ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Հայ Օգնութեան Միութեան կազմակերպած «Ձմեռային հրաշալիքների աշխարհ» ձեռնարկն այս տարի եւս հեքիաթային ակնթարթներ պարգեւեց Լոս Անջելեսի հայ մանուկներին: Գլենդելի Ս. Աստուածածին եկեղեցու բակում երեխաներից շատերն առաջին անգամ էին տեսնում յատուկ ձեռնարկի համար բերուած ձիւնը եւ սահում մերկասառոյցի վրայ: «Սա երրրորդ տարին է, որ ՀՕՄն իրականացնում է այս ձմեռային փառատօնը, որ մեծ խանդավառութեամբ է ընդունւում համայնքի կողմից: Ձմեռային հրաշալիքների աշխարհը նաեւ այն ընտանիքների համար է, ովքեր տարբեր պատճառներով չեն կարող գնալ ձմեռային հանգստավայրեր, եւ այստեղ՝ ուրախութեան եւ բերկրանքի բազմաթիւ պահեր են պարգեւում իրենց մանուկներին», նշում է «Ձմեռային հրաշալիքների աշխարհ»ը նախաձեռնութեան յանձախմբի նախագահ Սեդա Խօճայեանը: Սահնակները, հեծապտոյտ բազմաթիւ մանկական խաղերը, փոքրիկների նորաձեւութեան ցուցադրութիւնն ու տաղանդների մրցոյթը Փետրուարի 1ին եւ 2ին իրական հրաշք պարգեւեցին մանուկներին: Այս միջոցառման նպատակով, ՀՕՄը մի քանի տոննա ձիւն է փոխադրում Գլենդել՝ ստեղծելով սահելու համար յատուկ պայմաններ, որտեղ տարբեր տարիքի մանուկներ վայելում են ձմռան այս զուարճութիւնը:
«Ես առաջին անգամ եմ ձիւն տեսնում եւ շատ ուրախ եմ, որ վերջապէս իրականացաւ իմ երազանքը՝ շօշափել ձիւնն ու սահել», աչքերում իւրայատուկ փայլով անկեղծանում է 11ամեայ Լիլիթը, ով այցելել էր ծնողների հետ: Նրանք նաեւ գոհ եւ ուրախ էին՝ ընտանեկան ժամանցի համար նախատեսուած գեղեցիկ ձեռնարկից, համադամ ճաշատեսակների առատութիւնից: «ՀՕՄի շրջանային վարչութեան կողմից կազմակերպուող ««Հրաշալիքների աշխարհ» ձեռնարկն այս տարի եւս անցաւ մեծ յաջողութամբ: Մի քանի հազար այցելուներ ունեցանք, ընտանիքներ՝ իրենց տարբեր տարիքի երեխաների հետ: Այս տարի առաջին անգամ ունեցանք նաեւ տաղանդաւոր երեխաների մրցոյթ եւ նորաձեւութեան ցուցադրութիւն», յայտնեց ՀՕՄի Արեւմտեան շրջանի ատենապետ Լենա Պօզոյեանը:
ՀՕՄի «Ձմեռային հրաշալիքների աշխարհ»ը դարձել է գեղեցիկ աւանդոյթ Լոս Անջելեսի փոքրիկ բնակիչների համար, ովքեր սրտի թրթիռով են սպասում իրենց ձմեռային տօնին: Փառատօնը հնարաւորութիւն էր ընձեռել մանուկներին հանդէս գալու համերգային եւ պարային կատարումներով, իսկ փոքրիկների նորաձեւութեան ցուցադրութիւնը բացառիկ էր բնոյթով: «ՀՕՄի գերնպատակներից է մատաղ սերնդին զուարճութիւն պարգեւել եւ միաժամանակ՝ առիթ տալ մերձենալու ազգային մշակոյթին: Այս փառատօնին մասնակիցները ականատես են լինում հայկական երգ ու պարին, ձեռք են բերում ընկերներ», հաւաստիացնում է ՀՕՄի Արեւմտեան շրջանի կենտրոնական վարչութեան քարտուղար Կարինէ Պարիկեան-Սէթեանը: «Ձմեռային հրաշալիքների աշխարհ»ը նաեւ հնարաւորութիւն էր տուել հայկական տարբեր ընկերութիւններին ներկայացնելու իրենց արտադրանքը՝ ձեռագործ աշխատանքներ, զարդեր, հագուստներ, մթերքներ, եւ սա համայնքի համար էլ լաւ առիթ էր ծանօթանալու հայկական արտադրանքին: Յատկանշական է, որ ձեռնարկի այցելուների մէջ մեծ թիւ էին կազմում նաեւ այլազգիներ:
ՀՕՄի այս ամենասպասուած ձեռնարկներից մէկը հնարաւոր է դառնում կամաւորների եւ հովանաւորների շնորհիւ: «Մեր նպատակն է հնարաւորինս շատ մանուկների առիթ տալ ներկայ լինելու այս փառատօնին, եւ այդ մտայնութեամբ առաջնորդուելով է, որ մուտքի տոմսի արժէքը բաւական ցածր ենք սահմանում՝ երեք դոլար: Սա իրականանում է մեր մշտական հովանաւորների աջակցութեամբ, ովքեր հաւատում են ՀՕՄին եւ տարիներ շարունակ թիկունք են կանգնել համայնքին ուղղուած նրա աշխատանքներին», նշում է Հայ Օգնութեան Միութեան Արեւմտեան շրջանի փոխատենապէս Քարմէն Լիպարիտեանը. ներկայացնում է փառատօնի գլխաւոր հովանաւորներին՝ Ֆորեսթ Լոն, Դիգնիթի Հելֆ եւ Գլենդել Մեմորիալ Հոսփիթալ ու Հելփ Սենթըր հաստատութիւններին, ինչպէս նաեւ այլ հովանաւորների: «Մեծ սիրով այսօր այստեղ օգնում եմ ՀՕՄուհիների փառատօնի աշխատանքներին: Արդէն ութ տարի է, որ համագործակցում եմ այս միութեան անդամների հետ եւ ցանկանում եմ ընդգծել այն մեծ աշխատանքը, որ այս կազմակերպութեան կամաւորներն անում են համայնքի համար», յայտնեց կրթութեան ոլորտի երկարամեայ աշխատակից, Գլենդելի քաղխորհրդի առաջիկայ ընտրութիւններում իր թեկնածութիւնն առաջադրող Փոլա Դիվայնը: Այս հանգամանքը մէկ անգամ եւս ընդգծում է ՀՕՄի նախաձեռնութիւնների նաեւ համամարդկային բնոյթը: Քարմէն Լիպարիտեանը յայտնեց, որ «Ձմեռային հրաշալիքների աշխարհ» ձեռնարկի հասոյթը տրամադրուելու է ՀՕՄի տեղական եւ միջազգային ծրագրերին, որոնք ամբողջովին ուղղուած են հայ համայնքների տարբեր կարիքների բաւարարմանը: