
ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- «Los Angeles Daily News»ի նախկին խմբագիր Ռոն Քէյը, ով համարւում է ամերիկեան ամենաազդեցիկ քաղաքական վերլուծաբաններից մէկը, վերլուծական յօդուած է հրապարակել Գլենդելի քաղաքային խորհրդի նորընտիր անդամ Զարեհ Սինանեանի մասին: Ինչպէս հաղորդում է «Արմէնփրէս»ը,
վկայակոչելով նշուած թերթը, վերլուծաբանի գնահատմամբ՝ հայազգի երիտասարդ գործչի գործունէութիւնը հետաքրքրական է, քանզի նա պայքարում է իր քաղաքական նպատակների ու գաղափարների իրականացման համար:
Շատ հարցերում Սինանեանը հետեւում է իր թեկնածութիւնը պաշտպանած Հայ Դատի յանձնախմբի քաղաքականութեանը, ինչպէս օրինակ՝ ելեկտրականութեան սակագնի բարձրացման կոշտ բանավէճերում, երբ նա այլընտրանքային լուծում առաջադրեց քաղաքային խորհրդի ընդունած նոր բանաձեւի դէմ՝ առաջարկելով սակագնի տարեկան ընդամէնը 3 տոկոս բարձրացում: Ընդունուած բանաձեւով նախատեսւում է ելեկտրականութեան գինը 2013թ.ին բարձրացնել 8 տոկոսով, 2014թ.ին՝ 7 տոկոսով, 2015թ.ին՝ 5 տոկոսով, իսկ 2016 ու 2017 թուականներին՝ 2ական տոկոսով:
«Ես հասկացայ, որ Հարաւային Գլենդելին վերաբերող խնդիրներում իմ տեսլականը տարբերւում է միւսների տեսլականից: Շրջելով քաղաքի այդ հատուածում՝ դուք կարող էք տեսնել, թէ ինչպէս է այն որակապես տարբերւում Հիւսիսային Գլենդելից, որտեղ ես եմ բնակւում, եւ որտեղ մարդիկ աւելի բարեկեցիկ կեանքով են ապրում: Հարաւային Գլենդելի բնակիչների համար սակագների բարձրացումը կարեւորագոյն խնդիր է», մեկնաբանել է Սինանեանը:
Ըստ նրա, ստեղծուած իրավիճակում բնակչութեան ցածր եկամուտ ունեցող հատուածի համար ելեկտրականութեան վարձի թանկացումը 10ից 13 դոլարի՝ «մխիթարական մրցանակ է, պահեստային լուծում է»: «Իմ նախընտրական քարոզարշաւի կարգախօսն էր՝ եկէք Գլենդելը դարձնենք աւելի լաւը, որն իրագործելու համար անհրաժեշտ է աւելի թափանցիկ գործել եւ Գլենդելում բիզնեսի զարգացման համար հնարաւորութիւններ ստեղծել… Եկէք անկեղծ լինենք. առաջիկայ հինգ տարուայ ընթացքում մենք պատրաստւում ենք բարձրացնել աշխատավարձերը, ինչից այս ամբողջ մոդելը կը փլուզուի, եւ մենք կրկին ստիպուած կը լինենք կանգնել սակագների բարձրացման խնդրի առջեւ»:
Յօդուածագիրը նաեւ անդրադարձել է Գլենդելի քաղաքային խորհրդի նախընտրական շրջանում տեղի ունեցած միջադէպին, որ ստուեր էր գցել հայազգի քաղաքական գործչի հեղինակութեան վրայ: Youtube կայքով տարածուել էր տեսանիւթ, ուր ներկայացւում էին տարիներ առաջ Սինանեանի արած ռասիստական բնոյթի մեկնաբանութիւնները: «Այնուհանդերձ, բողոքի ոչ մի դէպք չի գրանցուել ընտրութիւններից յետոյ նրա պահուածքի վերաբերեալ՝ որպէս ընտրուած պաշտօնեայ», յաւելում է յօդուածագիրը: