ՍՄԲԱՏ ԳՐԻԳՈՐԵԱՆ
Ընթացիկ տարուայ Նոյեմբերին վերջապէս տպագրուեց 2012թ.ին բնակչութեան դրամական եկամուտների մասին պաշտօնական տեղեկատուութիւնը: Վիճակագիրները նման երկար լռութիւնը բացատրում են բիւջէի հետազօտութեան առաջնային տուեալների հսկայական զանգուածի մշակման բարդութեան պատճառով:
Նման տարողունակ աշխատանքի արդիւնքում այն էր, որ բնակչութեան մէկ շնչի միջին եկամուտը փաստացի անցեալ տարի Հայաստանում հաւասար է եղել ամսական 39,065 ՀՀ դրամի կամ մօտաւորապէս՝ մօտ 39 հազար դրամ: Ընդ որում, դրան նախորդող տարուայ համեմատ միջին եկամուտը աճել էր ճիշդ 4.85 հազար դրամով կամ 14.2 տոկոսով: Գնաճը, ըստ պաշտօնական տուեալների, անցեալ տարի կազմել է միայն 2.6 տոկոս: Հաշուի առնելով այս հանգամանքը՝ մէկ շնչին բաժին հասնող եկամուտն աճել է 11.3 տոկոսով:
Մէկ շնչին բաժին հասնող 39 հազար դրամ եկամուտը յարաբերական ցուցանիշ է: Բնակչութեան ապահով հատուածի համար սա խորհրդանշական գումար է: Մեր հասարակութեան հակառակ բեւեռի ընտանիքների համար այն անհասանելի է: Նշենք, որ վիճակագիրների կողմից եկամուտները տարբերակւում են 10 տոկոսով՝ կախուած խմբերում բնակչութեան թուից:
Դեցիլային, ամենաաղքատ խմբերի միջին ամսական եկամուտը հինգ անգամ զիջում է միջին ցուցանիշին՝ կազմելով 7.4 հազար դրամ: Այսինքն, չորս անդամից բաղկացած ընտանիքի համար ամսական 30 հազար դրամից էլ քիչ: Նշենք, որ այս տարուայ չորրորդ եռամսեակում նուազագոյն սպառողական զամբիւղի արժէքը մէկ շնչի հաշուով կազմել է 40.3 հազար դրամ, այսինքն աւելի քան 161 հազար դրամ նման ընտանիքի համար:
Հաշուի առնենք, որ նոյնիսկ այդ խորհրդանշական եօթ հազար դրամը կրկին միջին մեծութիւն է ամենաաղքատ խմբի համար, եւ իրականում կան ընտանիքներ, որոնց եկամուտներն աւելի պակաս են, քան այս գումարը: Սա, ի հարկէ, մեր իրականութեան համար զարմանալի չէ: Սակայն կասկած են յարուցում ամենահարուստների եկամուտները՝ մէկ շնչի հաշուով ամսական շուրջ 119 հազար դրամ: Հասկանալի է, ում դա աւելի մօտ է իրականութեանը դոլարով, քան դրամով…
Հաշուարկների համաձայն՝ բնակչութեան մէկ շնչի հաշուով մանրածախ ապրանքաշրջանառութեան եւ վճարովի ծառայութիւնների ծաւալը հանրապետութիւնում անցեալ տարի կազմել է ամսական 64.6 հազար դրամ: Այսինքն՝ 1.7 անգամ աւելի բարձր, քան փաստացի բնակչութեան միջին եկամուտները: Ստացւում է, որ ապրանքների վաճառքի եւ ծառայութիւնների մօտ 40 տոկոսը առեւտրային ընկերութիւնների, պետութեան, ինչպէս նաեւ մեր երկրի այցելուների հաշուին է, ինչն, ի հարկէ, շատ հեռու է իրականութիւնից:
Ընդ որում հաշուի առնենք, որ մէկ տարուայ ընթացքում առեւտրային բանկերում աւանդների մնացորդներն աճել են շուրջ 154.8 մլրդ. դրամով, ինչը մէկ շնչի հաշուով կազմում է 51 հազար դրամ: Այսինքն, մէկ շնչի հաշուով ամսական եկամուտը կարող է կրճատուել է մի քանի հազար դրամով: Այն ժամանակ եկամուտների ու մանրածախ վաճառքի եւ ծառայութիւնների միջեւ տարբերութիւնը էլ աւելի կ՛աճի:
Պաշտօնական տուեալների համաձայն՝ ամենահարուստների եւ աղքատների եկամուտների միջեւ յարաբերակցութիւնը կազմում է 16 անգամ: Երեք տարի առաջ Ռուսաստանում այդ յարաբերակցութիւնը, ըստ պաշտօնական տուեալների, կազմում էր մօտ 17 անգամ, իսկ ահա ԵՄ անդամ երկրներում՝ 5-6 անգամ (որոշ երկրներում՝ 4 անգամ): Մինչդեռ, Տնտեսական համագործակցութեան եւ զարգացման կազմակերպութեան (OECD) փորձագէտները պնդում են, որ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Բրազիլիան, Ռուսաստանն, Հնդկաստանն ու Չինաստանը, հարուստները վաստակում են 50 անգամ աւելի շատ, քան աղքատները: Ենթադրւում է, որ մեր մեծահարուստները շատ աւելին են վաստակում, քան նշւում է պաշտօնական տուեալներում: Հարուստների ու աղքատների միջեւ յարաբերակցութիւնը նշուածից շատ աւելի մեծ է: Այդ մասին են վկայում նշուած լուրջ անհամամասնութիւնները եկամուտների ու մանրածախ ապրանքաշրջանառութեան, վճարովի ծառայութիւնների ծաւալի միջեւ, ինչպէս նաեւ առեւտրային բանկերում աւանդների աճը: