
ԳՈՀԱՐ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկուայում միգրանտների դէմ արդէն մի քանի օր շարունակուող զանգուածային անկարգութիւնները, որոնք վերջին երեք տարուայ ընթացքում նման գործողութիւնների ամենասաստիկ դրսեւորումներից են, մտահոգութիւնների տեղիք են տուել նաեւ Հայաստանում՝ հաշուի առնելով, որ բազմաթիւ հայեր արտագնայ աշխատանքի են մեկնում հէնց Ռուսաստան:
Մոսկուայի հարաւում գտնուող արեւմտեան Բիրիւլեւօ շրջանի բանջարեղէնի բազայում անկարգութիւններ սկսուեցին, երբ Հոկտեմբերի 10ի գիշերն ընկերուհու համար տեղի ունեցած վիճաբանութեան ժամանակ, ըստ նախնական տուեալների՝ ներգաղթեալ ադրբեջանցին դանակահարել էր 25ամեայ բնակիչ Եգոր Շչերբակովին:
Կիրակի, Բիրիւլեւօ թաղամասի մի քանի հարիւր բնակիչ անցկացրել են խաղաղ ցոյց՝ պահանջելով սպանութեան արդար քննութիւն, սակայն այն վերածուել է զանգուածային անկարգութիւնների եւ ոստիկանութեան հետ բախումների, ինչի հետեւանքով, ըստ ռուսաստանեան «ՌԻԱ նովոստի» լրատուական գործակալութեան՝ ձերբակալուել է 1000ից աւելի մարդ, որոնց մէջ մեծ թիւ են կազմում ադրբեջանցի միգրանտները: Անկարգութիւնների փաստով յարուցուել է քրէական գործ:
Վերջին մի քանի տարիների ընթացքում Ռուսաստանի քաղաքներում սլաւոնական մեծամասնութեան եւ Հիւսիսային եւ Հարաւային Կովկասից, ինչպէս նաեւ Կենտրոնական Ասիայից միգրանտների միջեւ տեղի ունեցող բախումներն աւելի յաճախակի են դարձել, եւ պարբերաբար առաջ են քաշւում միգրանտների մուտքը սահմանափակելու պահանջներ:
Դեռեւս այս տարուայ Յուլիսին, երբ Պոդոլսկ քաղաքի մօտակայքում Հայաստանի 46ամեայ քաղաքացի Հրաչեայ Յարութիւնեանի վարած «Կամազ»ը մխրճուել էր մարդատար աւտոբուսի մէջ, որի հետեւանքով 18 մարդ էր զոհուել, կրկին առաջ էր քաշուել միգրանտների հարցը: Իսկ Յուլիսի վերջին Մոսկուայի շուկաներում, որտեղ հիմնականում աշխատում են ներգաղթեալներ, սկսուեցին զանգուածային ստուգումներ, եւ Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ադրբեջանի, Ղրղըզստանի, Հայաստանի, Աբխազիայի եւ Ուկրաինայի մի քանի հարիւր քաղաքացիներ շուկայի տարածքից տեղափոխուեցին ոստիկանութեան բաժին:
Իսկ աւելի վաղ՝ 2010ի Դեկտեմբերին, Մոսկուայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի երկրպագուների ու կովկասցի խմբաւորման միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ 28ամեայ Եգոր Սվիրիդովի սպանութիւնը եւս մեծ բողոքի ալիք էր բարձրացրել:
«Կովկաս» ինստիտուտի փոխտնօրէն, քաղաքագէտ Սերգէյ Մինասեանն «Արմէնիանաու»ին ասում է, որ միգրանտների դէմ այս պայքարը ռուսաստանեան ներքաղաքական գործընթաց է, որը բաւական խոր արմատներ ունի եւ դեռ զարգանալու է ու որեւէ կապ չունի կոնկրէտ երկրի հետ:
Այս տարուայ Սեպտեմբերին Մոսկուայի քաղաքապետի ընտրութեանը երկրորդ տեղը զբաղեցրած եւ մայրաքաղաքում մօտ 30 տոկոս ձայն ստացած Ալեքսէյ Նաւալնին, ով յաւակնում է Ռուսաստանի նոր ընդդիմութեան առաջնորդը դառնալուն, Երկուշաբթի իր բլոգում գրել էր, որ նախաձեռնել է ստորագրահաւաք, որպէսզի յետխորհրդային ասիական եւ կովկասեան հանրապետութիւնների քաղաքացիների համար Ռուսաստանը վիզային ռեժիմ սահմանի:
Օրեր առաջ Ռուսաստանի օմբուդսման (մարդկային իրաւունքներու պաշտպան-Խմբ.) Վլադիմիր Լուկինը եւս առաջարկել էր ԱՊՀ երկրների հետ վիզային ռեժիմ սահմանել՝ ապօրինի ներգաղթի դէմ պայքարի միջոցների շրջանակում, սակայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի ողջունել այդ առաջարկը՝ ասելով, որ նման քայլը չի բխում երկրի շահերից, եւ Ռուսաստանը պէտք է իր կողմը ձգի նախկին Միութեան հանրապետութիւններին, այլ ոչ թէ վանի:
Հելսինկեան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենեակի ղեկավար Արթուր Սաքունցը, ով պատրաստւում է բողոքարկելու Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի Մաքսային միութեանը անդամակցութեան որոշումը, որի մասին անցեալ ամիս յայտարարել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը, նոյնպէս ասում է, որ միգրանտների խնդիրը Ռուսաստանի Դաշնութիւնում պարբերական բնոյթ ունի, սակայն Հայաստանի իշխանութիւնները երբեւէ որեւէ քայլ չեն կատարել նրանց պաշտպանելու համար:
«Չեմ կարծում, որ ՀՀ իշխանութիւնները որեւէ կամք կարող են դրսեւորել իրենց միգրանտներին օգնելու համար: Հայաստանի եւ Ռուսաստանի յարաբերութիւններն այնպիսին են, որ Հայաստանը ծպտուն էլ չի հանի, սա ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին դէպքն է», «Արմէնիանաու»ին ասում է Սաքունցը: