ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

Նոյեմբերի 4ին Գլենդելի կենտրոնում քայլող մարդկանց մեծ մասի ձեռքում նոյնանման կապոցներ էին, միւսներն էլ շտապում էին «Լը Փափիյոն» խանութ-սրահ՝ ձեռք բերելու իրենց նախընտրած իրը, հեղինակի ինքնագրով:
Այդ օրը, նրբաճաշակ կանանց միաւորել էր ամերիկահայ յայտնի դիզայներ Մայքըլ Արամն իր անկրկնելի արուեստի գործերով: Վաղ առաւօտից մինչեւ երեկոյ, Հարվարդ փողոցում գտնուող խանութ-սրահում աննախադէպ աշխուժութիւն էր, ուր սիրելի դիզայներին հանդիպելու համար այցելուների թւում էին նաեւ առաջնորդ Մուշեղ արք. Մարտիրոսեանը, Լոս Անջելեսի քաղխորհրդի անդամ Փօլ Գրիգորեանը, արուեստագէտներ, մեր յայտնի հայրենակցի աշխատանքները սիրողներ: Մայքըլ Արամն ուրախութեամբ էր ընդունում եւ ժամանակ անցկացնում իւրաքանչիւր յաճախորդի հետ՝ նրանց ներկայացնելով իր ստեղծած սպասքը, տան ներքին յարդարանքի համար նախատեսած գեղեցիկ իրերը: «Իւրաքանչիւր նմուշի պատրաստման դէպքում, թէեւ կիրառւում են տեխնիկական միջոցներ, սակայն հիմնականում ձեռքի աշխատանք է», պատմում է արուեստագէտը:
Մեր աշխարհահռչակ հայրենակցի ստեղծած բարձրաճաշակ արտադրանքը՝ սպասքից մինչեւ կահոյք, ներկայացուած է աշխարհի լաւագոյն ցուցասրահներում եւ վաճառւում է տարբեր երկրների շուրջ 600 մասնագիտացուած խանութներում, Միացեալ Նահանգներում՝ Նիւման Մարկուս, Բլումինգդէյլ եւ այլ բարձրակարգ վաճառասրահներում: Մայքըլ Արամի շնորհիւ, առաջին անգամ, ծաղկած խաչն ու նուռը՝ որպէս հայկականի խորհրդանիշ ներկայացուեցին օտարներին: Սակայն Մայքըլ Արամը խոստովանում է, որ մեծ ուրախութեամբ է այցելում «Լը Փափիյոն», որտեղ յատկապէս հայ յաճախորդների հետ հանդիպելու հնարաւորութիւն ունի:
«Կարեւորում եմ, որ իմ աշխատանքները գնող մարդիկ ոչ միայն սիրում ու գնահատում են, նաեւ՝ հասկանում են իմ ստեղծագործութիւնների հիմքում առկայ իմաստն ու խորհրդանիշները, որ հայկական են մեծամասամբ», խոստովանում է Արամը: Նրա հաւաքածուներում յաճախ կարելի է հանդիպել հայկական խորհրդանիշներ պատկերող բացառիկ արուեստի նմուշների. տաղանդաւոր արուեստագէտը բազմիցս նշել է, որ ստեղծագործելիս իր համար ներշնչանքի աղբիւր են հանդիսանում ազգային թեմաները: Այս հանգամանքն է առիթ դարձել «Լը Փափիյոն»ի հիմնադիր Նազ Ատիկեանի համար՝ դառնալու Մայքըլ Արամի աշխատանքների ամենամեծ ներկայացուցիչը ԱՄՆում: Տաղանդաւոր արուեստագէտը խոստովանեց, որ ուրախութեամբ է համագործակցում Նազ Ատիկեանի հետ. «Միշտ հաճելի է աշխատել մարդկանց հետ, ովքեր քաջալերում են անել այն, ինչ բխում է հոգուց»: Չնայած մեծաթիւ յաճախորդների ներկայութեանը, Մայքըլ Արամը սիրով պատասխանեց մեր մի քանի հարցերին:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- «Հայերէն խօսո՞ւմ էք» հարցիս ի պատասխան, յայտնի դիզայները մայրենիով մի քանի խօսք ասաց, այնուհետեւ՝ շարունակեց անգլերէն:
ՄԱՅՔԸԼ ԱՐԱՄ.- Մանուկ հասակում շատ ժամանակ ունէի հայերէնս զարգացնելու եւ Հայաստան այցելելու, որտեղ եւ հնարաւորութիւն էի ունենում խօսելու: Մայրենիով էր շփումս նաեւ մեծ մօրս եւ մեծ հօրս հետ, սակայն նրանք այլեւս չկան: Չնայած որ ծնողներս էլ խօսում են հայերէն, եւ ես ակտիւօրէն ներգրաւուած եմ Նիւ Եորքի հայ համայնքի կեանքում, այստեղ ամերիկահայերը հիմնականում միմեանց հետ խօսում են անգլերէն: Ցաւօք, քիչ գործածելու պատճառով այժմ դժուարանում եմ վարժ խօսել: Սակայն հայոց լեզուն միշտ իմ մտքում է եւ հոգում ու երեխաներիս էլ սովորեցնում ենք հայերէն:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ձեր ազգային ինքնութիւնն ինչպէ՞ս է ազդել ձեր ստեղծագործական ընթացքի վրայ:
ՄԱՅՔԸԼ ԱՐԱՄ.- Դեռ մանկուց մեծ ազդեցութիւն են ունեցել հայկական մշակոյթի, յատկապէս գորգերի վրայ արտայայտուած գոյները, մոտիվները, որ մեր ինքնութեան մաս են կազմում: Որպէս ստեղծագործող անձ, ես միշտ մտածել եմ, որ պէտք է ստեղծել իրեր, որոնք բխում են ներքին էութիւնից, ենթագիտակցական մակարդակից, եւ ինձ համար դա լաւագոյն պատասխանն է, թէ ինչու է իմ գործերում հայկականութիւնն այդքան վառ: Խօսքը ոչ միայն խորհրդանիշերի մասին է: Մեր կենսաձեւը, իւրայատուկ ջերմ հիւրասիրութիւնը մեր մշակոյթի մասն է կազում: Մենք միշտ մեծ ուշադրութիւն ենք դարձրել նաեւ հիւրասիրութեան ձեւին՝ անդրադառնալով իւրաքանչիւր մանրուքի, ձգտելով, որ ոչ միայն կերակուրը համեղ լինի, այլ նաեւ մատուցուի գեղեցիկ սպասքով, եւ սա տպաւորուել է իմ վաղ յիշողութիւններում:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ի՞նչն է ձեզ ոգեշնչում:
ՄԱՅՔԸԼ ԱՐԱՄ.- Ես սիրում եմ բնութիւնը եւ ստեղծագործելիս միշտ ազդուած եմ եղել բնութեան բոլոր դրսեւորումներով: Օրինակ, աշնան վերջին, երբ տերեւաթափ է, համակւում եմ տխրութեամբ, սակայն սա էլ բնութեան տարերքներից է եւ կեանքի մեր ճամբորդութիւնն է խորհրդանշում: Արդիւնքում, իմ ստեղծած նմուշները յաճախ նաեւ սեւ են լինում: Ես սիրում եմ ցոյց տալ կեանքի երկու կողմը. ոչ միայն գեղեցկութիւնը, նաեւ՝ անկատարութիւնը: Այսինքն, ուզում եմ արտայայտել իրականութիւնը: Մեր ազգը լաւ գիտի, թէ ինչ է դա, եւ հէնց այդտեղից էլ մեզ բնորոշ խորութիւնն է, որին փորձում եմ հասնել իմ աշխատանքներում:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Յաջորդ տարի լրանում է ձեր գործունէութեան 25ամեակը եւ դուք այդ յոբելեանական առիթը որոշել էք նշել նաեւ Հայաստանում:
ՄԱՅՔԸԼ ԱՐԱՄ.- Ինձ համար միշտ մեծ երազանք է եղել ցուցադրել իմ գործերը Հայաստանում: Նազ Ատիկեանի աջակցութեամբ այն իրականութիւն է դառնում, եւ 2014 թուականի գարնանը ես կը ներկայանամ հայրենիքում: Շատ ուրախ էի եւ յուզուած, երբ լսեցի, որ Հայաստանում ինձ ճանաչում են եւ գնում են իմ աշխատանքներից: Անհամբերութեամբ եմ սպասում հայրենակիցներիս հետ հանդիպմանը:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ի՞նչ այլ անակնկալներ են սպասւում:
ՄԱՅՔԸԼ ԱՐԱՄ.- 25ամեակի առիթով, ես հաւաքել եմ իմ տարբեր տարիներին ստեղծած լաւագոյն գործերից եւ դրանք կը թողարկեմ նորից՝ սահմանափակ քանակով: Նաեւ կերտելու եմ 12 մեծ քանդակներ, իւրաքանչիւրը 25 օրինակով, որոնք վաճառքի կը հանուեն ամէն ամիս: Շատ ուրախ եմ, որ առիթ եմ ունենալու ստեղծել յատկապէս արուեստի գործեր: Միաժամանակ, ցուցադրութիւններ կ՛ունենամ ԱՄՆի տարբեր նահանգներում:
Տեղեկանք. իր ստեղծած բացառիկ արուեստի նմուշների համար Մայքըլ Արամն արժանացել է բազմաթիւ պատուաւոր մրցանակների, այդ թւում՝ Միացեալ Նահանգներում նշանակալի ներդրման համար 2011թ.ի հեղինակաւոր «Էլիս Այլընդ» շքանշանին: Մայքըլ Արամը նաեւ բարերար է. հանդիսանում է «Հայաստանի Մանուկներ» Հիմնադրամի տնօրէնների խորհրդի անդամ, նաեւ ԹՈՒՄՕ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի խորհրդի անդամ է: