
ԱՆԻ ԹԱԴԷՈՍԵԱՆ

Բժիշկ Նուբար Ջանոյեանի հիմնադրած «All for Health, Health for All» բժշկական համայնքային կենտրոնն այսօր ամենամեծն է Լոս Անջելեսում: Գլենդելի եւ Բըրբենքի չորս մասնաճիւղերում ամէն օր աւելի քան երեք հարիւր հիւանդ է սպասարկւում: Կենտրոնի առանձնայատկութիւնը ցածր եկամուտ ունեցող անձանց համար նախատեսուած անվճար ծրագիրն է, որի շնորհիւ հիւանդներն անվճար ստանում են նոյն օգնութիւնը՝ ինչը բժշկական զանազան ապահովագրութիւններից օգտուող այցելուները:
Նուբար Ջանոյեան. «Աստծուց մեզ տրուած ամենամեծ նուէրը կեանքն է, եւ բժշկի մասնագիտութիւնը օգնում է այդ կեանքը հնարաւորինս առանց ցաւի անցկացնելու: Ես այդ նպատակով եմ ընտրել բժշկի մասնագիտութիւնը, իսկ իմ համոզմամբ բժշկական ծառայութիւնը պէտք է հասանելի լինի ոչ միայն հարուստին, այլ՝ նաեւ աղքատին: Կեանքի նուէրը հաւասարաչափ տրուած է բոլորին: Հասարակութեան ստեղծած աստիճանները միշտ անարդար են թուացել ինձ եւ միշտ փորձել եմ օգնել առաւել կարիքաւորներին: Առողջութեան առումով՝ բժիշկը հնարաւորութիւն ունի յաղթահարելու այդ անհաւասարութիւնը՝ արդար լինելու ամենակարեւոր սկզբունքը: Ի վերջոյ, քրիստոնէութեան հիմքում ամենամեծ գաղափարը մարդկանց ծառայելն էր: Առողջ լինելու եւ բժշկի օգնութեան իրաւունքն ունեն բոլորը»:
Համալսարանն աւարտելուց յետոյ Նուբար Ջանոյեանը աշխատելու համար ընտրել է այն վայրը, ուր խուսափում էին գնալ բոլորը՝ Աֆրիկա: Միանգամից օգնել է մի քանի գիւղի բնակիչների: Յետագայ աշխատանքում էլ, արդէն Միացեալ Նահանգներում, անվճար օգնութիւն ստացած հիւանդների երախտագիտական նամակների շնորհիւ նրան վստահուել է Դաշնակցային կառավարութեան որակակաւորմամբ գործող առողջապահական կենտրոնի աշխատանքը: Հիւանդներին անվերադարձ օգնելու բժշկի պատրաստակամութիւնն է, որ գնահատել է կառավարութիւնը՝ Նուբար Ջանոյեանին հնարաւորութիւն տալով աշխատելու պետական հովանաւորութեամբ գործող անվճար առողջապահական ապահովագրութեան ծրագրով: Այժմ կենտրոնը վաթսուն հոգիանոց աշխատակազմ ունի:
Նուբար Ջանոյեան. «Իմ կենտրոնի շեմը անցած ոչ մի հիւանդ չպէտք է մերժուի եւ նրան պէտք է օգնութիւն ցուցաբերուի: Հիւանդն, ի վերջոյ, գիտի իր ցաւն ու գիտի, որ կը ստանայ անհրաժեշտ դեղը: Բժշկին հանդիպելու կարեւոր նպատակն իր ցաւը կիսելն է ու դիմադրելու ուժը ստանալը: Լաւ բժիշկը հիւանդութիւնից չի խօսում: Երբ կատարեալ գիտելիքներով մասնագէտը հիւանդին գնահատում է որպէս ախտանիշների մի հանրագումար եւ վայրկենական որոշում կայացնում՝ դա հիւանդին անվստահութեան առիթ է տալիս, հիւանդը մտածում է նաեւ, որ ինքը բժշկի եկամտի աղբիւրն է: Յաճախ մեծահասակաների համար միակ խօսելու առիթ ընձեռնում է բժիշկը, միակ մարդը ով հարցնում է ինչով կարող եմ օգնել, ում կարելի է բողոքել տանջող ցաւերից»:
Այս հաւատով էլ բժիշկ Նուբար Ջանոյեանը նախաձեռնում է յետագայ ծրագրերը՝ տարեցների Առողջապահական եւ Հոգեբանական օգնութեան կենտրոնների հիմադրումը:
Նուբար Ջանոյեան. «Տարեցներին տրուող ուշադրութեան կարեւորութիւնը երբեմն չենք գնահատում: Ընտանիքի երիտասարդ անդամների հոգսերը շատ են: Մեծահասակաները երբեմն անուշադրութեան մատնուելով իրենք մեղքի զգացում են ունենում, որ եւս մի հոգս են, կամ իրենց երեխաներին ամէն ինչ չէ, որ հասցրել են անել: Շփման պակասը, անօգտակարութեան զգացումը բաւարար պայմաներ են, որպէսզի մարդն իրեն հիւանդ զգայ: Իր նման մարդկանց հետ փոխադարձ շփումը ոչ միայն օգտակար կը լինի նրանց առողջութեանը, նաեւ կ՛օգնի աւելի քիչ յաճախականութեամբ ծայրայեղ բժշկական օգնութեան դիմելու: Այսօր կենտրոն դիմած հիւանդների մի զգալի մասն էլ ունի հոգեբանական խնդիրներ: Դրանք աւելի են սրւում, երբ կեանքի հասուն տարիքում մարդը յայտնւում է օտարութեան մէջ: Առանց ցաւի ու բորբոքումների ընթացող հոգեկան շեղումները յաճախ են անտեսւում, դառնում ընտանեկան անհանգստութիւնների պատճառ, փոխացնւում շրջապատին»:
Բժշիկ Նուբար Ջանոյեանի մարդասիրութեան մասին պատմութիւնները շատ են: Երբեմն անկարող հիւանդներից շատերի համար բժիշկն ինքն է գնել դեղերը: Նա գիտի քաղաքի գրեթէ բոլոր անտուններին, գիտի նրանց ապրելակերպի խնդիրները: Գիտի, ովքեր են անապահով ընտանիքներից, յաճախ նրանց աննկատ դրամական օգնութիւն է ցուցաբերել: Օրինակ մի հիւանդ, հերթական այցելութիւնից յետոյ մոռանում է պիջակը: Վերադառնում է պիջակի հետեւից, յետոյ գրպանում գումար յայտնաբերում, որ աննկատ թողել էր իր բժիշկը:
Բժիշկ Նուբար Ջանոյեանի հետ կարելի է կիսել հոգսերը, զրուցել, ընկերանալ, սովորել ու… բուժուել:
Նուբար Ջանոյեանը ծնուել է Իրաքում, 1939 թուականին: Քսան տարեկան հասակում տեղափոխուել է Երեւան, ութ տարի բնակուել է հայրենիքում, սովորել է բժշկական ինստիտուտում: Իր կեանքի յաջորդ տասնամեակը երիտասարդ բժիշկը ապրել է եւ աշխատել տարբեր երկրներում՝ այդ թւում Ալժիրում, Լոնդոնում: Տեղափոխուել է Միացեալ Նահանգներ, ուր շատ էին հայ արտագաղթողները, պահանջուած եւ կարեւոր էր բժշկի աշխատանքը: 2005 թուականին հիմնադրել է ամերիկեան կառավարութեան հովանաւորութեամբ գործող «All for Health, Health for All» ոչ շահութաբեր համայնքային կլինիկան: Նուբար Ջանոյեանը երկու գրքի հեղինակ է, որոնք հիմնականում բժշկի խոհերն են, իր հետ կատարուած դէպքերի նկարագրութիւնները: Նրա հովանաւորութեամբ Հայաստանում տպագրւում է «Նարցիս» գրական գեղարուեստական ամսագիրը: Մշակութային գործունէութեան համար արժանացել է ամենաբարձր մրցանակների: Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան եւ Մատենադարանի կողմից Նուբար Ջանոյեանին շնորհուել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանը, ՀՀ մշակոյթի նախարարութիւնը պարգեւատրել է Ոսկէ մեդալով, իսկ սփիւռքի նախարարութիւնը նրան արժանացրել է «Գրիգոր Նարեկացու» անուան մեդալի: