնիայից 2013թ. ներկրուել է մօտ 8 հազար մեքենայ՝ մօտ 9 հազ. դոլար միջին մաքսային արժէքով: Ճապոնական մեքենաները հիմնականում ներկրւում են աճուրդների միջոցով, սակայն աջակողմեան ղեկի առկայութիւնը նուազեցնում է հետաքրքրութիւնն այդ աճուրդների նկատմամբ:
Հայաստանին աւտոմեքենաների խոշոր մատակարար է համարւում նաեւ Հարաւային Կորէան՝ տարեկան մօտ 1000 հատ: Սակայն կորէական մեքենաների միջին մաքսային արժէքը 10 հազ. դոլար է: Պահպանւում է հետաքրքրութիւնն ամերիկեան մեքենաների նկատմամբ՝ 1800 մեքենայ 2013թ.: Ընդ որում, ամերիկեան մեքենաների միջին մաքսային արժէքը կազմել է մօտ 12 հազ. դոլար:
Նշենք, որ ռուսական մեքենաների նկատմամբ պահանջարկը դեռեւս բարձր չէ՝ մօտ 2000 մեքենայ տարեկան, մօտ 4 հազ. դոլար միջին մաքսային արժէքով: Սակայն Մաքսային միութեանն անդամակցելուց յետոյ այս մեքենաների նկատմամբ հետաքրքրութիւնը կ՛աւելանայ: