Բոլորի կողմից շատ սիրուած «Վիկտորի» առողջապահական կենտրոնում նորից հերթական հետաքրքիր եւ ուրախալի օր էր:
Կենտրոնը, որ կոչուած է հոգ տանելու եւ օգնելու տարեցներին, մեկտեղելու նրանց նոյն յարկի տակ, հետեւելու նրանց առողջութեան, նպաստելու նրանց ապրելակերպին եւ օգնելու լուծել նրանց անհանգստացնող անձնական հարցերը, բազմաթիւ հաճելի միջոցառումներ է կազմակերպում նրանց հանգիստի համար:
Կենտրոնի այցելուները մեծ հաճոյքով եւ ուրախութեամբ սպասում են հերթական հետաքրքիր անակնկալին, որը կազմակերպւում է «Վիկտորի» առողջապահական կենտրոնում:
Հոկտեմբեր 16ին, «Վիկտորի»ում այդպիսի հետաքրքիր օրերից մէկն էր: Հանդիսասրահը, որ իր ձեւաւորմամբ հաճելի տրամադրութիւն էր առաջացնում, բոլորին գրաւել էր. մեր տարեցները սպասում էին հերթական հաճելի անակնկալին: Նրանց հայեացքներում կար ուրախութիւն եւ յուզում:
Հանդիսութեան սկիզբը ազդարարուեց Հայաստանի Հանրապետութեան պետական օրհներգով. կենտրոնի ծրագրի կայացման տնօրէն Էլմիրա Կոլտուխչեան (հաղորդման հեղինակ) ներկայացրեց օրուան առիթը՝ ի ուրախութիւն բոլորին, Եկատերինբուրգում՝ Ուրալում, գտնուող Սվերդլովսքի մարզի եւ Ռուսաստանի մեծ քաղաքներից մէկի մէջ տեղի ունեցած հայկական եկեղեցու հանդիսաւոր օծումը:
Եկեղեցին կառուցուել է Սվերդլովսքի մարզի հայ համայնքի նախագահ Մասիս Նազարեանի բարերարութեամբ եւ կոչւում է Սուրբ Յովհաննու Կարապետ:
Եկեղեցու հիմնաքարը դրուել է 2003ին, իսկ Եզրաս արք. Ներսիսեան օրհնած է եկեղեցու հիմնաքարը՝ միւռոնով օծելով, սկիզբ դնելով կառուցման աշխատանքներին:
Տաճարի ճարտարապետն է Յակոբ Գասպարեանը, իսկ որմանկարիչը՝ Արամ Մելքոնեանը:
Եկեղեցին կառուցուել է 5-7 դարերի հայկական եկեղեցիների ճարտարապետական աւանդոյթի կարգով, ունի 37մ. բարձրութիւն եւ 200 հոգու տեղ: Կառուցման համար օգտագործուել է Հայաստանից բերուած բազմաթիւ երանգների տուֆի տեսակներ եւ եկեղեցին զարդարուած է հայկական զարդաքանդակներով:
Եկեղեցու օծման առիթով Եկատերինբուրգ էր ժամանել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ., Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմակալ առաջնորդ Եզրաս արք. Ներսիսեանը, Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանի օգնական Աւետիս Բէրբէրեանը, Ռուս ուղղափառ եկեղեցու մետրոպոլիտ Կիրիլը, Սվերդլովսքի մարզի նահանգապետ Եւգենի Կոյվաշը, փոխնահանգապետ Եակով Մելինը, նահանգային եւ քաղաքային իշխանութիւնների ներկայացուցիչներ, հոգեւոր հայրեր ու բազմաթիւ հայորդիներ՝ տարբեր շրջաններից ու մարզերից:
Օծման առիթով ժամանած ներկաներին հայրապետական օրհնութիւնը տալով՝ վեհափառ հայրապետ Գարեգին Բ. հոգեւոր երգեցողութեան ներքոյ մուտք գործեց նորակառոյց տաճարը եւ սաղմոսների ուղեկցութեամբ՝ Ամենայն հայոց կաթողիկոսը միւռոնով օծեց եկեղեցու Ս. սեղանը: Ապա, թեմակալ առաջնորդ Եզրաս արք. Ներսիսեանը, Մայր աթոռի դիւանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրեանը, միւս հոգեւորականների հետ միասին օծեցին մկրտութեան աւազանը, չորս աւետարանների անունով՝ խորանի սիւները:
Օծման աւարտին, հայոց համայնքին շնորհաւորեց մետրոպոլիտ Կիրիլը, իր խօսքում անդրադառնալով եկեղեցու կարեւոր առաքելութեանը՝ մարդկային կեանքում: Աւետիս Բէրբէրեանը նորակառոյց եկեղեցուն փոխանցեց ակնակուռ ձեռաց խաչ մը:
Օծման արարողութիւնը ամփոփուեց կաթողիկոս Գարեգին Բ.ի շնորհաւորական խօսքերով: Նա վստահութիւն յայտնեց, որ եկեղեցին պիտի համախմբի ամէնքին իր շուրջը եւ համայնքին կեանքը պիտի լեցնի հոգեւոր լոյսով ու բարերարութեամբ՝ դառնալով հոգեւոր եւ ազգային կենտրոն հայ համայնքին համար: Ապա նա շնորհաւորեց հայկական համայնքի ստեղծման 25ամեակը՝ նշելով հայ համայնքի նախագահ բարերար Մասիս Նազարեանի աշխատանքի կարեւորութիւնը: Իր ազգանուէր աշխատանքին համար, կաթողիկոսը Մասիս Նազարեանին յանձնեց «Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ» պատուաւոր շքանշանը, որպէսզ հայրենիքից դուրս արուած աշխատանքի բարձր գնահատական:
Վերը նշուած առիթով, շնորհաւորական խօսքով հանդէս եկաւ «Վիկտորի» առողջապահական կենտրոնի տնօրէն Պերճ Կարապետեանը, նշելով Մասիս Նազարեանի մեծ գործը: Դիմելով կենտրոնի այցելուներին՝ Նոյեմզար Եսայեանին (Մասիս Նազարեանի մայրը), Արեւին (Մասիս Նազարեանի քոյրը) եւ այլոց՝ նա նշեց, որ բարերարութիւնը կոչուած է հոգ տանելու եւ օգնութիւն բերելու մեր ժողովուրդին ու մեր կենտրոնի տարեցներին, նրանց նոյն յարկին տակ մեկտեղելու, նրանց առողջութեանը հետեւելու եւ հաճելի օրեր պարգեւելու համար:
«Վիկտորի» առողջապահական կենտրոնի այցելուները մեծ գոհունակութեամբ ու հիացմունքով յայտնեցին, թէ հոգեւոր բաւարարութիւն ստացան կազմակերպուած միջոցառումից, լցուեցին հաճելի տրամադրութեամբ՝ տանելով իրենց հետ այդ օրը, որը կը մնայ որպէս յոյսի եւ վայելքի տօն:
Ներկայ այցելուները իրենց երախտագիտութեան խօսքը յայտնեցին՝ ըսելով. «Թող «Վիկտորիա»ն միշտ գոյատեւի եւ նրա ջերմ յարկին տակ հաւաքուած բոլոր այցելուները եւ աշխատողները ապրեն ջերմութեամբ, խաղաղութեամբ, ուրախութեամբ, ուժ ու եռանդով՝ պահելով իրենց աւանդութիւնները»:
(Թղթակցութիւնը՝ «Վիքթըրի» առողջապահական կեդրոնէն)