
ԵՐԵՒԱՆ, «Նիուզ».– Վերջին ամիսներուն շարք մը նախկին ազատամարտիկներ եւ պահեստազօրի սպաներ՝ օգտուելով օրէնքով իրենց ընձեռուած իրաւունքներէն, կը կազմակերպեն բողոքի ելոյթներ՝ պահանջելով բարելաւել իրենց ընկերային-կենցաղային պայմանները եւ սահմանել կարգ մը այլ արտօնութիւններ: Այդ մասին հետեւեալը գրուած է Հայաստանի պաշտպանութեան նախարարութեան հրապարակած յայտարարութեան մէջ.
«Այդ ընթացքում Հայաստանի Հանրապետութեան պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանն ու նախարարութեան ղեկավար կազմը հանդիպել են նախաձեռնող խմբի հետ եւ մանրամասն քննարկել նրանց բոլոր առաջարկութիւնները: Հայաստանի պաշտպանութեան նախարարը հաւաստիացրել է, որ զոհուած ու հաշմանդամ դարձած ազատամարտիկների եւ զօրացրուած զինծառայողների ընտանիքների սոցիալական(ընկերային) ու առողջական խնդիրների լուծումը եղել ու շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետութեան նախագահի եւ կառավարութեան գործունէութեան առաջնահերթ ուղղութիւններից մէկը եւ գտնւում է խնդրին առնչուող գերատեսչութիւնների ու յատկապէս պաշտպանութեան նախարարութեան ամէնօրեայ ուշադրութեան կենտրոնում:
Միաժամանակ, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսեանի յանձնարարականի համաձայն, պէտք է ձեւաւորուի միջգերատեսչական յանձնաժողով, որը զբաղուելու է ազատամարտիկների բարձրացրած հարցերով: Համաձայն յանձնարարականի, պաշտպանութեան նախարարութեանը վերաբերուող մասով աշխատանքները կազմակերպելու եւ համակարգելու նպատակով այսօր պաշտպանութեան նախարար Ս. Օհանեանը հրաւիրել է խորհրդակցութիւն, որին մասնակցել են պաշտպանութեան նախարարի առաջին տեղակալ Դաւիթ Տօնոյեանը, պաշտպանութեան նախարարի տեղակալ Արա Նազարեանը, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Լեւոն Մնացականեանը եւ շահագրգիռ վարչութիւնների պետեր:
«Ձեւաւորուել է աշխատանքային խումբ, որը ղեկավարելու է պաշտպանութեան նախարարի առաջին տեղակալ Դաւիթ Տօնոյեանը: Մեծապէս կարեւորելով ազատամարտիկներին յուզող հարցերին համակարգուած լուծումներ գտնելու, դրանք օրէնսդրօրէն կանոնակարգելու եւ ամրակայելու անհրաժեշտութիւնը, Հայաստանի պաշտպանութեան նախարարն աշխատանքային խմբին յանձնարարել է համագործակցելով նախկին կամաւորականների հետ, ճշդել նրանց ցուցակները, ապահովել պաշտպանութեան նախարարութեան ակտիւ մասնակցութիւնը օրէնսդրական նախաձեռնութիւնների մշակմանը եւ գտնել սոցիալական խնդիրների լուծման արդիւնաւէտ ուղիները:
Սակայն, ազատամարտիկների առաջադրած պահանջների վերլուծութիւնը վկայում է, որ խնդիրն ունի ինչպէս սոցիալական, այնպէս էլ բարոյահոգեբանական ենթատեքստ:
«Որոշ պաշտօնեաների, հասարակութեան առանձին խմբերի անհոգի վերաբերմունքի պատճառով Արցախեան ազատամարտի բազմաթիւ մասնակիցներ, զոհուած ու հաշմանդամ դարձած կամաւորականների ընտանիքներ այսօր իրենց մոռացուած ու անտեսուած են զգում, այնինչ բոլորիս կողմից փոքր-ինչ աւելի սրտացաւ ու յարգալից վերաբերմունքի դէպքում հնարաւոր է լուծել մի շարք խնդիրներ:
Միեւնոյն ժամանակ, Հայաստանի պաշտպանութեան նախարարութիւնը կողմ չէ ազատամարտիկների կողմից իրենց պահանջները բարձրաձայնելու համար հացադուլների եւ նստացոյցերի դիմելու գործելակերպին եւ կոչ է անում կառուցողական երկխօսութեան ու ողջամտութեան շրջանակներում համատեղ աշխատանքի միջոցով գտնել առկայ հարցերի լուծման ուղիները: Առաւել եւս, որ հանրապետութեան իշխանութիւնները քաջ գիտեն ազատամարտիկների հոգսերն ու դժուարութիւնները եւ ամէնօրեայ մեծ աշխատանք են կատարում դրանք հնարաւորինս թեթեւացնելու համար:
Հայաստանի Հանրապետութեան պաշտպանութեան նախարարութիւնն ակնկալում է, որ նախկին կամաւորականների, զինուած ուժերի վեթերանների ու զինծառայողների, նրանց հարազատների, ինչպէս նաեւ զոհուածների ընտանիքների անդամների հետ աշխատելիս բոլորս հանդէս կը բերենք աւելի ուշադիր ու սրտացաւ վերաբերմունք եւ կը յիշենք հայրենիք կերտելիս նրանց ունեցած աւանդի մասին»։