ԳԷՈՐԳ ԱՂԱԲԱԲԵԱՆ
Տարեվերջին, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը, յայտնի է, չափազանց կոշտ քննադատութեան ենթարկեց գործող վարչապետ Տիգրան Սարգսեանի վարած սոցիալ-տնտեսական քաղաքականութիւնը՝ նշելով, թէ «թերարժէք վարչապետն» անթոյլատրելի ճոխութիւն է երկրի համար: Տիգրան Սարգսեանը երկրորդ նախագահին արձագանգեց անմիջապէս: Ամբողջութեամբ անտեսելով Քոչարեանի քննադատութեան բուն առարկան՝ նրա կառավարման տարիներին, այսպէս կոչուած «շինարարութեան փուչիկի» փչման եւ ապա պայթելու հետեւանքով տնտեսական անկման պատճառահետեւանքային կապերը՝ Տիգրան Սարգսեանը շեշտը դրել էր Քոչարեանի յայտարարութեան բարոյական կողմի վրայ: Նա ոչ միայն խուսափեց վերահաստատելու շինարարութեան ոլորտում «փուչիկային» քաղաքականութեան վերաբերեալ իր պնդումները, այլեւ չբերեց ոչ մի հիմնաւորում, թէ ինչո՞ւ վարչապետի պաշտօնն ստանձնելուց նոյնիսկ գրեթէ 6 տարի յետոյ դեռ շարունակում է սեփական ձախողումների մեղքը բարդել նախորդ կառավարութիւնների տնտեսական «աւերի»չ քաղաքականութեան վրայ:
Բայց պաշտպանուելու ոչ մի փորձ չանելով, գործող վարչապետն առաջին հերթին հաստատեց երկու բան: Նախ՝ որ Ռոբերտ Քոչարեանի հետ, անգամ վերջինիս 6ամեայ պաշտօնաթողութեան պարագայում, գտնւում են քաշային տարբեր կատեգորիաներում (դասակարգերու մէջ-Խմբ.), եւ երկրորդ՝ որ այդ ժամանակահատուածը նա այդպէս էլ չկարողացաւ օգտագործել ոչ միայն քաղաքական դաշտում, այլեւ սեփական կուսակցութիւնում ու թիմում բաւարար կշիռ ձեռք բերելու համար: Այս իմաստով վարչապետի անատամ պատասխանն առաջին հերթին մատնում էր նրա՝ քաղաքական յենարան եւ այդ պատճառով բաւականաչափ համարձակութիւն չունենալու փաստը: Տիգրան Սարգսեանի՝ իբրեւ վարչապետի եւ քաղաքական գործչի թերարժէքութիւնը, որը շեշտում է Ռոբերտ Քոչարեանը, մերկացւում է հէնց այս հարթութիւնում: Վերջինս, փաստօրէն, դնում է այդ որակներից զուրկ, իրականում որեւէ բան փոխելու անընդունակ եւ իշխող կուսակցութիւնում բաւարար վստահութիւն չվայելող վարչապետին հեռացնելու քաղաքական խնդիրը՝ փորձելով դրանում շահագրգռել նաեւ նախագահ Սերժ Սարգսեանին: Սա կարելի է համարել նաեւ ներիշխանական քաղաքական վերադասաւորումներ իրականացնելու անուղղակի առաջարկ, որտեղ, բնականաբար, երկրորդ նախագահն ակնկալում է բոլորովին էլ ոչ երկրորդական դերակատարութիւն: Պատահական չէ, որ նա նման կոշտ քննադատութիւնը հնչեցնում է նախագահի կողմից կառավարութեան հրաժարականի հարցը օրակարգ բերելու ֆոնին (իրավիճակին-Խմբ.), որի հնարաւորութեան մասին Սերժ Սարգսեանը խօսել էր ՀՀ էկոնոմիկայի (տնտեսութեան-Խմբ.) նախարարութիւնում Դեկտեմբերի 13ին անցկացրած խորհրդակցութեան ժամանակ:
Դեռ 2011թ. Սեպտեմբերին «Մեդիամաքս» գործակալութեանը տուած ճեպազրոյցում Ռոբերտ Քոչարեանը յստակ նշել էր, որ չի բացառում իր՝ մեծ քաղաքականութիւն վերադառնալու հնարաւորութիւնը, նշելով, թէ դրան կարող է գնալ երեք նախապայմանների առկայութեամբ. «Առաջին՝ երկրի տնտեսական վիճակի եւ մարդկանց բարեկեցութեան զգալի եւ կայուն բարելաւման բացակայութիւնը, եւ, որպէս հետեւանք, փակուղային տրամադրութիւնների եւ արտագաղթի աճը, երկրորդ՝ հասարակութեան տարբեր շերտերի կողմից իմ՝ մեծ քաղաքականութիւն վերադարձի պահանջարկը, երրորդ՝ իմ ներքին համոզուածութիւնն առ այն, որ ես կարող եմ արմատական ձեւով բարելաւել իրավիճակը»:
Գործող վարչապետին, իսկ իրականում յանձին նրա ողջ իշխանութեանն ուղղուած իր վերջին քննադատական յայտարարութեան մէջ Քոչարեանն անուղղակիօրէն հաստատում է, որ արդէն առկայ է իր նշած նախապայմաններից առաջինը:
Ահա թէ ինչու է նա իր արձագանգում խօսում թէ՛ արտագաղթի, թէ՛ հասարակութիւնում տիրող նիհիլիստական (ժխտողական-Խմբ.) տրամադրութիւնների, թէ՛ սոցիալական վիճակի վատթարացման մասին: Պարզ է, որ ինքնին նման խօսքով հանդէս գալն ուղղակիօրէն առնչւում է նրա երկրորդ նախապայմանին: Քոչարեանն իր արձագանգով հասարակական շերտերին ստիպում է համեմատել սոցիալ-տնտեսական այն իրողութիւնները, որոնք առկայ էին իր իշխանութեան վերջին՝ 2006-07թթ. այն պատկերի եւ պայմանների հետ, որ առկայ են հիմա: Պէտք է նշել, որ ամանորեայ սեղանների շուրջ ամենաքննարկուող թեմաներից մէկը հէնց այդ համեմատութիւններն էին եւ երկրորդ նախագահի կոշտ յայտարարութեան հետապնդած նպատակներն ու ենթատեքստերը: Դրանք կարելի է համարել մեծ քաղաքականութիւն վերադառնալու հասարակական, դրանից ածանցուած՝ նաեւ քաղաքական ու յատկապէս ներիշխանական պահանջարկի ձեւաւորման առաջին քայլերը: Եւ միակ կէտը, որի շրջանակում երկրորդ նախագահի կողմից դեռեւս յստակ ուղերձներ չեն եղել, վերաբերում է վերջին նախապայմանին, այսինքն այն հարցին, թէ ինքը՝ Քոչարեանը իրավիճակն արմատական ձեւով բարեփոխելու ներքին համոզուածութիւն ունի՞, թէ ոչ:
Սրա վերաբերեալ կարելի է առայժմ ընդամէնը ենթադրութիւններ անել, թէեւ իրականում այս հարցի պատասխանը մեծապէս կախուած է հէնց նրանից, թէ հասարակութիւնն ու քաղաքական ուժերն իրենք որքանով պատրաստ կը լինեն Քոչարեանի հնարաւոր վերադարձն ընդունելու որպէս օրինաչափ ու նոյնիսկ՝ նախընտրելի տարբերակ: Եթէ Տէր Պետրոսեանին դա յաջողուեց, ինչո՞ւ չի կարող յաջողուել Քոչարեանին: