Պատրաստեց՝ ՀԱՅԿ ՂԱԶԱՐԵԱՆ
«Անալիտիկոն» ամսագիրը ԼՂՀ կառավարութեանն առընթեր հարկային պետական ծառայութիւնը հարցում է կատարել նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի, փոխվարչապետի, նախարարների եւ կառավարութեանն առընթեր պետական մարմինների ղեկավարների գոյքի եւ եկամուտների յայտարարագրերում ներառուող տեղեկութիւնների վերաբերեալ տեղեկանքը ստանալու նպատակով:
Ձեզ ենք ներկայացնում անուանական յայտերում նշուած ԼՂՀ իշխանութեան մարմինների մի քանի ղեկավար աշխատողների 2012 թուականի գոյքի եւ եկամուտների յայտարարագրերում ներառուող տեղեկութիւնների հիման վրայ կազմուած տեղեկանքները:
Ըստ տեղեկանքի՝ ԼՂՀ նախագահ Բակօ Սահակեանին է պատկանում (պաշտօնավարման ժամանակաշրջանը Սեպտեմբերի 7, 2007 թուականից) 257.54 քառակուսի մետրի չափով 1 բնակելի շինութիւն: 2012 թուականի նրա բոլոր եկամուտները կազմել են 4,598,800 դրամ (11,355 դոլար), ինչքան աշխատավարձը եւ դրան հաւասարեցուած այլ վճարումները:
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլեանին (Յուլիսի10, 2010ից) է պատկանում 1 բնակելի շինութիւն (44.9 քառ.մ.): Նրա եկամուտներն են 3,622,607 դրամ, ուղիղ այնքան, ինչքան աշխատավարձը եւ դրան հաւասարեցուած այլ վճարումները:
ԼՂՀ վարչապետ Արայիկ Յարութիւնեանին (Սեպտեմբերի 14, 2007ից) է պատկանում 68 քառակուսի մետր չափով բնակելի շինութիւն, հասարակական-արտադրական (եւ այլ) 4 շինութիւն (821.2 քառ.մ.), 1 տնամերձ (190.22 քառ.մ.) եւ 1 ոչ գիւղատնտեսական նշանակութեան հողամաս (120.8 հա.): Արայիկ Յարութիւնեանի 2012 թուականի եկամուտները կազմել են 101,704,000 դրամ, որից 3,600,000 դրամը նրա աշխատավարձն էր եւ դրան հաւասարեցուած այլ վճարումները:
Տեղեկանքի 27 պաշտօնեաներից 2012 թուականին ամենամեծ եկամուտները ԼՂՀ վարչապետ Արայիկ Յարութիւնեանինն էր՝ 101,704,000 դրամ: Յաջորդը փոխվարչապետ Արթուր Աղաբէկեանն է՝ 68,345,000 դրամ եկամուտով: Երրորդը՝ ԼՂՀ անշարժ գոյքի կադաստրի (կալուածներու պաշտոնական արխիւի-Խմբ.) պետական կոմիտէի նախագահ Կառլեն Պետրոսեանը՝ 13,106,000 դրամով:
Պաշտօնեաների ամբողջական ցանկը կը տպագրուի «Անալիտիկոն»ի փետրուարեան համարում: