ԳԱՅԻԱՆԷ ՄԿՐՏՉԵԱՆ
Հայաստանցի քաղաքագէտներն ու տնտեսագէտները վիճայարոյց են համարում Ազգային վիճակագրական ծառայութեան օրերս հրապարակած արտագաղթի ցուցանիշները, որոնց համաձայն՝ Հայաստանը 2013 թուականին աւելի քիչ մարդ է լքել, քան նախորդ տարիներին:
Ըստ ԱՎԾի՝ 2013թ. Հայաստանի փաստաթղթերով Հայաստան ժամանած քաղաքացիների թիւը կազմել է 1,452,085 մարդ, մեկնածներինը՝ 1,494,086, բացասական սալդօն կազմել է 42,001 մարդ, որը 7659ով պակաս է 2012թ. նոյն ցուցանիշից՝ 49,660 մարդ: Սա նշանակում է, որ 2012ի համեմատութեամբ արտագաղթի տեմպերը նուազել են 27 տոկոսով:
Ծառայութեան տուեալների համաձայն՝ օդային տրանսպորտով ուղեւորափոխադրումները կրճատուել են 0.3 տոկոսով, ինչը ցոյց չի տալիս բացասական սալդօ, սակայն բացասական մնացորդ են ցոյց տալիս Բագրատաշէնի կամ Բաւրայի անցակէտերի տուեալները, որտեղից մարդիկ մեկնում են աւտոբուսներով կամ միկրօաւտոբուսներով, ինչը էժան է եւ յարմար՝ ընտանիքներով այլ երկրներ տեղափոխուելու համար:
2013թ. Բագրատաշէնի անցակէտով հեռացել է 39,726 ՀՀ քաղաքացի, 2012թ. այդ թիւը կազմել էր 21,144: Բաւրայի անցակէտով 2012թ. հեռացած 8288 ՀՀ քաղաքացու փոխարէն նախորդ տարի մեկնել ու չի վերադարձել 13,000 մարդ:
«Բնակչութեան թիւը, որ արտագաղթում են, պակասում է, պակաս թուից են գնում: Եթէ գնալով հանրապետութիւնում մարդ չմնայ, օրինակ՝ մի 10 տարի յետոյ, ես ձեզ հաւատացնում եմ՝ արտագաղթի տեմպերը կ՛իջնեն մինչեւ 10-15 հազարի», «Ազատութիւն» ռադիօկայանին ասել է նախկին վարչապետ, տնտեսագէտ Հրանդ Բագրատեանը:
Ժողովրդագրագէտները նշում են, որ եթէ տարիներ առաջ արտագաղթի հիմնաւոր պատճառ էին երկրում տիրող գործազրկութիւնն ու տնտեսական վատ վիճակը, ապա այսօր դրանց փոխարինելու են եկել նաեւ յուսահատութիւնը, ապագայի նկատմամբ վստահութեան բացակայութիւնը, մարդիկ այլեւս չեն հաւատում, որ սեփական հայրենիքում իրենց երեխաները կարող են լաւ ապագայ ունենալ:
«Վերջին շրջանում բարոյահոգեբանական պատճառները աւելի նշանակալից են դարձել: Դա կարելի է դիտարկել նաեւ անհատական շրջանակներում, զրոյցներում, շատերի մօտ զգացւում է այն տրամադրութիւնը կամ այն հիասթափութիւնը, ինչը կապուած է երկրում տիրող բարոյահոգեբանական իրավիճակի հետ: Եւ չի էլ արձանագրւում իրական միտում այդ իրավիճակի փոփոխման, առողջացման առումով», «Արմէնիանաուին» ասում է ժողովրդագրագէտ Ռուբէն Եգանեանը:
Արտագաղթողների մեծ մասը վրդովուած է երկրում տնտեսական գործունէութիւն նախաձեռնելու հնարաւորութիւնների անհաւասարութիւնից, անարդարութիւնից եւ վարձու աշխատանքի գերշահագործման իրողութիւնից:
«Մարդիկ հասկանում են Հայաստանի դժուարութիւնների օբյեկտիւ (առարկայական-Խմբ.) պատճառները՝ շրջափակում, պատերազմի մշտական սպառնալիք, տնտեսական գործունէութիւն ծաւալելու օբյեկտիւ դժուարութիւններ: Բայց այլեւս դադարել են հասկանալ, որ սոյն օբյեկտիւ պատճառները մի մասի համար են: Գործում է «փակ տարածք»ի կենսաբանական բնազդը, «ուժեղները»՝ տուեալ դէպքում երկրի կառավարումն իրականացնողները, պարզապէս «յօշոտում» են կառավարմանը չմասնակցողներին», «Արմէնիանաուին» ասում է ազգագրագէտ Հրանոյշ Խառատեանը:
Ըստ նրա՝ երկրում հնարաւոր է արտագաղթի նուազում, ապա նաեւ՝ վերացում, եթէ Հայաստանում մարդը սկսի հաւասար լինել օրէնքի առաջ, մարդու՝ ապրելու, աշխատելու, ստեղծելու, ստեղծագործելու հնարաւորութիւններին չխոչընդոտեն, իսկ եթէ նպաստեն՝ նոյնիսկ փակ տարածքում հրաշքներ կը լինեն:
«Նոյնիսկ շրջափակուած Հայաստանում սոցիալ-տնտեսական մթնոլորտը կը փոխուի, եթէ երկրի կառավարիչներն առաջնորդուեն իրաւունքների եւ հնարաւորութիւնների հաւասարութիւնը պաշտպանելու սկզբունքով: Մեր երկրի բնակչութեան 10 տոկոսն ընդգրկուած է կառավարման համակարգում: Առանց այն էլ սուղ միջոցներն ուղղուած են այդ 10 տոկոսի սպասարկմանը: Սա խիստ աննորմալ երեւոյթ է: Մի կողմից գերուռճացուած կառավարման համակարգը քամում է բնակչութեան վերջին հնարաւորութիւնները, միւս կողմից՝ խանգարում բուն կառավարմանը», ասում է ազգագրագէտը:
Հայաստանի պետական պաշտօնեաների կարծիքով՝ արտագաղթի ծաւալները չեն հասել վտանգաւոր չափերի, ինչպէս պնդում են ոմանք, արտագնայ աշխատանքի մեկնածներից շատերը շարունակում են կապուած մնալ հայրենիքին եւ մասնակցել նրա տնտեսական կեանքին՝ ընտանիքներին դրամական փոխանցումներ ուղարկելով:
Ընդունելով հանդերձ երկրում սոցիալ-տնտեսական խնդիրների առկայութիւնը, որոնց պատճառով որոշակի թուով մարդիկ ձգտում են արտերկրում աւելի լաւ հնարաւորութիւնների, անցեալ տարի իր հարցազրոյցներից մէկում Սերժ Սարգսեանը մեղադրել էր որոշ զանգուածային լրատուամիջոցների՝ գաղջ մթնոլորտ ստեղծելու համար, որը նպաստում է մարդկանց յուսահատութեանը եւ, ի վերջոյ, հեռանալու որոշմանը:
ԳԱՅԻԱՆԷ ՄԿՐՏՉԵԱՆը «Արմենիանաու»ի թղթակիցն է: