
Հերփետիկ ցանը վկայում է իմունային համակարգի թուլութեան մասին: Տղամարդկանց մօտ՝ չբուժուելու դէպքում այն խոցում է շագանակագեղձը, կանանց մօտ կարող է առաջացնել արգանդի ուռուցք, այլ բարդացումներ՝ հեփաթիթ, երիկամների եւ մակերիկամների գործունէութեան խանգարում: Հերփեսը (տենդաբշտիկ) աշխարհի ամենատարածուած վիրուսային հիւանդութիւնէից մէկն է: Այն ունի կրկնուելու յատկութիւն: Սովորական հերփեսով վարակուած է աշխարհի բնակչութեան մօտ 90 տոկոսը: Վարակի մի քանի տեսակ կայ, որոնցից առաւել տարածուած են հետեւեալ տեսակները՝
– Հասարակ հերփես,
– Գօտեւորող հերփես (գօտեւորող որքին),
– Սեռական օրգանների հերփես:
Հերփեսի վիրուսը փոխանցւում է շփման ճանապարհով: Հիւանդութեան առաջացմանը նպաստում են գերսառեցումը, օրգանիզմի դիմադրողականութեան անկումը, ինչպէս նաեւ թերվիտամինութիւնը: Հերփեսը յաճախ առաջանում է այլ վարակիչ հիւանդութիւնների ֆոնի վրայ:
Գօտեւորող հերփեսն առաջանում է ջրծաղիկի վիրուսով ախտահարուելիս: Մինչեւ 10 տարեկան երեխաները գօտեւորող հերփեսով չեն հիւանդանում, սակայն վարակուած մարդու հետ շփուելիս նրանք կարող են հիւանդանալ ջրծաղիկով:
Հասարակ հերփեսը դրսեւորւում է բշտիկների առաջացմամբ, որոնք ի յայտ են գալիս շրթունքների, քթի, թեւերի վրայ, ինչպէս նաեւ հերփեսը կարող է ախտահարել աչքը եւ այլն: Հազուադէպ ախտահարւում են փոքր երեխաների ներքին օրգանները եւ նեարդային համակարգը: Սովորաբար, հիւանդութիւնն սկսուելուց 7-10 օր անց բշտիկները չորանում են եւ դրանց տեղերում առաջանում են վարդագոյն բծեր:
Գօտեւորող հերփեսն ախտահարում է ոչ միայն մաշկը, այլեւ նեարդերը: 6-8 օր անց բշտիկները սկսում են չորանալ, ինչից յետոյ սկսւում է առողջացումը:
Սեռական հերփեսի առկայութեան արտաքին նշաններն են՝ սեռական օրգանների լորձաթաղանթին եւ յարակից մաշկի կարմրութիւնը, քորը, այրոցի զգացում եւ թափանցիկ հեղուկ պարունակութեամբ բշտեր: Ախտահարւում է նաեւ բերանի խոռոչի լորձաթաղանթը եւ մաշկը:
Հերփեսի կանխարգելման համար անհրաժեշտ է օրգանիզմը հնարաւորինս կոփել եւ հագնել եղանակին յարմար հագուստ: Երեխաներին չպէտք է թոյլ տալ շփուելու գօտեւորող հերփեսով հիւանդ անձանց հետ: Ինքնաբուժումն յուսադրող չէ, անհրաժեշտ է դիմել բժշկի: