ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ

Կարծես աւանդութիւն է դարձել, երբ ամէն ինչի համար քարկոծում են հանրակրթական դպրոցին, մասնաւորապէս՝ ուսուցիչներին: Այս մասին քննարկումներ են կատարում ամենատարբեր մակարդակների վրայ. խօսում են մարդիկ, ովքեր շատ հեռու են կրթութիւնից, ինչպէս նաեւ նրանք, ովքեր անմիջապէս առնչւում են այս բնագաւառի հետ: Երբեմն քննադատութիւնները տեղին են, սակայն չափազանցուած ու առանց պատճառահետեւանքային կապերը հաշուի առնելու ցեխարձակումներն աւելի յաճախ են դարձել: Երբեմն էլ հնչում են դատարկ քննադատութիւններ, առանց նշելու, թէ ինչպիսի՞ քայլեր պէտք է նախաձեռնել՝ կրթական մակարդակի բարելաւման համար:
Իրադրութիւնը ամերիկեան հանրակրթական դպրոցներում իրօք որ փոխուել է, կարող եմ ինքս վկայել՝ յենուելով 20 տարուց մի փոքր պակաս վաստակած ուսուցչական գործունէութեանս վրայ: Բայց ինչպէ՞ս եղաւ, որ մէկ կամ երկու տասնեակ տարիներ առաջ կրթութիւնը համապատասխանում էր կամ մօտ էր միջազգային մակարդակին, իսկ հիմա՝ երբ առատաձեռն միջոցներ ու նախապատրաստական դասընթացներ են կիրառւում համալսարաններում, իրավիճակն այսպիսին է: Պարզւում է, որ կան փաստացի ուսումասիրութիւններ, որոնք ուղղակիօրէն կապում են ամերիկեան հանրակրթական դպրոցի իրական պատկերը տնտեսական իրավիճակի հետ աւելի ստոյգ, միջին դասակարգի աստիճանական փոշիացման փաստի հետ: Մօտ 17 տարի առաջ Դէյվիդ Բեռլիները, ով ներկայումս Արիզոնայի Նահանգային համալսարանի դասախօսներից է, իր «The Manufactured Crisis» գրքում նշել է, թէ երկրի կրթական բարեփոխման գերխնդիրը չպէտք է թողնուի «կալուածքի բնագաւառի զարգացմամբ զբաղուող եւ այլ գործարար անձանց քմահաճոյքին», ովքեր զգալի մաս են կազմում ընտրուած պետական եւ նահանգային պաշտօններում, այլ հարկ է աւելի շատ ուսուցիչներ ներգրաւել որոշումներ կայացնելու առումով: Ամերիկեան «Կրթական հետազօտութիւնների ասոցիացիա» կազմակերպութեան նախկին այս նախագահը փաստարկներ է բերում, թէ ինչն է պատճառը, որ այսօր ամերիկեան դպրոցը առաջնայիններից չէ աշխարհի մակարդակով: «Երկու հանգամանք կայ, որ արգելք են ստեղծում այս ճանապարհին», ասում է Բեռլիները: Առաջինն այն է, որ ամերիկեան միջին դասակարգը հալւում է, իսկ երկրորդ պատճառը այն առկայ համակարգն է, որն անտեսում է առաջին փաստի ակներեւութիւնը: Քաղաքական որոշումներ ընդունելու արդիւնքում հնարաւոր է վերականգնել միջին դասակարգի երբեմնի բարեկեցութիւնն ու աճը, արդիւնքում՝ նաեւ վերականգնելով կրթական համակարգի բարօրութիւնը: Բեռլիների վկայութեամբ, երբ մանրակրկիտ վերլուծութեան ենք ենթարկում մինչ այժմ առկայ փաստացի տուեալները, ուղղակի կապ է ստեղծւում հասարակութեան աղքատ խաւի ներկայացուցիչ ուսանողների գրանցած տուեալների եւ ամերիկեան դպրոցի ընդհանուր զբաղեցրած դիրքի միջեւ: Մասնաւորապէս նա նշում է, թէ ամերիկեան այն հանրակրթական դպրոցները, որտեղ աղքատ ընտանիքները ներկայացնող ուսանողների թիւը ընդհանուր աշակերտական կազմի 10 տոկոսը չեն գերազանցում, դասւում են ամենաբարձր մակարդակի վրայ, համեմատած աշխարհի միւս բոլոր երկրների կրթական համակարգը ներկայացնող դպրոցների հետ: Դպրոցների այն հատուածը, որտեղ աղքատների թիւը 24.9 տոկոսը չի գերազանցում, դասւում է յարաբերական այս աղիւսակի երրորդ հորիզոնականին, իսկ 25ից 49.9 տոկոս ցուցանիշի պարագայում այս դպրոցները 10րդ հորիզոնականի վրայ են: 50ից 74.9 տոկոսի դէպքում ցուցանիշները կտրուկ նուազում են, իսկ այն դպրոցներում, որտեղ աղքատների ներկայացուցիչները կազմում են դպրոցի աշակերտների 75 տոկոսից աւելին, ցուցանիշները գերազանցում են միայն մեքսիկական դպրոցների աշակերտների ցուցաբերած արդիւնքներին, որը մրցունակութեան զգալի անկման փաստ է: «Աղքատութիւնը պատճառաբանութիւն չպէտք է լինի վատ սովորելու համար, սակայն այն արդիւնքի ելակետային նախաբան է հանդիսանում», ասում է դասախօսը: Բեռլիները պնդում է, թէ աղքատ միջավայրում գտնուող դպրոցներում դասաւանդող ուսուցիչների գրանցած առաջխաղացումները աշակերտների արդիւնքները բարելաւելու տեսանկիւնից պէտք է խրախուսանքի արժանանան առանց որեւէ երկմտանքի, բայց այսպիսի դէպքերը չեն ազդում ընդհանուր ցուցանիշների բարելաւման հարցում: Բեռլիների կարծիքով անհաւասար տնտեսութիւնն է մեղաւոր, ոչ թէ ուսուցիչները, որ միջին եւ հարուստ շրջանների հանրակրթական դպրոցներն աւելի լաւ ցուցանիշներ են գրանցում, քան մնացեալները: Դասախօսը օրինակ է բերում, թէ ինչպէս հանրակրթական դպրոցներից մէկում աշխատող ուսուցիչներից մէկը 5 տարիներից երեքում գովասանքի, պատուոգրերի եւ աւելի քան 7000 դոլար դրամական խրախուսանքի է արժանացել, բայց արդիւնքում՝ հեռացուել է աշխատանքից, քանի որ ուսուցիչների որակաւորման նոր համակարգը ներմուծելուց յետոյ նրա աշակերտների գրանցած ցուցանիշները չէին համապատասխանել ընդունուած նորմերին: Դասախօսն այժմ աշխատում է իր նոր գրքի վրայ, որ շուտով պատրաստւում է լոյս տեսնել. այնտեղ քննարկման առարկայ են հանդիսացել այն տուեալները, որոնք արգելք են հանդիսանում ամերիկեան հանրակրթական դպրոցի լայն թափով առաջանալուն:
Աղքատութեան ճիրաններում մաքառող ծնողը աւելի քիչ հնարաւորութիւն ունի իր զաւակի ուսումնական առաջդիմութեամբ զբաղուելու, քանի որ նա կամ նրանք ստիպուած են օրնիբուն աշխատել (կամ աշխատանք փնտռել), որպէսզի կարողանան սեղանին ուտելիք դնել: Սա չի նշանակում, որ աղքատ երեխան լիովին զրկուած է լաւ կրթութիւն ստանալու հեռանկարից: Աչքիս առաջ է մեքսիկացի ամերիկացի տասերեքամեայ երեխան, ում տարիներ առաջ հնարաւորութիւն էին ընձեռնել յաճախել Հարվարդ Ուեսթլէյք դպրոց, որտեղ տարեկան կրթութիւնը մի քանի տասնեակ հազար դոլար արժէ, եւ որտեղ ծնողներն իրենց զաւակներին աւելի քան հարիւր հազարանոց ինքնաշարժերով են դպրոց բերում: Այս երեխան իր բացառիկ ունակութիւնների եւ չափազանց աշխատասիրութեան արդիւնքում գրաւել էր դպրոցի տնօրինութեան ուշադրութիւնը, եւ նրա համար տարեկան կրթաթոշակ էին սահմանել: Նրա ծնողները տարրական կրթութիւն անգամ չունէին: Այսպիսի երեխան վաղուայ առաջնորդներից մէկն է դառնալու անկասկած, եւ նրան խնդրեցի, որ չմոռանայ, թէ իրեն հանրութեանը առաջին անգամ ներկայացրել են հէնց հայ համայնքի հեռուստատեսային եթերով:
Սակայն որքա՞ն է նման երեխաների թիւը, երբ դիմում ենք վիճակագրութեանը: Սրանք ընդամէնը բացառութիւններ են, որ եղանակ չեն ստեղծում, չնայած որ գովելի օրինակներ են: Ուսման ծարաւ երեխաների հետ աշխատելը շատ աւելի հեշտ է: Բարդութիւնը գալիս է այն ժամանակ, երբ երեխան իմաստ չի տեսնում դպրոցի մէջ, քանի որ բաւարար յենարան չունի ընտանիքի անդամների կողմից: Այստեղ բարդանում է ուսուցչի գործը, եւ դասաւանդման հետ զուգընթաց նա ակամայից դնում է նաեւ ծնողական իր աներեւոյթ գլխարկը: Սակայն ուսուցիչների մի զգալի մասը դեռ ծնող չէ, եւ լրիւ չի պատկերացնում իր դերը, թէ ինչպէ՞ս գրաւի աշակերտին՝ բացի իրեն յատկացուած առարկան դասաւանդելու գործընթացից: Յիշէք, թէ ձեր ուսուցիչներից ումի՞ց էք ամենաշատը օգուտ ստացել, եւ անմիջապէս կը պարզուի, թէ բացի բանիմաց մասնագէտ լինելուց ամենայիշարժանը նրանք են, ովքեր կարողացել են սէր արթնացնել այս կամ այն նիւթի, առարկայի նկատմամբ: Ես հանդիպել եմ փայլուն մասնագէտների, ովքեր ինչ ինչ պատճառներով չեն կարողացել մատուցել առարկան, եւ յուսախաբ են եղել իրենց նկրտումների մէջ ու հեռացել դպրոցից, երդուելով այլեւս երբեք չվերադառնալ:
Ի մի բերելով վերը նշուածը, ինձ թոյլ կը տամ ասել, թէ աղքատութեան դէմ առարկայական պայքարը իր պտուղները կը տայ նաեւ կրթական ոլորտի բարելաւման առումով, եւ պէտք է այս երկու գործընթացը միմեանց հետ շաղկապուած, համակարգուած ձեւով վերլուծել, ջանքեր ներդնել եւ որպէս նպատակ տեսնել: Առանձին առանձին փորձերը շատ աւելի աշխատատար կը լինեն, իսկ արդիւնքները՝ համեմատաբար տկար: