ԱՆՈՒՇ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ-ՀՈՎԵԱՆ
Ամէն Չորեքշաբթի, երեկոյեան ժամը 7-11, Իրանահայ միութեան «Փարոս» յանձնախմբի նախաձեռնութեամբ, միութեանս նախասրահում տեղի են ունենում հաճելի, ուրախ երեկոներ: Ի վերջոյ, ընդառաջելով հրաւէրին, առաջին անգամ լինելով վայելեցի մի աննախընթաց ձեռնարկ: Նախ անակնկալ էր նախասրահում կազմակերպուած երեկոյի մտերմիկ ու հեքիաթային մթնոլորտը. դաշնամուրի վրայ նուագող-երգող օտարազգի երգիչը, մանաւանդ՝ Կազմակերպիչ յանձնախմբի ջերմ ընդունելութիւնը:
Տեղաւորուեցի հանգստաւէտ բազմոցի վրայ: «Ի՞նչ կը խմես», հարցրեց «Փարոս» յանձնախմբի վարչականներից մէկը: «Ոչին»չ, պատասխանեցի: Նա ժպտալով հեռացաւ, վերադարձաւ՝ մի հետաքրքիր խմիչքի բաժակով: «Այս էլ քեզ՝ «Ոչին»չը: Զարմացայ… Իսկ երբ կարդացի «Armenian Bar» հայկական ոգելից ըմպելիների անուանացանկը, զարմանքս փոխուեց ծիծաղի ու հրճուանքի. ամէն մի խմիչք ունէր իր հետաքրքիր, հիւմորով բացատրութիւնը: Թւում եմ մի քանի անուններ, յոյսով եմ, որ ընթերցողն էլ ժպիտով կ՛ընկալի այս հետաքրքիր երեւոյթը. «Ինչ կայ չկայ», «Ցաւդ տանեմ», «Պոլոզ Մուկու»չ, «Վարդան Մամիկոնեան», «Քաջ Նազար», «Սեւ դարդեր», «Նոյեան Տապան», «Սասունցի Դաւիթ», «Մամա ջան, մամա», «Քաւոր Պետրոս» եւ այլ հետաքրքիր հայկական ըմպելիների տեսակներ: Մի քանի խօսքով ներկայացնում եմ «Սեւ դարդեր»ի հեքիաթային բաղադրութիւնը՝ Blak Sorrows.- Mulberry Vodka եւ Black Currant Juice: Այս խմիչքով ձեր դարդերը կը մոռանաք 10 րոպէում, փակագծի մէջ՝ «Չենք երաշխաւորում…»: Մի անգամ Յովհաննէս Թումանեանը ասաց. «Սեւ դարդեր» խմիչքը ոչ հայերին կը վերափոխի իսկական հայի՝ 15 րոպէում»: (Մի՛ շփոթուէք հայ գրող լեգենդար Յովհաննէս Թումանեանի հետ):
Այդ երեկոն վայելեցի հետաքրքիր անակնկալներով: Ներկայ էին արուեստագէտներ եւ արուեստով հետաքրքրուող միութենականներ ու հայ, օտար հիւրեր: Ինձ մօտեցաւ նկարիչ Զարեհ Մկրտիչեանը եւ նուիրեց երկու նկարներ՝ բացատրելով նկարները խորհրդանշող գծերի միտքն ու իմաստը: Մինչ այդ, տարբեր նուագարաններով հիւրաբար եւ սիրայօժար ելոյթ էին ունենում արուեստագէտներ՝ թէժացնելով մթնոլորտը: Իւրայատուկ եւ յաճելի միջոցառում էր, մասնաւորաբար այն իմաստով, որ իւրաքանչիւր Չորեքշաբթի տարբեր է ծրագիրը: Արուեստագէտների մասնակցութիւն, ազատ բեմ եւ ինքնաարտայայտութեան, հարազատ հանդիպման վայր: Երեկոներ, ուր լիցքաթափւում ես միութենական ու հայաբոյր մթնոլորտում:
Ծրագրի մտայղացման ու նպատակին մօտիկից ծանօթանալու համար, հանդիպում ունեցայ «Փարոս» յանձնախմբի պատասխանատուներ Օշին Թոմասեանի եւ Էդուարդ Օրդուխանեանի հետ, Լոս Անջելեսի Իրանահայ միութեան 311 գրասենեակում: Զարմացայ, ուշադրութիւնս գրաւեց այն փաստը, որ հանդիպման վայրը՝ գրասենեակը դասաւորուած էր աշխատանքային մասնագիտական արդիական սարքաւորումներով: Բազմազբաղ երկու ընկեր միութենականների գործնական համագործակցութիւնը աւելի ոգեւորեց ինձ: Հետաքրքրութեամբ հարցրի. «Այստե՞ղ էք աշխատում»: «Այո՛», պատասխանեցին, «Եթէ պիտի վարձ վճարել, ինչո՞ւ ուրիշը շահի, թող որ դա լինի մեր միութիւնը: Այստեղ աշխատելը հաճելի է, երբ հոգնում ենք, հանդիպում ենք միութենականներին եւ սատարում ենք միութեան աշխատանքներին»:
Յաճելի ու նպատակասլաց այս մօտեցումով, երկու միութենականներ իրենց աշխատանքը փոխադրել են ԻՀՄ շէնքում նախատեսուած վարձու գրասենեակներից մեկը:
«Armenian Bar. Typical Armenian Drinking Ceremonies» միջոցառման մտայղացումը Օշին Թոմասեանինն է: Նա մասնագիտութեամբ ճարտարապետ է, համեստ նկարագրով: Աւարտել է Թեհրանի համալսարանը լաւագոյն մակարդակով ու իբրեւ տաղանդաւոր ճարտարապէտ եւ ուսանող՝ արժանացել է բազմաթիւ շքանշանների: Սիրում է արուեստը, լուսանկարչական բնագաւառում ունի իւրայատուկ ճաշակ եւ փորձառութիւն, միշտ սիրայօժար կերպով նկարում է ԻՀՄի ձեռնարկների պատկերները:
Էդուարդ Օրդուխանեանը մասնագիտութեամբ ճարտարապետ է: Նա իր բարձրագոյն կրթութիւնը ստացել է Միլանոյի եւ Մադրիդի լաւագոյն համալսարաններում, աւարտել ու մասնագիտացել է պատմական շէնքերի վերաշինութեան ճարտարապետական արուեստին: Լաւատեղեակ է արուեստի բոլոր ասպարէզներին, հիւմորով լեցուն, կայուն եւ ստեղծագործ մտքով անհատականութիւն է: Երբ հարցրի, թէ ներկայացէք խնդրեմ, ասաց. «Անյայտ եւ ցնդած ճարտարապետ եմ»: Եւ այսպէս, հանդիպման ընթացքին բոլոր պատասխանները լինում էին հիւմորով, բառիմաստի խորքում թաքնուած մոգական պաշտօնը երբեմն շփոթեցնում էր ինձ. տրուած պատասխանները կատա՞կ, թէ իրականութիւն էին, բայց ամէն ինչ այնպէս էր, ինչպէս այս օրերի իրական կեանքը: Նա կազմակերպել է նկարչական եւ արուեստի նուիրուած բազմաթիւ երեկոներ: Էդուարդ Օրդուխանեանը հոգով ու սրտով հայ մտաւորական եւ արուեստագէտ միութենական է:
Էդուարդ Օրդուխանեանը յիշատակելի ուսումնասիրութիւն է կատարել հայկական ճարտարապետութեան բնագաւառում: Նա մասնագիտական եւ ստեղծագործական իւրայատուկ ոճով ցուցակագրել է Ատրպատականի (Պարսկահայք) շրջանի պատմական բոլոր կառոյցների անուանացանկը, այնտեղ գտնուող 146 գիւղերի մատուռների, եկեղեցիների եւ վանքերի ճարտարպետական պատմական տուեալները, ապա ծաւալուն աշխատանք է կատարել վերաշինութեան գործընթացում: Համագործակցել է ԵՈՒՆԵՍՔՕի (UNESCO) հետ՝ Պարսկաստանում, Եւրոպայի զանազան երկրներում ու նաեւ Հարաւային Ամերիկայում, համագործակցելով այս գործում վաստակ ունեցող հանգուցեալ Արմէն Հախնազարեանի հետ:
Մի քանի անգամ առիթ եմ ունեցել մասնակցելու Չորեքշաբթի օրուայ այս իւրայատուկ երեկոներին եւ ամէն անգամ վայելել եմ տարբեր նոր ելոյթներ: Յուսով ենք, որ Իրանահայ միութեան «Փարոս» յանձնախմբի այս հետաքրքիր միջոցառումը ի մի կը բերի արուեստագէտներին:
Երեկոների խորհուրդը արտացոլում է հայօրէն ու մասնաւորաբար միութենական ու արուեստի բնագաւառում թրծուած ու յղկուած կենսաոճը, կիրթ անձնաւորութիւնների աշխատանքը, ովքեր տաղտկալի կեանքը եւ առօրեայի հեւքը դարձնում են իմաստալից ու հաճելի:
Իմանալու համար, թէ ի՞նչ կայ չկայ Չորեքշաբթի երեկոները Իրանահայ միութիւնում, պիտի մասնակցել եւ գոհացում ստանալ՝ ըմպելով «Ինչ Կայ Չկայ» ոգելիցը: