ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Լոս Անջելեսի շրջանում 91 հայ երեխայ՝ 1-19 տարեկան, իրենց ընտանիքներում ենթարկուել են բռնութեան կամ ծնողները հրաժարուել են նրանցից: Երեխաներից 37ը Լոս Անջելես գաւառի «Երեխաների եւ ընտանիքի համար ծառայութիւններ»ի վարչութեան հսկողութեան ներքոյ՝ ներկայում ապրում են օտար, ոչ հայ ընտանիքներում: «Բացէք ձեր սիրտը եւ ձեր տան դռները, խնամէք եւ հոգ տարէք մեր մանուկներին» կարգախօսով՝ վարչութեան տնօրէնի օգնական Հելէն Պէրպէրեանը եւ այլ ներկայացուցիչներ ՀՕՄի գրասենեակում հայ համայնքի ուշադրութեանը ներկայացրին այս խնդիրը: Բաժանմունքի հիմնական նպատակն է՝ պաշտպանել մերժուած եւ բռնութեան ենթարկուած երեխաներին եւ ապահովել նրանց անվտանգութիւնը ծնողական տանը կամ այլ ընտանիքներում, միաժամանակ, փորձելով վերամիաւորել նրանց ծնողների հետ: Բանախօսները ներկայացրին մանրամասներ ծրագրի մասին եւ նշեցին, որ դիմելով հայ համայնքին՝ յոյս ունեն գտնելու հայ խնամատար ընտանիքներ, ովքեր կ՛օգնեն տուժած հայ մանուկներին՝ տրամադրելով նրանց ժամանակաւոր կամ մշտական կացարան: ՀՕՄի կողմից կազմակերպուած հանրային հաւաքին ներկայ շուրջ 30 կազմակերպութիւնների ղեկավարներն ու անդամները քննարկեցին հանրութեանը այս հարցի շուրջ իրազեկ պահելու հնարաւոր միջոցները, հանդէս եկան առաջարկներով եւ աջակցելու պատրաստակամութիւն յայտնեցին: «Մէկ հայ երեխան էլ, ով օգնութեան կարիք ունի, արդէն բաւարար է, որ մենք մտահոգուենք: Երբ լսեցինք, որ հայ երեխաների հետ կապուած նման խնդիր կայ, անմիջապէս կապուեցինք Լոս Անջելեսի գաւառի «Երեխաների եւ ընտանիքի յամար ծառայութիւններ» բաժանմունքի, մասնաւորապէս մեր հայրենակցուհի Հելէն Պէրպէրեանի հետ, հրաւիրեցինք նրան՝ առաւել մանրամասն ներկայացնելու խնդիրը: ՀՕՄը, որպէս բարեգործական կազմակերպութիւն, որոշեց դիմել համայնքին եւ հրաւիրել հիմնական կազմակերպութիւնների, հոգեւոր հայրերի ու անհատների, ովքեր կարող են օգտակար լինել այս հարցում», յայտնեց ՀՕՄի նախագահուհի Լենա Պօզոյեանը: Նա նաեւ նշեց, որ եղած առաջարկները հաշուի կ՛առնուեն, կը ստեղծուի գործողութիւնների ծրագիր, ըստ որի ՀՕՄի շուրջ հաւաքուածներից ձեւաւորուած խումբը հետեւողականօրէն կը զբաղուի այս խնդրի լուծմամբ: Լենա Պօզոյեանը կոչ ուղղեց հայ համայնքին՝ մասնակից դառնալ հայ մանուկներին օգնելու այս չափազանց կարեւոր հարցին: «Հայ երեխաները հայ ընտանիքի կարիք ունեն, ես եւս, նաեւ մասնագիտութեանս շրջանակներում, առաջարկեցի իմ աջակցութիւնը ՀՕՄի եւ գաւառի տուեալ վարչութեանը», նշեց հանդիպմանը ներկայ՝ ընտանեկան հոգեբան Նորա Շիթիլեան-Քէշիշեանը:
«Երեխաների եւ ընտանիքի համար ծառայութիւններ»ի վարչութեան տնօրէնի օգնական Հելէն Պէրպէրեանը՝ պատասխանելով «Ասպարէզ»ի հարցերին, կարեւորեց մշակութային նոյն միջավայրում խնամատարներ գտնելու հարցը:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ինչո՞վ է զբաղւում յատկապէս ձեր բաժանմունքը:
ՀԵԼԷՆ ՊԷՐՊԷՐԵԱՆ.- «Երեխաների եւ ընտանիքի համար ծառայութիւններ»ի վարչութիւնն առաջինն է արձագանգում ընտանիքում խնդիրներ ունեցող երեխաների մասին եղած դիմումներին: Մենք արագօրէն պարզում ենք իրավիճակը եւ փորձում բոլոր հնարաւոր միջոցներով հոգ տանել այդ երեխաներին: Առաջին հերթին փորձում ենք այդ երեխաների համար ապահով միջավայր ստեղծել իրենց իսկ ընտանիքներում, սակայն երբ չի ստացւում, ստիպուած ենք լինում նրանց տեղաւորել այլ ընտանիքներում: Սկզբում փնտռում ենք բարեկամների, եւ եթէ չկան, այլ ընտրութիւն չունենք, բացի նրանց տեղաւորելուց արտօնագրուած խնամակալ ընտանիքներում, որտեղ նրանք կը լինեն ապահով եւ հանգիստ: Մեր հիմնական նպատակը, այնուհանդերձ, տուժած երեխաներին վերամիաւորելն է իրենց ընտանիքների հետ, միաժամանակ ապահովելով նրանց անվտանգութիւնը: 2012թ.ին մեր վարչութեան ջանքերով 5100 երեխայ է միաւորուել ընտանիքների հետ:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Դուք յայտնեցիք, որ բաժանմունքի հսկողութեան ներքոյ գտնւում են նաեւ հայ երեխաներ: Որքա՞ն է նրանց թիւը, ի՞նչ տարիքի են, ի՞նչ պայմաններում են գտնւում:
ՀԵԼԷՆ ՊԷՐՊԷՐԵԱՆ.- Ցաւով պէտք է նշեմ, որ հայ ընտանիքներում եւս լինում են երեխաների բռնութեան դէպքեր, թէեւ թւում է, թէ մեր ազգային արժանիքների ու աւանդոյթների պայմաններում նման խնդիր չի կարող լինել: Սակայն իրականութիւնն այլ է, եւ այդ մասին պէտք է խօսել եւ աջակցութիւն խնդրել հայ հանրութիւնից: Այսօր, մեր վարչութեան վերահսկողութեան ներքոյ, գտնւում է 1-19 տարեկան 91 հայ երեխայ, որոնցից 45ը արական սեռի է, 46ը՝ իգական: Երեխաներից 54ը շարունակում է բնակուել հայրական տանը՝ սակայն բաժանմունքի հսկողութեան ներքոյ: Մնացած 37 հայ երեխաներից ոմանք ապրում են բարեկամների տանը, սակայն հիմնական մասը՝ ոչ հայ խնամատար ընտանիքներում, խմբակային տներում:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Դուք նշեցիք, որ տուժած երեխաների մի մասը բնակւում է ոչ հայկական միջավայրում, արդեօ՞ք պատճառն այն է, որ չկան խնամակալ հայ ընտանիքներ:
ՀԵԼԷՆ ՊԷՐՊԷՐԵԱՆ.- Ներկայում ունենք միայն երկու արտօնագրուած հայախօս ընտանիքներ: ՀՕՄի կազմակերպած այս ձեռնարկի ժամանակ մենք ներկայացրեցինք հայ երեխաների ներկայ վիճակը եւ յոյս ունենք, որ ՀՕՄի, հայ եկեղեցու, լրատուամիջոցների եւ համայնքի տարբեր կազմակերպութիւնների միջոցով կը գտնենք հայ ընտանիքներ կամ անհատներ, ովքեր կը ցանկանան ժամանակաւոր կամ մշտական ապաստան տրամադրել տուժած հայ երեխաներին: Դիմում ենք հայ համայնքին՝ աջակցելու մեզ եւ դառնալու խնամակալ ընտանիք, որպէսզի մեր մանուկները մեծանան հայկական միջավայրում:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ովքե՞ր կարող են դառնալ խնամակալներ եւ ինչպէ՞ս:
ՀԵԼԷՆ ՊԷՐՊԷՐԵԱՆ.- Խնամակալ ընտանիք կարող է դառնալ իւրաքանչիւրը, ով կարող է բաւարարել մեր պահանջները՝ տալով հանգիստ եւ ապահով միջավայր երեխաների համար: Մենք ստուգում ենք դիմողների ընդհանուր տուեալները, համապատասխանելու դէպքում, նրանց հետ անցկացւում է խորհդատուութիւն եւ հոգեբանական սեանսներ (նիստեր-Խմբ.), եւ մի քանի ամիս անց տուեալ ընտանիքը կամ անհատը ստանում է Խնամակալ ընտանիքի արտօնագիր Լոս Անջելեսի գաւառի կողմից: Հնարաւոր է երկու տեսակի խնամակալութիւն՝ ժամանակաւոր, որի դէպքում պահանջւում է ապահովութիւն, կայունութիւն եւ բարենպաստ միջավայր տրամադրել երեխային որոշ ժամանակ, որի ընթացքում «Երեխաների եւ ընտանիքի համար ծառայութիւններ» բաժնի աշխատակիցները խնամակալների հետ միասին օգնում են երեխաներին վերամիաւորուելու իրական ծնողների հետ, երբ ընտանեկան խնդիրները կարգաւորւում են: Որդեգրման դէպքում՝ խնամակալը մշտական կայուն, անվտանգ եւ բարենպաստ միջավայր պէտք է տրամադրի երեխային, երբ պարզւում է, որ նրանք չեն կարող վերադառնալ իրենց արիւնակցական հարազատների կամ իսկական ծնողների մօտ: Նշեմ, որ խնամակալ ընտանիքին երեխայի համար տրւում է ֆինանսական աջակցութիւն, բժշկական ապահովագրութիւն եւ հասանելի են այլ օժանդակող ծառայութիւններ:
Բռնութիւնների զոհ դարձած հայ երեխաներին օգնելու, խնամակալ ընտանիք դառնալ ցանկացողները կարող են դիմել Հայ Օգնութեան Միութեանը կամ Լոս Անջելես գաւառի «Երեխաների եւ ընտանիքի համար ծառայութիւններ» վարչութեանը («Department of Children and Family Services»):