
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
2013 թուականին Հայաստանի ֆուտբոլի հաւաքականը ՖԻՖԱի դասակարգման աղիւսակում բարձրացաւ իր համար ռեկորդային՝ 34րդ հորիզոնական: Սա պատմական իրողութիւն էր եւ մեր թիմի համար միջոց՝ մեր ազգային հաւաքականն առաւել ճանաչելի դարձնելու համաշխարհային մարզահարթակում:
Հայաստանի հաւաքականի յաղթարշաւը հնարաւոր դարձաւ նուիրեալ մարզիկների շնորհիւ, որոնց թւում իր նշանակալի ներդրումն ունի հաւաքականի երիտասարդ յարձակուող Եուրա Մովսիսեանը: Առանց երկմտելու կարելի է ասել, որ Մովսիսեանը մերօրեայ հերոսներից է. ԱՄՆում բնակուող երիտասարդ ֆուտբոլիստը հաւատարիմ մնաց ազգայինին՝ հրաժարուելով Միացեալ Նահանգների հաւաքականի անդամ դառնալու չափազանց գայթակղիչ առաջարկից, ընտրեց Հայաստանի հաւաքականը՝ իր հաւատով ու կամքով դառնալով մեր «երազանքի թիմ»ի կերտման շարժիչ ուժը: Մովսիսեանը նաեւ միակ հայ ֆուտբոլիստն է, որ դարձել է Միացեալ Նահանգների Ֆուտբոլի բարձրագոյն լիգայի (MLS) չեմպիոն, իսկ Ռուսաստանում՝ «Սպարտակ»ի առաջատարը բազմիցս ճանաչուել է լաւագոյններից:
Հազարաւոր երկրպագուների սիրելի ֆուտբոլիստի անկեղծ ու անմիջական զրոյցը «Ասպարէզ» հաղորդաշարի շրջանակներում՝ նորովի է բացայայտում Եուրա Մովսիսեանին:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Եուրա, քո յաղթարշաւը Ռուսաստանում շարունակւում է: 2013թ.ի Նոյեմբերին ճանաչուեցիր Ռուսաստանի բարձրագոյն լիգայի լաւագոյն թիմերից՝ «Սպարտակ»ի առաջատարը, միաժամանակ, երկրորդ տարին անընդմէջ ռուսական հեղինակաւոր մարզական թերթերում Տարուայ լաւագոյն ֆուտբոլիստ անուանակարգի անցկացրած քուէարկութեան ընթացքում առաջատարի դիրքերում ես: Ի՞նչ զգացողութիւններ ունես:
ԵՈՒՐԱ ՄՈՎՍԻՍԵԱՆ.- Այն ճանաչումը, որ ունեմ Ռուսաստանում՝ մեծ ձեռքբերում է, քանի որ այդ երկրում խաղում են շատ բարձրորակ ֆուտբոլիստներ եւ իրենց հետ համեմատուելն ու առաջատար հորիզոնական զբաղեցնելն արդէն մեծ պատիւ է: Մեծ հպարտութիւն է ճանաչուել Ռուսաստանի լաւագոյն ֆուտբոլիստներից մէկը, թէկուզ եւ ոչ առաջինը:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ե՞րբ հասկացար, որ ցանկանում ես դառնալ ֆուտբոլիստ եւ ո՞ր տարիքից ես սկսել լրջօրէն զբաղուել ֆուտբոլով:
ԵՈՒՐԱ ՄՈՎՍԻՍԵԱՆ.- Փոքրուց էի ուզում դառնալ պրոֆեսիոնալ (արհեստավարժ-Խմբ.) ֆուտբոլիստ: Երբ երեխայ էի, իմ տարեկիցների շրջանում հարցնում էին, թէ ինչ ենք ցանկանում դառնալ, ես միշտ վստահօրէն պատասխանում էի՝ ֆուտբոլիստ: Ասեմ, որ ի տարբերութիւն այլ հայ ֆուտբոլիստների, իմ անցած մարզական ուղին տարբեր է եղել, քանի որ մեծացել եմ ԱՄՆում: Այստեղ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալն այնքան էլ դիւրին չէ, մանաւանդ հաշուի առնելով իմ կեանքի մի շարք հանգամանքները: Երբ ես նոր էի եկել Ամերիկա, սկսեցի փոքր ակումբներից, որոնք չեն պատկանում պրոֆեսիոնալ թիմերին: Սկսեցի խաղալ Փասադինայի ՀՄԸՄի ակումբում, չնայած տարիքային տարբերութեանը՝ ես 13 տարեկան էի, խաղում էի մեծերի հետ: Առաջին մարզիչներիցս մէկն էլ հայ էր: 2006 թուականին մասնակցեցի «MLS Combine» կոչուող միջոցառմանը, որտեղ հաւաքւում էին Ամերիկայի բոլոր լաւագոյն ֆուտբոլիստ-ուսանողները՝ ցուցադրելու իրենց կարողութիւնները, նպատակ ունենա-լով՝ յայտնուելու MLS-ի դրաֆթում: Սկսել եմ Քանզաս Սիթիում եւ տեղափոխուել եմ «Ռէալ Սօլթ-Լէյք», որտեղից, երկուս ու կէս տարի անց, տեղափոխուել եմ դանիական «Ռանդերս» թիմ, այնուհետեւ՝ «Կրասնոդար ՖԱ» թիմ, որտեղից 2012թ.ին ինձ հրաւիրեցին «Սպարտակ»:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- «Սպարտակ»ում կա՞յ արդեօք խաղաոճի տարբերութիւն՝ հաշուի առնելով, որ մինչ ռուսաստանեան այս թիմում խաղալը, հանդէս ես եկել ամերիկեան եւ եւրոպական ակումբներում:
ԵՈՒՐԱ ՄՈՎՍԻՍԵԱՆ.- Ճիշդ է, «Սպարտակ»ում խաղացողների տեխնիկական պատրաստուածութիւնը բարձր է, խաղի տեմպն աւելի արագ է, քան իմ խաղացած այլ թիմերում, սակայն որեւէ դժուարութիւն չեմ ունեցել: Շատ լաւ եմ ինձ զգում այնտեղ:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- 2010 թուականին ընդգրկուեցիր Հայաստանի ֆուտբոլի հաւաքականում՝ մերժելով ԱՄՆի հաւաքականի հրաւէրը: Ինչպէ՞ս կողմնորոշուեցիր:
ԵՈՒՐԱ ՄՈՎՍԻՍԵԱՆ.- Ես մի քանի անգամ եմ առաջարկ ստացել ընդգրկուելու ԱՄՆի ֆուտբոլի ազգային հաւաքականում, բայց երբ առիթ ստեղծուեց ընդգրկուելու Հայաստանի հաւաքականում, կանգնեցի չափազանց դժուար որոշման առջեւ. եթէ խաղայի Ամերիկայի թիմում՝ հնարաւորութիւնը շատ աւելի մեծ էր մասնակցելու իւրաքանչիւր ֆուտբոլիստի համար բաղձալի՝ աշխարհի առաջնութեանը: Սակայն ես հպարտ հայ եմ եւ պատրաստ՝ ամէն ձեւով օգտակար լինելու իմ ազգին, մեր ժողովրդին, մանաւանդ այսօր, երբ մեզ համար շատ քիչ են ուրախանալու առիթները: Ես ընտրեցի հայրենիքը, որպէսզի ինչ որ բանով օգտակար լինեմ իմ ժողովրդին:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ինչպէ՞ս ես գնահատում մեր հաւաքականի խաղն այսօր:
ԵՈՒՐԱ ՄՈՎՍԻՍԵԱՆ.- Համաշխարհային մակարդակով, ընդամէնը երկու-երեք թիմ կայ, որ կայուն են խաղում: Ֆուտբոլում պատահում է ե՛ւ լաւ խաղ, ե՛ւ վատ: Մեր հայրենակիցները, ոգեւորուելով Հայաստանի հաւաքականի յաջողուած խաղերից, սկսում են մեզանից միայն յաղթանակ ակնկալել: Դա շատ հեշտ է ասել, բայց իրականում շատ դժուար է իրականացումը: Կարծում եմ, մեր թիմին՝ նման արդիւնքի համար, դեռ ժամանակ է պէտք: Իմ համոզմամբ, մեր պահը մօտենում է, եւ արդէն շուտով, Եւրոպայի առաջնութեան նախընտրական փուլում, մեզ կը յաջողուի ապահովել կայուն խաղ եւ միջազգային առաջնութիւններում չեմպիոն դառնալու յայտ ներկայացնել:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Հնարաւո՞ր է, որ անկայուն խաղի պատճառ է նաեւ այն հանգամանքը, որ մեր հաւաքականի ֆուտբոլիստները, ովքեր հանդէս են գալիս օտարեկրեայ ակումբներում, միայն կարեւոր խաղերից անմիջապէս առաջ եւ կարճ ժամանակով են հանդիպում:
ԵՈՒՐԱ ՄՈՎՍԻՍԵԱՆ.- Ճիշդ է, հաւաքականում անցկացրած ժամանակը շատ կարճ է, սակայն մրցակից թիմերում էլ պատկերը գրեթէ նոյնն է: Դա նոյնն է, եթէ անձրեւ գայ եւ մեր պարտութիւնն արդարացնենք այդ հանգամանքով: Անձրեւը բոլորի համար է դժուարութիւններ առաջացնում: Հայաստանի հաւաքականը ճիշդ է, մեծ առաջընթաց է գրանցել, սակայն դեռ անելիքներ կան: Պատկերը փոխել է այն հանգամանքը, որ հաւաքականի շատ ֆուտբոլիստներ Հայաստանից դուրս այլ ակումբներ են տեղափոխուել, եւ նրանց խաղում տարբերութիւնն ակնյայտ է:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Իսկ հաւաքականում խաղալը ինչո՞վ է տարբերւում, օրինակ քո դէպքում՝ «Սպարտակ»ում խաղալուց:
ԵՈՒՐԱ ՄՈՎՍԻՍԵԱՆ.- Հաւաքականի խաղերի ժամանակ, բոլորս սրտանց խաղում ենք մեր ժողովրդին ուրախացնելու համար: Մենք Հայաստանում չենք խաղում գումարի համար, մեր միակ նպատակն է այս դէպքում՝ լաւ խաղալ եւ յաղթել: Միշտ, երբ Հայաստան ենք գնում, եւ տեսնում եմ ժողովրդի վերաբերմունքը թէ՛ փողոցներում, թէ՛ ստադիոնում, դրանից մեծ հաճոյք՝ դժուար է պատկերացնել: «Սպարտակ»ում խաղն ինձ համար նաեւ աշխատանք է, գումար աշխատելու միջոց:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Դու այն եզակի ֆուտբոլիստներից ես, որ տիրապետում է երկու ոտքով հուժկու հարուածների: Ո՞ր ոտքով ես աւելի շատ գոլեր խփում:
ԵՈՒՐԱ ՄՈՎՍԻՍԵԱՆ.- Փոքրուց ինձ ասել էին, որ աջլիկ եմ, եւ քանի որ ձախ ոտքս աւելի թոյլ էր զարգացած, աւելի շատ էի կենտրոնանում ձախով հարուածների վրայ, եւ արդիւնքում՝ երկու ոտքով էլ հարուածներս ստացւում են: Յստակ չեմ կարող ասել, թէ որ ոտքով եմ աւելի շատ գոլեր խփել, սակայն ինձ նոյնպէս հետաքրքրեց այդ հարցը, մի օր անպայման կը հաշուեմ (ծիծաղում է):
