ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

20 ամեայ Սինթիա Քէյլեանի մօտ այս տարուայ Ապրիլին բժիշկներն ախտորոշել էին «Յոդջկինս լիմֆոմա» տեսակի 3րդ աստիճանի քաղցկեղ եւ Սինթիային նշանակել էին

բուժում՝ քիմիոթերապիայի միջոցով:
«Դոկտոր Միհրան Շիրինեանի շնորհիւ ախտորոշման մանրամասներն արագօրէն պարզուեցին եւ նա մեծ հոգածութեամբ ինձ նախապատրաստեց կեանքիս յաջորդ փուլին: Ես սկսեցի բուժուել, եւ ողջ ընթացքում իմ կողքին էին եւ հոգեպէս աջակցում էին ինձ ընտանիքս ու ընկերներս: Նրանք ինձ տուեցին լաւատեսութիւն եւ ամուր լինելու կամք՝ կեանքիս այս փուլում», յիշում է Սինթիան: Չափազանց կարեւոր համարելով քաղցկեղով հիւանդներին բուժման ընթացքում աջակցելու պահը, Սինթիան ստեղծում է մի կազմակերպութիւն, որի նպատակն էր օգնել այլ հիւանդներին: «Իմ բուժման առաջին իսկ փուլում սկսեցի մի նախաձեռնութիւն, որ կոչւում էր «Հուլունքներ պայքարի համար» (Beads For Battle): Ընտանիքիս եւ ընկերներիս հետ միասին սկսեցինք պատրաստել ուլունքահատիկներով ապարանջաններ եւ դրանք անվճար ուղարկեցինք քաղցկեղով հիւանդներին, բուժուածներին եւ քաղցկեղից մահացածների ընտանիքներին: Փոխարէնը, այս մարդիկ էլ ինձ ուղարկեցին իրենց պատմութիւնները, որոնք ես կիսեցի աշխարհի հետ: Ես դա արեցի նպատակով, որպէսզի քաղցկեղով հիւանդներին ցոյց տամ, թէ կայ մի մեծ համայնք, որ պատրաստ է աջակցելու նրանց՝ իրենց պայքարի ընթացքում:
Կազմակերպութեան նպատակն էր նաեւ հանրութեան շրջանում բարձրացնել իրազեկութիւնը քաղցկեղ հիւանդութեան մասին, ցրել այս հիւանդութեան մասին թիւրըմբռնումները ու տեղեկացնել, թէ ինչպէս կարելի է յաղթահարել քաղցկեղի նկատմամբ վախը: Բուժմանս ընթացքում գիտակցեցի, թէ որքան կարեւոր է լաւատես եւ ուրախ լինել ու ժպտալ, եւ որոշեցի ինքս էլ ժպիտներ տարածել բուժուող հիւանդների շրջանում», իր նախաձեռնութիւնն է ներկայացնում Սինթիան:
Նպատակների իրականացման ճանապարհին, նա ներգրաւում է նաեւ ճանաչուած մարդկանց՝ ի դէմս Քրիս Բրաունի եւ Քէն Եոնգի, ովքեր պատրաստակամութիւն են յայտնում աջակցելու կազմակերպութեանը: Առաջիկայում, Սինթիա Քէյլեանը նախատեսում է համագործակցել քաղցկեղով զբաղուող տարբեր կազմակերպութիւնների եւ մանկական հիւանդանոցների հետ: «Ցանկանում եմ որքան հնարաւոր է շատ հիւանդներ ճանաչել եւ անհատապէս հաղորդակցուելով նրանց հետ՝ օգնել յաղթահարելու բուժման փուլը, մեր կազմակերպութեան միջոցով նրանց ուժ տալ եւ խրախուսել: Իմ նպատակներից է նաեւ փոխել այս հիւանդութեան նկատմամբ մարդկանց վախը», ներկայացնում է Սինթիան: Նա ստեղծել է նաեւ հիմնադրամ, որտեղ հաւաքուած նուիրատուութիւններն ամբողջովին ուղղւում են քաղցկեղով հիւանդներին օգնելուն: Նուիրատուութիւնը կարելի է կատարել PayPal համակարգով՝ օգտագործելով
Beadsforbattle@yahoo.com էլ. փոստի հասցէն: Սոցիալական Ֆէյսբուք ցանցում եւս ստեղծուած է էջ, որտեղ մանրամասն ներկայացուած են կազմակերպութեան նպատակներն ու գործունէութիւնը: https://www.facebook.com/BeadsForBattle.
«Հուլունքներ պայքարի համար» կազմակերպութեանը կատարած ձեր նուիրատուութեամբ՝ օգնում էք փրկելու ե՛ւս մէկ քաղցկեղով հիւանդ հայ մանուկի ու պատանու կեանք:
