ՍԱՄՈՒԷԼ ԱՒԱԳԵԱՆ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏԿԵՐԸ
Տարեվերջին ամերիկեան «Global Financial Integrity» գործակալութիւնը հրապարակեց զարգացող երկրներից ապօրինի ֆինանսական արտահոսքերի մասին հերթական զեկոյցը (2002-2011թթ. համար), ըստ որի՝ վերջին 10 տարում Հայաստանից դուրս է բերուել 6.2 մլրդ. դոլար կամ տարեկան միջինը 623 մլն. դոլար: Վերջին ցուցանիշով Հայաստանը աշխարհի 144 երկրների շարքում զբաղեցրել է 71րդ հորիզոնականը: Իսկ ցանկը գլխաւորում է Չինաստանը՝ տարեկան միջինը 107.5 մլրդ. դոլար, նրան հետեւում է Ռուսաստանը՝ 88 մլրդ. դոլար: Մնացած երկրները զգալիօրէն ետ են մնում:
Մեր հարեւան երկրներից ամենաբարձր ցուցանիշ ունի Թուրքիան՝ տարեկան 3.7 մլրդ. դոլար (25րդ տեղ), այնուհետ՝ Ադրբեջանը՝ 1.7 մլրդ. դոլար (44րդ տեղ): Վրաստանը մեզանից ետ է՝ ընդամէնը 450 մլն. դոլար: Որքան էլ տարօրինակ է՝ Հայաստանը ապօրինի ֆինանսական հոսքերով գերազանցում է նոյնիսկ Ուկրաինային, որի ցուցանիշը 622 մլն. դոլար է: Նշենք, որ Իրանի մասին տուեալներ չկան, սակայն հնարաւոր է՝ դա տեխնիկական վրիպակ է (Իրանի փոխարէն գրել են Իրաք):
ԱՊՀ երկրների մեծ մասն այս վարկանիշում «պատուաւոր» տեղեր է զբաղեցնում: Յատկապէս դա վերաբերում է Մաքսային միութեան անդամներին՝ Ռուսաստանին, Ղազախստանին ու Բելառուսին: Ռուսաստանն ընդհանրապէս ապօրինի ֆինանսական արտահոսքի համաշխարհային առաջատարներից է, Բելառուսը 7.5 մլրդ. դոլար ցուցանիշով 16րդ տեղում է, Ղազախստանը՝ 2.6 մլրդ. դոլարով 29րդում: Ստացւում է՝ Մաքսային միութեան երկրներից տարեկան ապօրինի դուրս է գալիս մօտ 99 մլրդ. դոլար: Ըստ մի շարք հետազօտութիւնների՝ ռուսաստանցի գործարարներն օգտագործում են բելառուսական ու ղազախական ընկերութիւններին փողերի լուացման համար: Երբ Հայաստանը անդամակցի Մաքսային միութեանը՝ նոյնպէս ակտիւօրէն ներգրաւուելու է փողերի լուացման այդ գործընթացին:
ՄԵԹՈԴՈԼՈԳԻԱՅԻ ՄԱՍԻՆ
Որքանո՞վ հաւաստի են «Global Financial Integrity»ի տուեալները: Զեկոյցում նշուած է, որ գնահատել են յանցաւոր ճանապարհով, կոռուպցիայի (կաշառակերութեան-Խմբ.) եւ հարկերից խուսափելու միջոցով գոյացած կապիտալը: Սա կարեւոր հանգամանք է՝ ապօրինի ֆինանսական հոսք ասելով նկատի է առնւում դրանց ծագումը, ոչ թէ դէպի արտասահման փոխանցման սխեման (թէեւ դա եւս կարեւոր է): Խնդիրն այն է, որ որոշ երկրներ, այդ թւում՝ Հայաստանը, վաղուց ազատականացրել են կապիտալ հաշիւները, հետեւաբար ցանկացած փոխանցում երկրից դուրս անօրինական համարուել չի կարող: Հայաստանն այդ քայլին գնաց 1997թ.՝ նոր ձեւաւորուած օլիգարխիայի եւ կոռուպցիայով հարստացած չինովնիկների (պետական պաշտօնեաներու-Խմբ.) պահանջները հաշուի առնելով՝ թոյլ տալով երկրից անարգել դուրս հանել ցանկացած գումար: Իսկ Ռուսաստանի եւ Բելառուսի նման երկրներում կապիտալի արտահոսքը վերահսկւում է, ուստի յանցաւոր ճանապարհով ծագած փողերը դուրս հանելու համար որոշակի սխեմաներ են մշակւում:
«Global Financial Integrity»ն այս կամ այն երկրի տուեաները գնահատելու համար հիմք է ընդունում պաշտօնական տուեալները երկրի վճարային հաշուեկշռի ու արտաքին առեւտրի վերաբերեալ, ուսումնասիրում է այն տարբերութիւնները, որ ի յայտ են գալիս ապրանքի ծագման երկրի ու փաստացի արտահանող երկրի տուեալները համադրելիս:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ
Հայաստանում, ըստ «Global Financial Integrity»ի զեկոյցի, կապիտալի արտահոսքի տեմպն արագացել է 2007 թուականից, թէեւ նախորդ տարիներին էլ ունէր աճի յստակ միտում: 2007թ. երկրից ապօրինի դուրս է հանւում 806 մլն. դոլար՝ կրկնապատկուելով նախորդ տարուայ համեմատ: 2008թ. այդ թիւն արդէն կազմում է 1.1 մլրդ. դոլար, յաջորդ երկու տարիներին կրկին նուազում է, իսկ 2011թ. գրանցւում է ռեկորդային արտահոսք՝ 1 մլրդ. 163 մլն. դոլար:
Հայաստանում ստուերային տնտեսութեան ծաւալը նուազագոյնը գնահատւում է մօտ 3 մլրդ. դոլար (ՀՆԱի մօտ 30 տոկոսը), ու դա ընդունում են նոյնիսկ իշխանութիւնները: Ընդ որում՝ սա չի ներառում թմրամիջոցների, կոռուպցիայի ու այլ յանցաւոր բնոյթի շրջանառութիւնները: Այս համատեքստում տարեկան 1 մլրդ. դոլարի արտահոսքը միանգամայն իրատեսական է:
Ապօրինի դուրս բերուող գումարները ներկայում կազմում են ՀՆԱի մօտ 10 տոկոսը, ինչը բաւական բարձր ցուցանիշ է («Global Financial Integrity»ի զեկոյցում միջինը 3.7 տոկոս է):
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան ներկայացրած վճարային հաշուեկշռի՝ Հայաստանից 2011-2012թթ. տեղի է ունեցել 700 մլն. դոլարի եկամուտների արտահոսք: Թէ դրանից ո՞ր մասն է յանցաւոր ճանապարհով ստացուած՝ դժուար է միանշանակ գնահատել: Սակայն, ընդհանուր առմամբ, ամերիկեան կազմակերպութեան գնահատականները իրականութիւնից շատ հեռու չեն:
«ՀԵՏՔ»