ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
«Կանաչ Հայաստան» շարժման անդամները Լոս Անջելեսի հայ համայնքին ներկայացրին իրենց առաքելութիւնը Յուլիսի 26ին: Բրբանքում գործող «Շողարթ» պատկերասրահում համախմբուել էին Հայաստանի բնապահպանութեան ոլորտի խնդիրներով մտահոգ տարբեր տարիքի ու մասնագիտութիւնների 200ից աւելի անհատներ:
Ձեռնարկի ընթացքում խօսուեց հանքարդիւնաբերութեան պատճառով Հայաստանի տարբեր շրջաններին հասցուած վնասների մասին, ցուցադրուեց Ռոբերտ Դաւիդեանի ֆիլմը Թեղուտում, Քաջարանում արդէն տեղի ունեցած եւ սպասուող առողջական, սոցիալական կորուստների մասին, այդ շրջաններից արդէն տեղի ունեցող արտագաղթի մասին: «Կանաչ Հայաստան»ի անդամները կոչ ուղղեցին համայնքին՝ միանալու շարժմանն ու միասին մտածելու ստեղծուած իրավիճակից դուրս գալու ելքերի մասին:
ՀՀ կառավարութիւնը հանքարդիւնաբերութիւնը հռչակել է որպէս երկրի տնտեսութեան զարգացման առաջնային ճիւղ՝ հնարաւորութիւն տալով տարբեր օտար ընկերութիւնների իրականացնել գործառոյթներ, որոնց հետեւանքները կարող են կործանարար լինել Հայաստանի շրջակայ միջավայրի համար, որ եւ խթանում են արտագաղթը:
«Կանաչ Հայաստան» շարժումը ստեղծելով, մի քանի մտահոգ ամերիկահայեր ցանկանում են հանրութեանն իրազեկել այս խնդիրների մասին եւ միասին պայքարել յանուն Հայաստանի ապագայ բարօրութեան: «Այս շարժումը սկսուել է նպատակով, որ կարողանանք բնապահպանական հարցերին լուծում տալ՝ կասեցնելով բնութեան աղտոտումը, եւ առաջարկելով տուեալ շրջանների տնտեսութեան համար զարգացման այլընտրանքային նախագծեր: Այս առումով, մենք ակտիւօրէն համագործակցում ենք Հայաստանի բնապահապան ակտիւիստների հետ եւ փորձելու ենք նրանց աջակցել թէ՛ ֆինանսապէս, թէ՛ մասնագիտական խորհրդատուութեամբ», յայտնեց շարժման հիմնադիրներից, շրջակայ միջավայրի հարցերով մասնագէտ Արեգ Ղարաբեկեանը:
Հանրութեան իրազեկումը «Կանաչ Հայաստան» շարժման առաջնային նպատակն է, որի շրջանակներում առաջին քայլը յաջողուեց: Շարժման համահիմնադիր Էլ Եսայեանը յոյս ունի, որ համայնքը ակտիւօրէն կ՛արձագանգի համահայկական նշանակութեան այս հարցին եւ կը միանայ իրենց: «Մեր համայնքի մեծամասնութիւնը տեղեակ չէ, թէ ինչ է կատարւում Թեղուտում, Քաջարանում, որտեղ հանքարդիւնաբերութիւնը անմիջականօրէն վտանգում է շրջակայ միջավայրին, մարդկանց, յատկապէս երեխաների առողջութեանը, մեր երկրի անվտանգութեանը, արտագաղթի պատճառ է դառնում: Հայրենիքում կան պայքարողներ, սակայն նրանց թիւը մեծ չէ եւ նրանք մեր աջակցութեան կարիքն ունեն: Ըստ այդմ, մենք ձեւաւորել ենք խմբեր, որ զբաղուելու են հանրային իրազեկմամբ՝ այստեղ եւ հայաշատ այլ երկրներում: Մեր կազմակերպած դրամահաւաքների միջոցով ստացուած ողջ հասոյթն ուղարկելու ենք նաեւ Հայաստանի բնապահպան ակտիւիստներին: Շարժման ներքոյ գործում է նաեւ մասնագէտների խումբ, ովքեր դիտարկում են հանքարդիւնաբերող ընկերութիւնների գործունէութիւնն ու գտել են բազմաթիւ խախտումներ, որոնք աղէտալի կարող են լինել շրջակայ միջավայրի համար: Ըստ այդմ, մենք պահանջելու ենք ՀՀ կառավարութիւնից վերանայել այդ ընկերութիւններին տրուած լիազօրագրերը», յայտնեց Եսայեանը:
Շարժման անդամներից Աստղիկ Վարդանեանն էլ յայտնեց, որ դիտարկւում են կոնկրետ տնտեսական նախագծեր հանքարդիւնաբերութեան շրջաններում տեղայնացնելու համար:
«Այս ձեռնարկի եւ այսուհետ հանգանակուած գումարները մենք կ՛օգտագործենք նաեւ տուեալ շրջանների բնակչութեան համար փոքր տնտեսութիւններ ստեղծելու համար: Օրինակ՝ մեղուաբուծութեան, անասնապահութեան, կանանց համար տնայնագործական տարբեր աշխատանքների համար ստեղծելով պայմաններ, մենք աշխատատեղեր կ՛ապահովենք տեղի բնակիչների համար, ինչը նրանց համար կը լինի հանքարդիւնաբերութիւնից ստացուող շատ ցածր եկամուտների շահաւէտ այլընտրանք»:
«Կանաչ Հայաստան»ի նշուած նպատակներն իրականացնելու համար, ձեռնարկի ընթացքում անցկացուեց դրամահաւաք, եւ ստացուած գումարներն, ըստ շարժման անդամների առաջին հերթին կ՛ուղղուեն հանրութեան իրազեկման, Հայաստանի բնապահպանական շարժումներին աջակցելու ուղղութեամբ:
Կարէն Եղբայրեանը, Հայաստանի բնապահպանութեան խնդիրների լուծման համար պայքարի ակունքներում է: «Հանքարդիւնաբերութիւնը, որ նպատակ ունէր տնտեսապէս հզօրացնել երկիրը, ներկայում Հայաստանի փլուզման պատճառ կարող է դառնալ: Աշխարհասփիւռ հայերը պէտք է միանան այս խնդրի շուրջ՝ կանխելու համար անխնայ եւ անփոյթ, երբեմն նաեւ ապօրինի կերպով հանքերի շահագործումը, այլապէս այդ տարածքները շուտով լիովին կ՛ամայանան»:
Հոգեբոյժ Արթուր Պօղոսեանը, որ շարժման մէջ ընդգրկուած է ընտանիքի՝ կնոջ եւ երեք տղաների հետ, յորդորում է յանուն մաքուր եւ բնական Հայաստանի առաջնորդուել խմբային մտածողութեամբ եւ միանալ շարժմանը. «Պուլիցերեան մրցանակակիր լրագրող Քրիս Հեջիսն իր գրքում («Days of Destruction, Days of Revolt») անդրադառնում է նաեւ հանքարդիւնաբերութեանը, ինչն ըստ հեղինակի, այսօր կործանում է Միացեալ Նահանգները: Նման խնդրի առաջ են կանգնած նաեւ Բրազիլիան, Ասիական այլ երկրներ, եւ սա համաշխարհային միտում է: Սակայն փոքր երկրների դէպքում, ինչպիսին Հայաստանն է՝ կործանումն արագ եւ միանգամից կը լինի: Ուրեմն, համախմբուելով ի սէր Հայաստանի, մենք պէտք է թոյլ չտանք, որ մեր հայրենիքը զոհ դառնայ խոշոր օտար ընկերութիւններին, կամ մի քանի անհատների ախորժակը բաւարարելուն»:
Ամերիկահայ ճարտարապետ Վազգէն Բրուտեանը, որ ներկայում բնակւում է Հայաստանում եւ մասնակցում է հայաստանեան ակտիւիստների աշխատանքներին, ուրախ էր, որ ԱՄՆ կարճատեւ այցը համընկել է «Կանաչ Հայաստան»ի ձեռնարկին: «Ոգեւորուած եմ, այսքան թուով մարդիկ են հաւաքուել աջակցելու բնապահպանական այս շարժմանը: Այն պէտք է համակի ամբողջ Սփիւռքը: Հայաստանի ակտիւիստներն են այս շարժման հիմքում, եւ բոլորս պէտք է աջակցենք եւ զօրավիգ լինենք նրանց», համոզուած է Բրուտեանը:
«Համացանցից եմ տեղեկացել այս շարժման մասին եւ այսօր միանում եմ նրանց, ովքեր պայքարում են Հայաստանում առողջ եւ մաքուր միջավայր պահպանելու համար», նշեց Լիանան:
Ձեռնարկին մասնակիցներից շատերն առաջին անգամ էին լսում բարձրաձայնուած խնդիրների մասին եւ հաւաստիացրին, որ այսուհետ իրենց նպաստը կը բերեն:
«Կանաչ Հայաստան»ի մեկնարկը տեղի ունեցաւ արուեստով լի մթնոլորտում: «Շողարթ»ի տիրուհին՝ արուեստագէտ Շողեր Պաղտուտ-Թիլքիյեանը սիրով էր տրամադրել պատկերասրահը. «Ինձ հոգեհարազատ է այս շարժումը: Իմ գործերում, կոլաժներում ես մշտապէս օգտագործում եմ չորացած տերեւներ, ծաղիկներ, փայտ, որոնք մշակում եմ իմ իսկ ստեղծած տեխնոլոգիաներով: Վերամշակումը, բնութեան պահպանութիւնը պէտք է լինի բոլորիս առօրեայ հարցը: Ոգեւորուած եմ, որ ստեղծուել է նման շարժում եւ սիրով եմ աջակցում», նշեց Շողերը:
«Կանաչ Հայաստան»ի անդամները յորդորում են Հայաստանի բնապահպանութեամբ մտահոգ բոլոր անձանց՝ միանալ շարժմանը: Մանրամասներին կարելի է ծանօթանալ՝ www.greenarmenia.net կայքից: Այստեղ կարելի է նաեւ նուիրատուութիւններ կատարել: Միաժամանակ, շարժումը պատրաստւում է յաջորդ խոշոր ձեռնարկին՝ «Իրազեկման քայլարշաւ»ին, որ տեղի կ՛ունենայ Սեպտեմբերի 22ին: