
ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ
«Ո՛չ, ԲՀԿն ընդդիմութիւն չի կարող դառնալ: Ինչպէ՞ս կարող է ԲՀԿն ընդդիմութիւն լինել: ԲՀԿն կարող է կողմնակից լինել այն ամէնին, ինչը օգուտ է երկրին եւ ժողովրդին», Աբովեանում այսօր յայտարարել է Գագիկ Ծառուկեանը:
Դեռեւս Երեւանի աւագանու ընտրութիւնների նախօրէին ԲՀԿ խմբակցութեան քարտուղար Նաիրա Զոհրաբեանը յայտարարում էր, թէ պէտք է ԱԺ կանոնակարգ-օրէնքից հանել ընդդիմութիւն լինելու մասին յայտարարութիւն անելու դրոյթը: Տրամաբանութիւնը շատ պարզ էր. նման յայտարարութեան պահանջի բացակայութեան ֆօնին ԲՀԿն լիարժէք հնարաւորութիւն էր ունենալու ոչ թէ դառնալ, այլ խաղալ ընդդիմութիւն: Այս իմաստով Գագիկ Ծառուկեանի խոստովանութիւնն աւելի ազնիւ է, քան Զոհրաբեանինը, որովհետեւ Ծառուկեանը հիմա բացայայտ ասում է, որ ԲՀԿի միակ գործառոյթը ստեղծման պահից ի վեր եղել եւ մնում է անհրաժեշտ պահին ընդդիմութիւն խաղալը, եւ որ դա ոչ միայն նրա ուժերի առաւելագոյնն է, այլեւ առաքելութիւնը՝ իբրեւ քաղաքական խմբաւորում:
Ստեղծման պահից ի վեր այս կուսակցութեան միակ խնդիրը եղել է իշխանութեան վերարտադրութեան բուֆերի (արգելակողի-Խմբ.) դեր կատարելը եւ ընդդիմադիր դաշտը խառնաշփոթի մէջ պահելը: Ծառուկեանը ընդդիմութիւն լինելու մասին խօսում է այնպէս, կարծէս այն տառապում է բորոտութեամբ եւ չի կարող «երկրին ու ժողովրդին» օգուտ տալ: Այսինքն՝ նրա պատկերացմամբ ընդդիմութիւն դարձողի սուրբ պարտականութիւնը ամէն ինչ սեւացնելն է, սուբյեկտիվիզմի դաշտ տեղափոխելը, հետեւաբար՝ այս դաշտում գտնուող ուժերը, ըստ նրա, ունակ չեն երկրին ու ժողովրդին օգուտ տալ: Սա կա՛մ քաղաքագիտական տարրական հասկացութիւններից հեռու լինելու, կա՛մ խոր մոլորութեան արգասիք է: Որովհետեւ իրականում ժողովրդին ու երկրին հաւասարապէս օգտակար եւ վնասակար կարող է լինել թէ՝ ընդդիմադիր եւ թէ իշխանական ուժը: Միակ նախապայմանը տուեալ դէպքում մոտիվների ու նպատակների ազնուութիւնն է ու լարախաղացութեամբ չզբաղուելը:
Իրականում Ծառուկեանի այս յայտարարութիւնը դեռեւս նախորդ տարուայ Մայիսին այլընտրանք լինելու յայտարարութեան կրկնութիւնն է: Սակայն այն արւում է բոլորովին այլ քաղաքական իրավիճակում եւ ԲՀԿի՝ անցած մէկ տարուայ ընթացքում որդեգրած տարբերուող տակտիկայի խորապատկերին, ինչով էլ պայմանաւորւում է դրա ունիկալութիւնը (առանձնայատկութիւնը-Խմբ.): Այս տեսանկիւնից Ծառուկեանը հարուածում է երկու կոնկրետ թիրախի: Առաջինը՝ նա յստակեցնում է, որ ԲՀԿն ոչ թէ հասարակութեան, այլ գործարար ու կիսաօլիգարխիկ շրջանակների շահերի ու հետաքրքրութիւնների սպասարկուն է եւ ի զօրու չէ յաղթահարելու այդ կապանքները: Ընդդիմութիւն չլինելու մասին Ծառուկեանի յայտարարութիւնն առաջին հերթին բխում է ԲՀԿ կոչուող խմբաւորման մէջ հանգրուանած յատկապէս այդ շրջանակի շահերից, որոնց համար գոյութիւն ունի ընդամէնը մէկ արժէք՝ սեփական բիզնեսները իշխանամերձ տարածքում ապահովագրելը:
Երկրորդ թիրախն այն է, որ սրանով Ծառուկեանը նաեւ վերահաստատում է, որ ԲՀԿն խմբաւորումից քաղաքական կուսակցութիւն դարձնելու, հետեւաբար՝ նաեւ իր առջեւ լուրջ ու յաւակնոտ նպատակներ դնելու ո՛չ ցանկութիւն ունի, ո՛չ էլ՝ քաջութիւն: ԲՀԿի՝ իրական կուսակցութեան վերածուելու միակ ճանապարհն անցնում էր ընդդիմութեան՝ լրջագոյն փորձութիւններ ենթադրող անդաստաններով: Նա հարուածեց առաջին հերթին ԲՀԿի այն շրջանակների թիկունքին, ովքեր անկեղծօրէն հաւատում էին ԲՀԿի այդ ուղիով գնալու հնարաւորութեանը եւ քաղաքական ուժ, ընդդիմութիւն դառնալու հեռանկարին, ուստի եւ հոգեբանական ճնշում էին գործադրել Ծառուկեանի վրայ՝ այդ պատասխանատու քայլին մղելու համար: Խօսքն առաջին հերթին վերաբերում է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանեանին, ով ընդամէնը օրեր առաջ էր յայտարարել, թէ ԲՀԿն պէտք է յայտարարի ընդդիմադիր ուժ դառնալու մասին: Հիմա ԲՀԿի քաղաքականացուած մասը, որը նաեւ որոշակի դիմագիծ ու բնաւորութիւն էր հաղորդում այս խմբաւորմանը, ոչ մի հենման կէտ, մոտիվացիա (դրդապատճառ-Խմբ.) այլեւս չունի: Նրանք ստիպուած են կա՛մ յարմարուողականութիւն դրսեւորել ու սպասարկել խմբաւորան կիսաօլիգարխիկ շրջնակաների շահերը, կամ՝ հակադրուել Ծառուկեանին ու դուրս գալ կուսակցութիւն կոչուածից:
Ժամանակին Ծառուկեանի արած պնդումները, թէ պատրաստ է անհրաժեշտութեան դէպքում նաեւ զոհողութիւնների գնալ, փաստօրէն, ընդամէնը դատարկ կաթսայից դուրս եկած զնգոցներ էին, որոնք արուեցին ԲՀԿի՝ չյայտարարուած ընդդիմադիր լինելու դերն աւելի համոզիչ խաղալու համար: Հիմա, երբ քաղաքական պրոցեսները դուրս են եկել ընտրութիւնների տրամաբանութիւնից, դերասանութիւն անելու եւ պոպուլիզմով (աժան քարոզչութեամբ-Խմբ.), ինքնախաբէութեամբ զբաղուելու անհրաժեշտութիւն այլեւս չկայ: Ու Ծառուկեանն աստիճանաբար ԲՀԿին դուրս է բերում այդ դերից: Դա օբյեկտիւ անհրաժեշտութիւն է, որոհետեւ հակառակ դէպքում ԲՀԿն դադարում է պահանջարկ ունենալ թէ՛ իշխանութեան եւ թէ իր ներսում ծուարած գաճաճ օլիգարխների մօտ:
Մինչդեռ Ծառուկեանը դեռ չի համարում, որ իր առաքելութիւնն աւարտել է: Եկել է իշխանութեանը մատուցած ծառայութիւնների դիմաց փոխհատուցում ստանալու ժամանակը, եւ ԲՀԿն սկսում է նախապատրաստուել 4 տարի անց կայանալիք համապետական ընտրութիւններին, որոնք ծաւալուելու են, իշխանութիւնը ժառանգելու, փոխանցելու գործօնով պայմանաւորուած, բոլորովին նոր տրամաբանութեամբ:
Յ.Գ.- Լեւոն Տէր Պետրոսեանը, թերեւս, ստիպուած կը լինի նոր քաղաքագիտական, տուեալ դէպքում՝ արդէն ինքնաարդարացմանն ուղղուած վերլուծութիւններով հանդէս գալ՝ «Ինչու Հայաստանում հնարաւոր չէ բուրժուադեմոկտատական յեղափոխութիւն» կամ «Ինչու Ծառուկեանը բորժուա չէ» թեմատիկայով: Հակառակ դէպքում՝ նա նմանւում է այն խեղճուկրակին, ում քթից բռնած շարունակ դէսուդեն են քարշ տալիս, մինչդեռ վերջինիս այդ ամէնը ընդամէնը ծաղկափոշու մէջ թաթախուած բզէզի հեքիաթ է թւում:
«ԵՐԿԻՐ»