
Գլենդէյլ-Կապան քոյր քաղաքների յանձնախումբը ուրախ է յայտնելու, որ անցնող ամիսների ընթացքում, յանձնախմբի ջանքերով, երկու հիմնական աշխատանքներ են իրականացել:
Գլենդելի հանրային դպրոցների հայ աշակերտների միութիւնների կողմից հաւաքագրուած խաղալիքներն ու գրական պիտոյքները այս տարուայ Փետրուարին փոխադրուել են Կապան, եւ Գլենդել-Կապան քոյր քաղաքների յանձնախմբի տեղական գրասենեակին միջոցով՝ բաժանուել Կապանի մանկապարտէզների աշակերտութեան:
Արդէն տարիներ է, որ Գլենդել-Կապան քոյր քաղաքների յանձնախումբը Գլենդելի Adventist հիւանդանոցի օժանդակութեամբ փորձում էր Կապանի շրջանի առողջապահական կենտրոններից մէկում իր ներդրումն ունենալ: Արդէն 8 տարի է, որ Կապանի բժշկական կենտրոնը բժշկական օգնութիւններ է ստանում Գլենդել-Կապան քոյր քաղաքների յանձնախմբի միջոցով: Այս տարուան Մարտ ամսին իրականացաւ այդ կարգի օժանդակութիւնների խոշորագոյնը. Գլենդել-Կապան քոյր քաղաքների յանձնախումբը Կապանի բժշկական կենտրոնին նուիրեց ճափոնական արտադրութեամբ «էնդոսկոպ»ի եւ էլեկտրօսրտագրութեան սարքաւորումներ՝ շուրջ յիսուն հազար դոլարի արժողութեամբ:
Սարքաւորումները գնուել են արտադրող ընկերութեան Հայաստանի ներկայացուցչական գրասենեակից. նոյն ընկերութիւնը ապահովում է նաեւ անձնակազմի վերապատրաստումն ու այլ յարակից ծառայութիւնները: Սարքաւորումները Կապանի բժշկական կենտրոնին տրամադրուեցին Գլենդել-Կապան քոյր քաղաքների յանձնախմբի Կապանի գրասենեակի ներկայացուցչի միջոցով:
Կապանի բժշկական կենտրոնի բժիշկ, էնդոսկոպիստ Ռիտա Մկրտչեանի վկայութեամբ՝ «Էնդոսկոպիայի այս տեսակը գիտութեան վերջին թողարկումն է եւ սրանով աշխատանքը անհամեմատ աւելի արդիւնաւէտ է լինելու»:
Կապանի բժշկական կենտրոնի Թերապեւտիկ բաժանմունքի վարիչ Գայիանէ Այվազեանը, գնահատելով Գլենդել-Կապան քոյր քաղաքների յանձնախմբի կողմից նուիրաբերուած էլեկտրոսրտագրութեան սարքաւորման կարեւորութիւնը՝ նշեց. «Այս արդիական սարքաւորումը կը ծառայի ոչ միայն Կապան քաղաքի, այլ նաեւ շրջակայ գիւղերից գացող հիւանդներին»:
Սարքաւորումների յանձնման արարողութեան ընթացքին, Գլենդել-Կապան քոյր քաղաքների յանձնախմբի Կապանի ներկայացուցիչ Արմենակ Ստեփանեանը գնահատեց Գլենդելի Adventist հիւանդանոցի ներդրումը սոյն աշխատանքում:
«Adventist հիւանդանոցի ղեկավարները 2004 թուից այցելել են Կապան եւ սկսել իրենց ներդրումները Գլենդել-Կապան քոյր քաղաքների յանձնախմբի աշխատանքների շրջանակներում», նշեց Արմենակ Ստեփանեանը:
Ստեփանեանը շնորհակալութիւն յայտնեց նաեւ ՀՅԴ Գլենդելի «Ահարոնեան» եւ Սիւնիքի մարզի «Արամ Մանուկեան» կոմիտէներին, որոնք նպաստել են Գլենդել-Կապան քոյր քաղաքների յանձնախմբի հիմնադրմանն ու անցնող տարիների ընթացքում տարած աշխատանքին:
Նուիրուած զոյգ սարքաւորումների շնորհիւ, Կապանի եւ շրջանի ժողովուրդը այլեւս կարիքը չի ունենայ տուեալ քննութիւնների համար ճամբայ կտրելու մինչեւ Երեւան:
Կապանի բժշկական կենտրոնի տնօրէն Սմբատ Օրբելեանը Գլենդել-Կապան քոյր քաղաքների յանձնախմբին ուղղուած իր շնորհակալական նամակում յայտնում է, որ սարքաւորման հետ աշխատող Կենտրոնի մասնագէտները արդէն իսկ աւարտել են Երեւանում կայացող վերապատրաստման շրջանը, եւ այժմ յաջողութեամբ շահագործում են նշեալ սարքաւորումները: Օրբելեանը յոյս է յայտնել, որ սոյն համագործակցութիւնը ապագայում եւս կը շարունակուի՝ յանուն Կապանի բնակչութեան բարօրութեանը:
Նշելի է, որ Գլենդելի քաղաքապետարանի խորհուրդը 2002ի Դեկտեմբերին, Հայաստանի Սիւնիքի մարզի Կապան քաղաքը պաշտօնապէս հռչակեց իբրեւ Գլենդելի քոյր քաղաք: Գլենդել-Կապան քոյր քաղաքների յանձնախումբը նպաստում է տնտեսական, մշակութային եւ բարեսիրական փոխառութիւններին՝ երկու քաղաքների միջեւ:
(Թղթակցութիւնը՝
Յանձնախումբէն)