
Յունիս 25ին Գլենդելի Քաղաքային խորհուրդը Սեդա Խօճայեանին նշանակել է Կանանց կարգավիճակի յանձնաժողովի (Glendale Commission on the Status of Women) անդամ: Սեդա Խօճայեանը Գլենդելի ՀՕՄի Սիփան միութեան անդամուհիներից է: Նուիրուած ՀՕՄուհի լինելով միաժամանակ Սեդա Խօճայեանը օրինակելի մայր է եւ քոյր, եւ հայ կնոջ օրինակելի տիպար է: Սեդան իր համակարգչային ծրագրաւորողի մասնագիտական փորձը եւ տնտեսագիտական ու վարչագիտական ուսումը օգտագործում է հանգանակային ծրագրաւորումների, դրամաշնորհների նախագծերի գրաւոր դիմումների եւ նմանատիպ միջոցառումների համար: Նա օգնում է հայկական կազմակերպութիւններին՝ ապահովելով ֆինանսական միջոցներ տարբեր բարեգործական, կրթական եւ սոցիալական ծրագրերի իրագործման համար, թէ կազմակերպութիւնների եւ թէ նրանց ճամբով սոցիալապէս անապահով եւ ցածր եկամուտ ունեցող ընտանիքների համար:
Սեդա Խօճայեանը Միացեալ Նահանգներ է տեղափոխուել Իրաքից, 1976ին:
Երկու շրջան եղել է ՀՕՄի Արեւմտեան Ամերիկայի Շրջանային վարչութեան անդամ իբրեւ փոխնախագահ, գանձապահ եւ խորհրդատու: Աշխատել է նաեւ տարածաշրջանային յանձնախմբի մէջ, իսկ երեք շրջան եւս ընտրուել է ՀՕՄի Գլենդելի «Սիփան» մասնաճիւղի վարչութեան մէջ որպէս նախագահ, փոխնախագահ, գանձապահ եւ խորհրդատու անդամ:
Սեդան կամրջում է տարբեր ճաշակներն ու անհատները: Կարող է ի մի բերել մեր բազմատարր համայնքի բոլոր ուժերը՝ յանուն բարի եւ ընդհանուր նպատակի իրագործմանը: Նա հովանաւորողներ է գտնում ոչ միայն համայնքի անդամներից, այլ նաեւ խոշոր ընկերութիւններից ու դրամատներից: Երկար տարիներ մասնակցել եւ ղեկավարել է կազմակերպական եւ հանգանակային միջոցառումներ՝ ՀՕՄի, Շամլեան վարժարանի, Հայ Մշակութային Հիմնարկութեան Գլենդելի Գարամանուկեան երիտասարդական կենտրոնի, ՀՄԸՄի «Արարատ» մասնաճիւղի, Նաւասարդեան խաղերի եւ փառատօնի, «Ասպարէզ»-«Հորիզոն»ի, Հայ Դատի յանձնախմբի, Գլենդելի YMCA-ի, Ընտանեկան բռնութեանց իրազեկման յանձնաժողովի, Գլենդելի Միասնութեան փառատօնի, Կանանց կարգավիճակի յանձնաժողովի, Կեանքի արշաւի եւ այլ հասարակական կազմակերպութիւնների համար:
2008թ.ին պարգեւատրուել է Գլենդելի Գոհարների շարքին՝ Կնոջ քաջութեան շքանշանով, Գլենդելի Կանանց կարգավիճակի յանձնաժողովի կողմից:
Որպէս մայր եւ վերջերս՝ մեծ մայր կամաւոր աշխատանքի հանդէպ տածած իր սէրը փոխանցել է իր ընտանիքի անդամներին եւ իր հարազատներին եւ իր ընտանիքի հետ միասին նպաստում է քաղաքի բնակիչների բարօրութեանը:
Սեդա Խօճայեանն ամուսնացած է Շիրակ Խօճայեանի հետ, որը ֆիլմ արտադրող, խմբագրող եւ կինոյի լուսանկարիչ է: Նրանք ունեն երկու որդի եւ մէկ թոռնուհի՝ Լիլիան անունով: