
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
«Առողջութեան գրաւականը մտքի եւ մարմնի հանգստութիւնն է, ներդաշնակ գործունէութիւնը, որ ամենաարդիւնաւէտ դեղամիջոցն է տարբեր հիւանդութիւնների համար», համոզուած է բժիշկ Արմէն Գասապեանը: Բազմակողմանի մօտեցմամբ, նա տարիներ շարունակ օգնում է իր հիւանդներին՝ վերականգնելու ֆիզիկական եւ հոգեկան առողջութիւնը: «Մարդկանց օգնելու ցանկութիւնն ու գիտութեան նկատմամբ սէրն էր, որ ինձ ուղղորդեց ընտրել բժիշկի մասնագիտութիւնը», խոստովանում է Գասապեանը: Աւարտելով Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) եւ Հարաւային Կալիֆորնիայի համալսարանի (USC) Բժշկական դպրոցները, նա այնուհետեւ մասնագիտացել է որպէս վիրաբոյժ եւ միզաբան Նիւ Եորքի հեղինակաւոր «Մաունթ Սինա» բժշկական կենտրոնում: «Ուսումնասիրեցի նաեւ սեռական եւ վերարտադրողական առողջութեան հետ կապուած խնդիրներ: Սեռական կեանքի եւ յարաբերութիւնների վերաբերեալ բժիշկի դիմելիս կաշկանդուածութիւն կար՝ մասնաւորապէս հայերի շրջանում, եւ ցանկանում էի օգնել, որպէսզի մարդիկ յաղթահարեն բոլոր բարդոյթները եւ կարողանան անկեղծօրէն խօսել իրենց խնդիրների մասին», յայտնում է բժիշկը: Արմէն Գասապեանը, արեւելեան ափում ուսումն աւարտելուց յետոյ վերադառնում է Լոս Անջելես. «Այլ քաղաքներում աշխատանքի հնարաւորութիւններ կային, սակայն քանի որ ընտանիքս եւ հայ համայնքը հիմնականում այստեղ էր կենտրոնացած՝ ազգակիցներիս ծառայելու նպատակով որոշեցի հաստատուել Լոս Անջելեսի շրջանում: Ցանկանում էի, որ իմ ստեղծած բուժհաստատութիւնը դառնար այնպիսի մի վայր, որտեղ հայերն իրենց ապահով եւ պաշտպանուած զգային», խոստովանում է Գասապեանը: Նա ցանկութիւնն իրականութիւն է դարձնում: Այսօր Բրբանքում գործող Արմէն Գասապեանի գրասենեակի այցելուների շարքում մեծ է հայերի թիւը, որոնցից իւրաքանչիւրին, ինչպէս նաեւ բոլորին, տրւում է անհատական, հոգատար մօտեցում: Միզասեռական օրգանների հիւանդութիւնների, երիկամների քարերի, շագանակագեղձի քաղցկեղի, կանանց անմիզապահութեան, տղամարդկանց անպտղութեան բուժում, սեռական խախտումների վերականգնում՝ նաեւ վիրահատական միջամտութեամբ: «Մեր բուժկենտրոնը մի ապահով վայր է, որտեղ մարդիկ կարող են խօսել իրենց խնդիրների մասին, պատմել մտահոգութիւններից: Մինչ բուժումը սկսելը, զրուցում եմ այցելուի հետ եւ փորձում հասկանալ ոչ միայն խնդիրը, նաեւ՝ պատճառները, ստանալ ամողջական տեղեկութիւն, որն օգնում է առաւել արդիւնաւէտ իրականացնելու բուժումը: Բազմաթիւ են դէպքերը, երբ մինչ վիրահատական միջամտութիւնը, փորձ եմ անում հոգեբանական զրոյցների միջոցով, առողջ ապրելակերպի մասին խորհրդատուութեամբ օգնել այցելուին», նշում է Գասապեանը: Բժիշկի աշխատանքային միւս հատուածը տեղի է ունենում վիրահատարանում: Հիւանդութիւնների առաջացումն, ըստ Գասապեանի, մեծապէս պայմանաւորուած է կենսակերպից եւ սննդակարգից եւ դրանք կարելի է կանխել կամ նպաստել դրանց բուժմանը՝ հետեւողական լինելու դէպքում: «Երիկամներում քարերի խնդիրներ ունեցող մարդիկ, օրինակ, պէտք է առանձնակի հետեւեն իրենց սննդին, շատ ջուր խմեն, նուազեցնեն ալկոհոլի քանակը եւ իւղոտ կերակուրները: Սակայն կեանքի ռիթմն ու ապրելակերպը այդքան էլ հեշտ չի փոխել, եւ ստիպուած ենք լինում վիրահատական միջամտութիւն կատարել», նշում է Գասապեանը: Անպտղութեան հարցում, կանանց եւ տղամարդկանց մօտ պատճառները բազմազան կարող են լինել: «Շատ դէպքերում դրանք գենետիկ են, կարող են լինել նաեւ հորմոնալ խանգարումների, բորբոքումների, սեռավարակների արդիւնքում եւ այլն», նշում է Գասապեանը: Տարբեր են նաեւ տարիքային խմբերի մօտ առկայ խնդիրները: «Երիտասարդ զոյգերի պարագայում խնդիրները հիմնականում հոգեբանական են՝ անհանգստութիւններ, վախեր, «սթրես» (լարուածութիւն-Խմբ.): Այս դէպքում առաջնային է հանգստացնել միտքը եւ, արդիւնքում, մարմինը նոյնպէս հանգիստ եւ առողջ կը լինի: Շատ ժամանակ միայն մէկ կողմն ենք կարեւորում՝ մարմին կամ միտք, սակայն այս երկուսը փոխկապակցուած են եւ հաւասարապէս կարեւոր», խորհուրդ է տալիս բժիշկը: Արմէն Գասապեանը հայ համայնքին իր ծառայութիւնները մատուցում է նաեւ Գլենդելում ամէն տարի անց կացուող առողջապահական փառատօնի ընթացքում՝ անվճար բժշկական խորհրդատուութիւն տրամադրելով ձեռնարկի հազարաւոր այցելուների: Արմէն Գասապեանը նաեւ ակտիւօրէն ներգրաւուած է Հայ-ամերիկեան բժշկական միութեան հասարակական աշխատանքներում: «Միութեան շրջանակներում մշտապէս հաւաքւում ենք, կարդում ենք դասախօսութիւններ: Այդ միջոցառումների նպատակը սկսնակ բժիշկներին աջակցելն է, ծանօթութիւններ հաստատելը, որպէսզի միասին աւելի լաւ կարողանանք ծառայել մեր համայնքին«» ասում է Արմէն Գասապեանը: Նա սերտօրէն համագործակցում է նաեւ Հայաստանի բժիշկների հետ, որոնք պարբերաբար այցելում են Միացեալ Նահանգներ փորձի փոխանակման նպատակով: Արմէն Գասապեանը նաեւ ամերիկեան բազմաթիւ հեղինակաւոր միութիւնների անդամ է:
Սրտագին Շնորհաւորանքս այս Հիանալի Յօդուածին առիթով հանդեպ ձեր ունեցած Բժիշքական փորձարու Զարքացումին, Մաղթելով ալ աւեիլի Առողջութեամբ լի Հաջողութիւնեեր ձեր Մասնագիտութեան Ասպարեզեն ներս․