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Տարբեր խաղերի ժամանակ աչքի է ընկնում քո երկրպագուների բանակը: Ժամանակ գտնո՞ւմ ես նրանց հետ հանդիպելու:
ԵՈՒՐԱ ՄՈՎՍԻՍԵԱՆ.- Ես շատ ուրախ եմ, որ կարողանում եմ ժողովրդին ուրախացնել իմ խաղով: Ուրախ եմ նաեւ, որ հայերը սկսել են մեր ֆուտբոլով ապրել: Հաւաքականի տղաները, բոլորս, հպարտ ենք, որ կարողացանք յեղափոխութիւն անել, եւ հիմա ոչ թէ հաշուած մարդիկ են սիրում ֆուտբոլ, այլ բոլորն անխտիր՝ տատիկ-պապիկներ, պատանիներ, կանայք սպասում են մեր խաղին, ճանաչում են մեզ: Երկրպագուների հետ առանձին հանդիպումների ժամանակ չեմ ունենում, բայց «մասթեր քլաս»ներ (վարպետութեան դասեր-Խմբ.) եմ անցկացնում, որի ընթացքում շփւում եմ պատանի եւ երիտասարդ ֆուտբոլիստների հետ: Իսկ երկրպագուներիս հետ շփւում եմ սոցիալական կայքերի միջոցով, ֆէյսբուքեան իմ էջի հաղորդագրութիւններին ինքս եմ պատասխանում:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Միացեալ Նահանգներում, ծնկի վիրահատութեան շրջանում էլ ժամանակ գտար տարբեր դպրոցներում, միութիւններում հանդիպելու պատանիներին ու երիտասարդներին:
ԵՈՒՐԱ ՄՈՎՍԻՍԵԱՆ.- Միշտ իմ ազատ ժամանակից տրամադրել եմ երեխաներին: Քանի որ ինքս մեծացել եմ այստեղ, գիտեմ, թէ հայկական դպրոցներում ինչ լաւ աշխատանք է տարւում աշակերտների մարզական պատրաստուածութեան հարցում: Նրանց ոգեւորելու նպատակով, հանդիպեցի մի շարք հայկական կրթօջախների սաների, պատմեցի իմ ֆուտբոլային ուղու մասին, խորհուրդներ տուեցի եւ պատասխանեցի դպրոցականների հարցերին:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ի՞նչ խորհուրդ ես տալիս պատանիներին, ովքեր ընտրել են ֆուտբոլը:
ԵՈՒՐԱ ՄՈՎՍԻՍԵԱՆ.- Ֆուտբոլիստ դառնալու համար պէտք է ապրել ֆուտբոլով: Պէտք է երազել ֆուտբոլիստ դառնալու մասին: Այն, որ դա ահռելի աշխատանք է, կարծում եմ պարզ է: Շատերը գիտեն, որ պէտք է աշխատել, սակայն չեն պատկերացնում, թէ ինչքան: Մրցակցութիւնը շատ մեծ է այս ոլորտում, եւ յաջողութեան համար պէտք է ամբողջովին նուիրուել:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Չնայած զբաղուածութեանդ, ակտիւօրէն զբաղւում ես նաեւ բարեգործութեամբ: Ինչպէ՞ս ես հասցնում:
ԵՈՒՐԱ ՄՈՎՍԻՍԵԱՆ.- Բարեգործութիւնն ինձ համար հոգեկան բաւարարուածութիւն է, ինչի մասին բարձրաձայն չեմ սիրում խօսել: Ես օգնում եմ, քանի որ այսօր ունեմ այդ հնարաւորութիւնը եւ իմանալով, որ կան մարդիկ, երեխաներ, ովքեր կարիքի մէջ են՝ ինձ հանգիստ եմ զգում, երբ ինչ որ մէկին կարողանում եմ աջակցել: (Եուրա Մովսիսեանը մասնակցում է տարբեր բարեգործական ձեռնարկների Հայաստանում եւ ԱՄՆում: 2013թ.ի Դեկտեմբերի 22ին Գլենդելի Մարզական համալիրում անցկացուեց Մովսիսեանի՝ Տօնական բարեգործական ֆուտբոլային ճամբարը՝ Yura Movsisyans Holiday Charity Soccer Camp, որտեղ Մովսիսեանը «մասթեր քլաս»ի դասընթացներ անցկացրեց, ինքնագրեր բաժանեց: Ձեռնարկից ստացուած ողջ հասոյթը ուղղուեց Միացեալ Հայ Երիտասարդներին-Խմբ.):
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Եուրա, քո յաջողութեան գրաւականը նաեւ համերաշխ ընտանիքն է: Հասցնո՞ւմ ես բաւարար ժամանակ տրամադրել ընտանիքիդ:
ԵՈՒՐԱ ՄՈՎՍԻՍԵԱՆ.- Իմ ընտանիքը միշտ ինձ հետ է՝ ուր էլ որ գնամ: Այժմ, կնոջս՝ Մարիաննայի եւ երկու երեխաներիս հետ ապրում եմ Մոսկուայում: Տղաս՝ Արմանը չորս տարեկան է, աղջիկս՝ Աիդան շուտով երկու տարեկան կը դառնայ: Իմ ազատ օրերն ու ողջ ժամանակն անցկացնում եմ նրանց հետ. ընտանիքս առաջին տեղում է: Իսկ Դեկտեմբերն ամենաերջանիկ ամիսն է ինձ համար, քանի որ վերադառնում եմ Ամերիկա՝ տօներն անցկացնելու այստեղ բնակուող ծնողներիս, եղբօրս, ընկերներիս հետ:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Որքանո՞վ է այսօր ֆուտբոլն ընդունուած Միացեալ Նահանգներում:
ԵՈՒՐԱ ՄՈՎՍԻՍԵԱՆ.- Ամերիկայում ֆուտբոլը մեծ ճանաչում չունէր այն ժամանակ, երբ ես սկսել էի խաղալ: Այսօր արդէն ֆուտբոլն, ըստ վիճակագրութեան, Միացեալ Նահանգներում ամենաշատ դիտուող մարզաձեւերից է՝ երկրորդ կամ երրորդն է:
Տեղեկանք. 2006 թուականին «Քանզաս Սիթի» ակումբում Եուրա Մովսիսեանն անցկացրել է 28 խաղ եւ խփել է 5 գնդակ: 2007 թուականին Եուրան պայմանագիր է կնքում «Ռէալ Սօլթ-Լէյք» ակումբի հետ, որի կազմում անցկացնում է 2 սեզոն եւ 53 խաղում՝ խփում 15 գնդակ: Այդ ընթացքում Եուրա Մովսիսեանը նաեւ դառնում է Ֆուտբոլի բարձրագոյն լիգայի (Major League Soccer MLS) չեմպիոն, ինչի համար հիւրընկալւում է Սպիտակ Տանը եւ Օբամայից ստանում է չեմպիոնական մատանի: Տաղանդաւոր խաղացողի նկատմամբ սկսում է հետաքրքրութիւն ցուցաբերել Դանիայի բարձրագոյն դիվիզիոնը ներկայացնող «Ռանդերս» ակումբը, որ 2009 թուականին պայմանագիր է ստորագրում Մովսիսեանի հետ: Երիտասարդ հայ ֆուտբոլիստը բազմաթիւ եւրոպական թիմերի հետաքրքրութեան կենտրոնում էր, այդ թւում՝ իսպանական «Էսպանէօլ»ը, Կիեւի «Դինամօ»ն, մոսկովեան «Լոկոմոտիվ»ը, սակայն Մովսիսեանը պայմանագիր է կնքում Ռուսաստանի Պրեմիեր լիգայի «Կրասնոդար ՖԱ» թիմի հետ: 2012թ.ին Մովսիսեանը տեղափոխւում է «Սպարտակ»: 2010 թուականի Օգոստոսի 11ին Մովսիսեանն իր առաջին հանդիպումն է անցկացրել Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականի կազմում: