ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ

Մարդու կեանքում յաճախ են պատահում դէպքեր, երբ ուրիշ մէկը յայտարարութիւն է անում, ու քեզ թւում է, թէ երկար ժամանակ մտածել ես այդ մասին, բայց պարզապէս չի յաջողուել բառերով արտայայտել այդ միտքը: Լսելով զրուցակցիդ՝ ընդամէնը հիացմունքդ ես արտայայտել նրա անկեղծութեան պոռթկումի առիթով, ու բազմիցս կրկնել ես նրա նախադասութիւնը մտքում, որ տարիներ է, ինչ հոգուդ ամենախոր ծալքերում թաքնուած է եղել:
Անդոյի հետ մօտիկից ծանօթացայ մի քանի տարի առաջ, չնայած որ լսել էի նրա մասին շատ երկար ժամանակ առաջ: Ամենատարբեր շրջանակներում նրան յարգում են որպէս շիտակ մարդու: Օրն ի բուն աշխատող այս տղան իր համար մի նշանաբան է որդեգրել՝ իր աշխատանքով գոհացնել մարդկանց: Չի տարակուսում, երբ կատարած շինարարութիւնը սրտովը չի, անում է ամէն ինչ, որպէսզի մարդը գոհ մնայ, շատ յաճախ էլ ի վնաս իր ակնկալած արդար շահի: Քանդում է, նորից կառուցում, ամէն անգամ անձամբ մասնակցելով իր նախագծի իրականացմանը: «Ոչինչ, թող գրպանս քիչ փող մտնի, միայն մարդը չսրտնեղի, չէ՞ որ տարիներ պիտի ապրի իմ կառուցած սենեակում, տանը»:
Անդոյի հետ զրոյցս ձեզ եմ ներկայացնում, քանի որ մօտ 2 տարի առաջ նրանից լսեցի՝ «Եթէ գոնէ մի օր մէջիցս հանեմ Հայաստան վերադառնալու յոյսս, դա իմ կեանքի վերջին օրը կը լինի» արտայայտութիւնը: Ասաց ու տխրեց: Ես էլ տխրեցի: Ես էլ եմ այդպէս մտածում, չնայած գիտակցում եմ, որ դրա հնարաւորութիւնը գնալով հալւում է: Այդ միտքը, ունենալով իր առաջ ամենատարբեր խոչընդոտներ, ուղեղիցս դուրս չի գալիս, թաքնւում է մէկ մի ծալքում, մէկ՝ միւս, թուլանում եւ ուժեղանում է հանգամանքների հետ կապուած, բայց չի վերանում:
Հայաստանում կատարուող իրադարձութիւնները անտարբեր չեն թողնում հարիւր հազարաւոր սփիւռքահայերի, ովքեր իրենց գոյութեան մի մասը պայմանաւորում են «էրգրից» եկած տեղեկութիւններով: Իսկ տեղեկութիւնները յուսալքող են: Իշխանութիւնները, եթէ իրավիճակը ուղղելու քայլեր անգամ անում են, ապա դրանք մարդկանց կեանքն ու կենսամակարդակը բարելաւելու տեսանկիւնից հեռու են առարկայական համարուելուց: Ընդդիմութեան որոշ հատուածներ ռադիկալ (արմատական-Խմբ.) քայլերի կոչ են անում՝ իշխանափոխութիւն, յեղափոխութիւն, հայկական «մայդան» կոչ անելով: Ի դէպ՝ Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում ընթացող դժգոհութիւնների ալիքը գնալով մեծանում է: Ամէնուրեք բախումներ, ծայր աստիճան նեարդային վիճակ, կրակոցներ, վայրագութիւններ երկու կողմերից: Յեղափոխութիւնը իր հետ ոչ մի լաւ բան չի բերում այն իրականացնող սերնդի համար:
Պատմութիւնը ցոյց է տալիս, որ յեղափոխութեան ալիքից հիմնականում օգտւում են ներքին կամ արտաքին ինչ որ մութ ուժեր, իսկ մարդկանց վիճակը է՛լ աւելի է վատթարանում: Ժողովրդի մի զգալի մասը հայրենիքում հասել է օրհասական վիճակի՝ մարդիկ չեն կարողանում արժանապատիւ գոյութիւն ապահովել, ուրեմն ի՞նչ անել: Կտրուկ քայլերի հետեւանքները անկանխատեսելի են: Փոքր Հայաստանի վրայ դժուար թէ նման ուշադրութիւն դարձնեն, ինչպէս որ հետեւում են Ուկրաինային: Իրարանցման պարագայում միջազգային հանրութեան համար հնարաւոր յեղափոխական մթնոլորտը կարող է պարզապէս անտարբերութեան արժանանալ: Իսկ ընկերներիս հետ խօսելիս նոյնիսկ նրանք, ովքեր երբեք չեն մտածել երկիրը լքելու մասին, ասում են, թէ պատրաստ են թողնել ու անվերադարձ հեռանալ Հայաստանից: Ու նորից յիշում եմ Անդոյի ասածը: Բայց երբ բոլոր ընկերներս մտածում են հեռանալու մասին, մարդիկ, որ վերջին երկու տասնեակ տարիների ընթացքում որեւէ խարդախութեամբ չեն զբաղուել, «եօլա են գնացել» մի օր լաւ, մի օր վատ կարգախօսով, հաշտուել են իրականութեան հրամայականի հետ, յոյս պահպանելով, որ մի օր ամէն ինչ իր տեղը կ՛ընկնի, իրենց ճամպրուկներն են հաւաքում, կապում: Ես խօսում եմ բժշկի, գործարարի, իրաւապահպան պաշտօնեայի մասին: Ու թուլանում է իմ վերադարձի յոյսը, անկախ ինձնից: Ընկերներս խարիսխ են եղել իմ յոյսի համար, նրանք ինձ յուսադրել են նախկինում՝ պնդելով, թէ «միայն դու յետ արի, մնացածի մասին չմտածես»: Հիմա նրանք են ուզում հեռանալ: Սիրիահայ գործարար արհեստաւորը «ծեծ է ուտում», այսինչ նախարարի կինն ու որդին մի օրում «օրինական» միլիոնատէրեր են դառնում: Այնինչը դղեակներ է կառուցում Երեւանի հիասքանչ տեսարանի առջեւ: Ոչինչ, թող կառուցեն, բայց երբ ժողովրդի լաւ որակը ներկայացնողները դուրս գան, ու երկրում մնան միայն նրանք, ովքեր կամ չեն կարողանում դուրս գնալ կամ էլ մօտ են «կերակրամանին», ապա ճնշումն աւելի կը մեծանայ մնացածների վրայ, եւ հազարաւոր մարդիկ դրսից ներս գալու իրենց երազանքը իրականացնելու գաղափարը կը լքեն:
«Ովքեր չեն գալու, Աստուած իրենց հետ», աւելի շատ հայհոյանքի պէս ասաց մի զրուցակից, երբ Երեւանի սրճարաններից մէկում զրուցում էինք այս ամառ: Բայց չի կարելի այդպէս մտածել, քանի որ այդ հնարաւոր վերադարձողները պատրաստ են իրենց բոյնը քանդելու ու հայրենիք վերադառնալու, իրենց հետ բերելով ինչպէս ունեցուածք, այնպէս էլ մասնագիտական հմտութիւններ: Իսկ որքան բարւոք ու կայուն լինեն պայմանները, այդքան շատ կը լինի հաստատուն դիրք ունեցող մարդկանց վերադարձի հնարաւորութիւնը: Այլապէս մարդիկ վերադառնալու փոխարէն կը կտակեն՝ «Աճիւնս տարէք էրգիր»: Ես ու իմ նման հազարաւոր մարդիկ ԱՊՐԵԼՈՒ, ոչ թէ յաւէրժ հանգչելու յոյս ենք փայփայում «էրգրում», քանի որ իմ եւ միւսների աճիւններից Հայաստանը չի կարող օգտուել, ընդհակառակը, մեր մնացորդները ակամայից բեռ կը դառնան «էրգրի» համար: Հայաստանում ոմանք կարող է ծիծաղեն այս ակնարկի վրայ՝ «մեր դարդ, քո յաւէս» յայտնի խօսքերը ասելով: Իսկ հազարաւոր սփիւռքահայեր, վստահ եմ, կը համաձայնուեն ինձ հետ: Հայաստանը բնական հանածոներով հարուստ չէ, սակայն ունի գերզարգացած Սփիւռք, որ պատրաստ է ձեռք մեկնել «էրգրին»: Վերադառնալու յոյսը մեր նմանների գոյութեան մի մասն է, մի մարէք այդ կրակը, պարոնայք «մեծաւորներ»: