
«ԱԶԳ».- Օգոստոս ամսին ԱՄՆում (Կալիֆորնիա, Կոստա-Մեսա) «MEZDA PUBLISHERS» հրատարակչութիւնը լոյս է ընծայել Սարգիս Հասան-Ջալալեանի «Պատմութիւն Աղուանից Աշխարհին» աշխատութեան անգլերէն թարգմանութիւնը:
Սարգիս Հասան-Ջալալեանը եղել է Գանձասարի աթոռի վերջին կաթողիկոսը (1794-1815թթ.), որի առաքելութիւնը ներառել է Արցախի եւ Գանձասարի տարածքները:
Շարունակելով իր մեծ հօրեղբօր՝ կաթողիկոս եւ պատմիչ Եսայի Հասան-æալալեանի ազգանուէր գործը, Սարգիսն իր պատմութիւնը սկսում է 1723թ. եւ հասցնում մինչեւ Ռուսաստանի յաղթանակի օրերը ռուս-պարսկական պատերազմում, որի արդիւնքում Արեւելեան Հայաստանը՝ այդ թւում եւ Ղարաբաղը, անջատուեց Պարսկաստանից եւ միացուեց Ռուսական կայսրութեանը:
«Պատմութեան…» ձեռագիր բնագրերից մէկը Գերմանիայի Տիւբինգենի համալսարանում յայտնաբերել է ամերիկացի պրոֆեսոր Ռ. Հ. Հիւսենը 1984թ., անգլերէն թարգմանութիւնն իրականացրել է Կարէն Քեթենջեանը:
Աշխատութիւնը կարեւոր սկզ-բնաղբիւր է Ղարաբաղի հայութեան եւ մասնաւորապէս՝ մելիքների վերաբերեալ, արտացոլում է Ղարաբաղի մելիքների անկախութեան համար պայքարը պարսիկների եւ թուրքերի դէմ, 18-19րդ դարերում: Այն ապացուցում է, որ հայերը՝ լինելով Ղարաբաղի բնիկները, բնակուել եւ ինքնիշխան են եղել այնտեղ, մինչեւ ռուսների գալը:
Մասնաւորապէս՝ այն նոր լոյս է սփռում Աւանի եւ մելիք Եգանի գործունէութեան, մելիքների եւ Ռուսական կայսրութեան յարաբերութիւնների վրայ: Ներկայացուած է մելիքների դաշնագիրը: Այն կարելի է համարել հայկական առաջին սահմանադրութիւնը, որի մէջ մելիքները ձեւակերպել են դրոյթներ ինքնավարութեան եւ ռուսական կայսրութեան գերիշխանութեան ներքոյ հայոց նոր թագաւորութեան կազմաւորման վերաբերեալ:
Նորընծայ գիրքը Հայկական ուսումնասիրութիւնների շարքի 17րդն է, որի նախորդ՝ 14րդ, 15րդ եւ 16րդ գրքերը նոյնպէս ընդգրկում են Արցախի եւ Գանձասարի պատմութիւնը:
«Արցախի մելիքների ժառանգներ» հասարակական կազմակերպութիւնը, որոշակի մասնակցութիւն ունենալով սոյն ձեռնարկում, ողջունում է «Պատմութեան…» անգլերէն հրատարակումը, որը հնարաւորութիւն կը տայ Արցախի մասին նախասկզբնական ճշմարտութիւնը հասցնել անգլիախօս ընթերցողին, հետազօտողին, ինչպէս նաեւ անաչառ սկզբունքներ դաւանող դիւանագէտներին: