ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

Բժիշկ Արմէն Յակոբջանեանը մանկուց ունեցել է իր եւ շրջապատի կեանքը բարեփոխելու ձգտումներ: Նրա նախաձեռնութիւնները լաւագոյն ապացոյց են, որ Յակոբջանեանը հաւատարիմ է մնացել մշտապէս փոխուելու եւ աշխարհի իր անկիւնը փոփոխելու կարգախօսին: 2004 թուականին, երիտասարդ հայ բժիշկը առաջինն էր Լոս Անջելեսում, որ խախտելով պոդիատրիի (ոտնաբուժութեան-Խմբ.) կարծրատիպերը՝ կատարեց կոճի ամբողջական փոխարինման վիրահատութիւն:
Երեւանի Բժշկական ինստիտուտի երրորդ կուրսից Միացեալ Նահանգներ տեղափոխուելու նպատակը մասնագիտական առաւել խորը եւ ժամանակակից գիտելիքների տիրապետելու ձգտումն էր. «1991 թուականին եկայ ԱՄՆ որպէս զբօսաշրջիկ եւ մտադիր չէի մնալու: Սակայն, երբ այցելեցի հիւանդանոցներ՝ ծանօթանալու տեղի բժշկութեանն ու կիրառուող մեթոդներին՝ հասկացայ, որ այստեղ է, որ բժշկութիւնն առաւելագոյնս զարգացած է: Ամերիկան հէնց այն երկիրն էր, որտեղ ցանկացայ շարունակել ուսումս», պատմում է Յակոբջանեանը, ով իր ապագայ մասնագիտութեան (պոդիատրիա) մասին առաջին անգամ տեղեկանում է Միացեալ Նահանգներում: ԱՄՆում մնալու Յակոբջանեանի որոշումը վերջնական է դառնում, երբ նոյն ժամանակահատուածում փլուզւում է Խորհրդային Միութիւնը:
Ամերիկայում Յակոբջանեանը ստիպուած է լինում ամէն ինչ սկսել նորից՝ սկզբում ընդունուելով UCLA-ի Մանրէաբանութեան եւ մոլեկուլար գենետիկայի բաժինը, այնուհետեւ՝ Կալիֆորնիայի Պոդիատրիկ բժշկութեան քոլեջ (ներկայում՝ Սամուէլ Մերիթ համալսարան), որտեղից նա ստանում է Պոդիատրիկ բժշկութեան դոկտորի կոչում: Մերժելով աշխատանքի բազմաթիւ առաջարկներ հեղինակաւոր հիւանդանոցներից, Արմէն Յակոբջանեանը 2003 թուականին հիմնադրում է «Լոս Անջելեսի Ոտքի եւ կոճի ինստիտուտ»՝ Բրբանքի, Նորթրիջի եւ Վալենսիայի գրասենեակներով, որոնք յետագայում դարձան նաեւ նորարութիւնների ու աւանգարդ (առաջատար-Խմբ.) բուժման կենտրոններ:
«Ծանօթ լինելով նորամուծութիւնների իմ ձգտումին, դասախօսներս խորհուրդ տուեցին բացել սեփական բուժկենտրոն, որտեղ ես կաշկանդուած չէի լինի եւ, իմ հետազօտութիւնների ու փորձի հիման վրայ, կը կարողանայի ազատօրէն իրականացնել գաղափարներս»: Այսօր, նրա հիմնած հաստատութիւնը լաւագոյններից է ոլորտում՝ շնորհիւ պատասխանատու, ազնիւ եւ նուիրեալ մասնագէտի: Պոդիատրիկ բժշկութիւնը համեմատաբար նոր ճիւղ է, եւ յայտնի է դարձել նախորդ դարի վաղ 20ականներին: Այն ուսումնասիրում եւ բուժում է, նաեւ վիրաբուժական միջամտութեամբ՝ ոտքի, ոտնաթաթի, կոճի հետ կապուած բազմաթիւ հիւանդութիւններ ու խախտումներ: Այս ոլորտում իր նշանակալի ներդրումն ունի նաեւ Արմէն Յակոբջանեանը. վիրահատական եւ բուժական փորձի արդիւնքում նա բազմաթիւ նոր մօտեցումներ եւ մեթոդներ է ներմուծել: «Կոճի ամբողջական փոխարինման վիրահատութիւններ սկսել են իրականացուել վերջին 20 տարիներին, եւ այն համարւում էր ռիսկային, ըստ այդմ՝ քչերն էին համարձակւում այս վիրահատութիւնը կատարելու: Ես պայքարեցի եւ յամառ ջանքերից յետոյ ինձ յաջողուեց Լոս Անջելեսում առաջինը կատարել ոտքի կոճի ամբողջական փոխարինում, որն այժմ լայն կիրառութիւն է ստանում»: Սա դարձաւ նաեւ երիտասարդ բժշկի այցեքարտը: Յակոբջանեանի հիմնած բուժհաստատութիւնն առաջարկում է ոտքի, ոտնաթաթի բուժման բազմաթիւ ծառայութիւններ, այդ թւում նաեւ առաւել խոցելի՝ շաքարախտով հիւանդների համար. «Մինչեւ վերջերս շաքարախտով հիւանդներին առաջարկւում էր հնարաւորինս խուսափել վիրահատութիւնից, մինչդեռ ես խորհուրդ եմ տալիս ամիջապէս դիմել վիրաբուժական միջամտութեան՝ խնդիրը չխորացնելու համար: Շաքարախտն այն հիւանդութիւնն է, որ չի հանդուրժում յետաձգումներ եւ պէտք է հարցը, եթէ անհրաժեշտ է վիրահատելով, լուծել հէնց սկզբից», խորհուրդ է տալիս բժիշկը:
Արմէն Յակոբջանեանի վիրահատութիւնների թիւը տարեկան անցնում է 400ից, նա աշխատում է մի քանի հեղինակաւոր հիւանդանոցներում եւ վիրաբուժական կենտրոններում՝ նաեւ որպէս խորհրդատու, դասախօսում է իր վիրաբուժական նորարարութիւնները, կիսելով ոլորտում բազմափորձ գործընկների հետ: «Ես ինձ չեմ համարում յեղափոխական, քանզի կարծում եմ, որ իւրաքանչիւր բժիշկ, գործունէութեան ընթացքում պէտք է մասնագիտական ներդրում ունենայ իր ոլորտում: Բժիշկը ոչ միայն կոչում է, այլ՝ կեանքով մէկ շարունակուող պայքար, որովհետեւ ամէն ինչ փոխւում է արագօրէն եւ դրանում նաեւ մենք ունենք եւ պէտք է ունենանք մեր լուման», առաջընթացի անհրաժեշտութեան մասին է կիսւում բժիշկը: Արմէն Յակոբջանեանն իր աշխատանքի լաւագոյն գնահատականն է համարում հիւանդի երախտագիտութիւնը, քանզի «բժշկի մասնագիտական կոչումները ոչինչ են հիւանդի համար, եթէ չես կարող օգնել նրան»: Արմէն Յակոբջանեանի դէպքում այս երկու երեւոյթները համահունչ են՝ նա սիրուած ու գնահատուած է իր հիւանդների եւ ոլորտի մասնագէտների կողմից: Նա նաեւ Ամերիկայի եւ Կալիֆորնիայի Պոդիարտրիկ բժշկութեան ասոցիացիաների անդամ է:
Չնայած յագեցած օրակարգին, Յակոբջանեանը մշտապէս աջակցում է նաեւ Հայաստանի իր գործընկերներին՝ ծանօթացնելով ոլորտի զարգացումներին՝ ապահովելով նրանց անհրաժեշտ վիրաբուժական գործիքներ: Արմէն Յակոբջանեանի կարծիքով Հայաստանի առողջապահական համակարգում փոփոխութիւնները կը նպաստեն առաջընթացին. «ԱՄՆում, օրինակ, առողջապահութեան ոլորտը վերահսկում են բժշկական տարբեր ճիւղերի համար ստեղծուած յատուկ յանձախմբեր, ովքեր սահմանում են ընդհանուր չափանիշներ եւ յետեւում են դրանց կատարմանը: Ես ինքս, լինելով բուժող բժիշկ եւ դասախօս, պարտաւոր եմ տարեկան 50 ժամ յաճախել տարբեր գիտաժողովների՝ ծանօթանալու տեղի ունեցող նոր զարգացումներին: Այս երեւոյթը, անհրաժեշտ է կիրառել նաեւ Հայաստանում, որ կը նպաստի ոլորտի առաջընթացին», հաւաստիացնում է Յակոբջանեանը: Նա այս ուղղութեամբ իր ներդրումը պատրաստւում է կատարել նաեւ համահայկական բժշկական կոնգրեսի ընթացքում. «Հայկական համաշխարհային կոնգրեսը լաւագոյն միջոց է համախմբելու, ծանօթացման առիթ ստեղծելու աշխարհասփիւռ հայ մասնագէտների, առողջապահութեան ոլորտի ներկայացուցիչների: Այդուհանդերձ, կը ցանկանայի, որ այս ձեռնարկը դառնար սպասուած նաեւ ոլորտի ոչ հայ մասնակիցների համար՝ նորարարութիւնների եւ զարգացումների մասին տեղեկանալու առումով: Կոնգրեսն ունի այդ ներուժը՝ հաշուի առնելով բժշկութեան մէջ բազմաթիւ հայ հեղինակաւոր մասնագէտներին, ովքեր նաեւ պատրաստակամ են մասնակցելու այս ձեռնակին», նշում է Յակոբջանեանը:
Մշտապէս փոփոխութիւններ կատարելու իր նշանաբանը Արմէն Յակոբջանեանը կիրառել է ոչ միայն բժշկութեան ոլորոտում: Պատանեկութեան տարիներին, Երեւանի Ձերժինսկու անուան դպրոցի հինգ ընկերների հետ միասին նա ստեղծում է բնոյթով բացառիկ՝ «Նկարիչներ, գրականագէտներ, դերասաններ եւ երաժիշտներ՝ «խլամ» անուանումով թատերական մի խումբ. «Մեր նպատակն էր ինչ որ բան փոխել մեր, մեզ շրջապատող մարդկանց կեանքում: Շուրջը կատարուող անարդարութիւնը, մարդկանց տգիտութիւնը ազդում էր մեր վրայ, եւ որոշեցինք վեր հանել այդ երեւոյթները՝ ծաղրելով դրանք», յաջողուած նախագծի մասին յիշում է Յակոբջանեանը: Այս խումբն է, որ այնուհետեւ դառնում է ետխորհրդային տարածքում մեծ ճանաչում ունեցող «Ուրախների եւ հնարամիտների ակումբ»ի («ՈՒՀԱ») հիմքը, որտեղից սկսւում է Երեւանի մի շարք ԲՈՒՀերի (բարձրագոյն ուսումնական հաստատութիւնների-Խմբ.) երիտասարդներից կազմուած Երեւանի բժշկական ինստիտուտի «ՈՒՀԱ» լեգենդար թիմի պատմութիւնը: Արմէն Յակոբջանեանը դառնում է ուրախների խմբի հիմնադիրներից՝ նորանկախ եւ պատերազմական վիճակում գտնուող Հայաստանի ծանր օրերին ապահովելով այնքան անհրաժեշտ բարձր տրամադրութիւնն ու ջերմութիւնը: Ետխորհրդային տարածքի բազմաթիւ երկրների շարքում Ադրբեջանի թիմի նկատմամբ հայ երիտասարդների յաղթանակը բեմում՝ իւրովի էր գօտեպնդում մարտի դաշտում կռուող երիտասարդներին, հայ ժողովրդին: «Մենք վստահ էինք, որ այն սերուդն ենք, ում վիճակուած է կերտել մեր երազած հայրենիքը, բարեփոխել իրականութիւնը: Մեր երիտասարդ տարիները համընկան Արցախեան շարժման սկզբի, մեր անկախութեան հետ, եւ հպարտանում էինք, որ առաջին սերունդն ենք, որ ընդունւում ենք Երեւանի Պետական Բժշկական ինստիտուտ, որ այդուհետ կրելու էր Մխիթար Հերացու անունը: Այս ոգեւորութիւնն ու մեր հաւատն էր օգնում մեզ յաջողելու», յիշում է Յակոբջանեանը:
Ուրախների եւ հնարամիտների նրանց ձեւաւորած ակումբն աւելին էր՝ այն դարձաւ նորանկախ Հայաստանի զարգացման տեսլականը կրող մտաւորական երիտասարդների հաւաքատեղի, ովքեր կարողացան իրենց գաղափարներն ու ծրագրերը լաւագոյնս իրականացնել, իւրաքանչիւրն իր ոլորտում: Այսօր այդ խմբի բոլոր անդամները մեծ յաջողութիւններ են արձանագրել տարբեր երկրներում, սակայն նրանց շարունակում է համախմբել հայրենիքը: Ազգային ինքնութեան պահպանման եւ Հայաստանի զարգացման տեսլականն այս «ընտանիքի» իւրաքանչիւր անդամի համար մնում է առաջնահերթութիւն, նրանց համագործակցութիւնը շարունակւում է ցայսօր:
«Յեղափոխական խմբի» հերթական նախագծերից մէկը՝ «Երեւան» ամսագիրն է, որ Միացեալ Նահանգների հայ համայնքի ամենասպասուած լրատուամիջոցներից է դարձել: Արմէն Յակոբջանեանն էր, որ տարիներ առաջ ստանձնեց ամսագիրը Միացեալ Նահանգներում ներկայացնելու պատրաստակամութիւնը՝ մասնակցելով նաեւ ամսագրի բովանդակային մասի աշխատանքներին: «Երկու որդիներս ծնուել ու մեծացել են այստեղ ու թէեւ յաճախել են հայկական կրթօջախներ, սակայն, ինչպէս եւ շատ հայ պատանիներ, աստիճանաբար հեռանում են ազգային մշակոյթից, արժէքներից: Այդ երեւոյթը ինչ որ ձեւով կանխելու նպատակով որոշեցինք ստեղծել «Երեւան» ամսագրի նաեւ անգլիալեզու տարբերակը, մինչ այն ռուսերէն արդէն հրապարակւում էր Ռուսաստանում եւ Հայաստանում: Ամսագիր, որտեղ ներկայացուած պատմութիւնները հպարտութեան զգացում են առաջացնում իւրաքանչիւր հայի հոգում: Այսօր, այդ նպատակն իրականացած եմ համարում նաեւ այն առումով, որ տղաս օտար ընկներներին այս ամսագրի միջոցով է ներկայացնում իր ազգին»: Հայաստանը Արմէն Յակոբջանեանի հոգում է: «Ես պարտական եմ իմ հայրենիքին, որ ինձ հնարաւորութիւն է տուել դառնալու այն՝ ինչ կամ: Մենք երբեք չպէտք է մոռանանք հայրենիքի առջեւ մեր պարտաւորութիւնն ու մշտապէս ձեռք մեկնենք ու նպաստենք Հայաստանի զարգացմանը», նշում է մտաւորական բժիշկը:
Արմէն Յակոբջանեանի գաղափարներն անսպառ են թւում, եւ նա շարունակում է ստեղծել՝ փոփոխութիւնը համարելով կեանքի շարժիչը. «Մարդու բջիջների մեծամասնութիւնը 7-10 տարին մէկ նորացւում են, ինչը նշանակում է, որ կենսաբանօրէն նոր մարդ ես դառնում: Դա ենթադրում է, որ իւրաքանչիւր անհատ պէտք է շարժուի բնութեանը համահուն»չ, իր կարգախօսը գիտականօրէն հիմնաւորում է Արմէն Յակոբջանեանը: