
Բռնութեան Ենթարկուած Եւ Ընտանիքներից Մերժուած 1200ից Աւելի Հայ Երեխաներ Խնամքի Կարիք Ունեն
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Հանրային ոլորտի ամերիկահայ աշխատակիցների միութեան (AAPSE) կրթութեան ոլորտի ներկայացուցիչներին նուիրուած ձեռնարկը աննախադէպ էր բնոյթով:
Ուսուցիչների երախտագիտութեան շաբաթի շրջանակներում Մայիսի 4ին անցկացուած տօնական խնջոյքի ժամանակ մեծարուեցին ոլորտում եւ հայ համայնքում նշանակալի ներդրում ունեցած Հերմինէ Մահսէրէճեանը, Ալիս Պետրոսեանն ու Սիրանոյշ Սուսան Մուրատեանը: Ձեռնարկին ներկայ էին կրթութեան ոլորտի բազմաթիւ վաստակաւոր ներկայացուցիչներ, որոնց թւում՝ Նայիրի Նահապետեանը, Արմինա Ղարպետեանը, Գաբրիէլ Ինճեճիկեանը եւ այլոք:
«Լոս Անջելես գաւառի կրթութեան ոլորտում հազարաւոր հայ աշխատակիցներ կան եւ մենք որոշեցինք ստեղծել առիթ՝ նրանց համախմբելու եւ ծանօթանալու: Ուսուցիչներին երախտագիտութիւն յայտնելը իւրաքանչիւրիս պարտաւորութիւնը պէտք է լինի եւ այս գեղեցիկ տօնն էլ դարձաւ առիթ մեր կազմակերպութեան համար նախաձեռնելու այս ձեռնարկը», իր խօսքում նշեց Հանրային ոլորտի ամերիկահայ աշխատակիցների միութեան հիմնադիր նախագահ Յարութ Եդալեանը:
«Միշտ հաճելի է, երբ աշխատանքիդ համար շնորհակալութիւն են յայտնում: Շատ ուրախ եմ, որ կայ նման երիտասարդ կազմակերպութիւն, որը համախմբում է հանրային ոլորտի աշխատակիցներին եւ այսօր էլ՝ կրթական համակարգի ներկայացուցիչներին: Մեր համայնքը վաղուց այս ոլորտի ներկայացուցիչների միաւորող կառոյցի կարիք ունէր եւ այս ձեռնարկը, յուսով եմ, որ շարունակական կը դառնայ եւ համախմբուելով մենք կը կարողանանք առաւել օգտակար լինել մեր համայնքին», նշեց Ալիս Պետրոսեանը, ով նաեւ Լոս Անջելեսի Գաւառի Կանանց յանձնաժողովի անդամ է:
Հերմինէ Մահսէրէճեանն էլ, որ իր աշխատանքային գործունէութեան ընթացքում բազմիցս օգնել է շրջանի հայ ընտանիքներին, համոզմունք յայտնեց, որ հայ պատանիներին ու երիտասարդներին օգնելը կենսական նշանակութեան հարց է եւ միաւորուելով խնդիրներն առաւել արդիւնաւէտ կը լուծուեն:
Նայիրի Նահապետեանը առաջարկեց խօսքից անցնել գործի: Յատկանշական է, որ Յարութ Եդալեանը ներկայացրեց մի խնդիր, որ անյապաղ գործնական քայլեր է պահանջում թէ ոլորտի պատասխանատուներից, եւ թէ՛ ողջ համայնքից: Այսօր, իրենց ընտանիքներում բռնութեան ենթարկուած եւ ընտանիքների կողմից մերժուած 1200ից աւելի հայ երեխաներ ժամանակաւոր կամ մշտական խնամքի կարիք ունեն: Նրանք ներկայում գտնւում են Լոս Անջելես գաւառի Երեխաների եւ ընտանիքի հարցերով ծառայութիւնների բաժնի հսկողութեան ներքոյ եւ սպասում են խնամակալութեան: Այս մտահոգիչ լուրը ներկաներին յայտնեց այդ բաժանմունքի ներկայացուցիչ, Հանրային ոլորտի ամերիկահայ աշխատակիցների միութեան խորհրդի անդամ æուլիանա Ամիրին:
«Մեր բաժանմունքն է առաջինը արձագանգում ընտանիքում խնդիրներ ունեցող երեխաների մասին դիմումներին եւ մենք արագօրէն պարզում ենք իրավիճակը եւ փորձում բոլոր հնարաւոր միջոցներով հոգ տանել այդ երեխաների համար: Երկրորդ գործը լինում է այս մանուկների ու պատանիների համար սիրող եւ հոգացող ընտանիք գտնել որտեղ նրանք կը լինեն ապահով եւ հանգիստ: Ցաւով պէտք է նշեմ, որ այդպիսի հոգածութեան կարիք ունեցողների թւում են նաեւ հայ երեխաները, եւ այսօր մենք ամէն կերպ պէտք է փորձենք մեր համայնքային կազմակերպութիւնների, միութիւնների ու եկեղեցիների միջոցով ապահովել հայ երեխաների խնամքը», յայտարարեց Ամիրին: Նա նաեւ նշեց, որ Հանրային ոլորտի ամերիկահայ աշխատակիցների միութիւնը առաջինն է, որ հարթակ տրամադրեց այս խնդիրը բարձրաձայնելուն եւ իրենք պատրաստ են համագործակցել եւ միասնաբար հասնել հարցի լուծմանը:
«Ապաքինում Խնամակալների հոգածութեամբ» (Treatment Foster Care) ծրագիրը խնամակալների միջոցով օգնում է իրենց ընտանիքներում բռնութիւնների ենթարկուած երեխաներին: Հնարաւոր է երկու տեսակի խնամակալութիւն՝ ժամանակաւոր, որի դէպքում պահանջւում է ապահովութիւն, կայունութիւն եւ բարենպաստ միջավայր տրամադրել երեխային որոշ ժամանակ, որի ընթացքում Երեխաների եւ ընտանիքի հարցերով ծառայութիւնների բաժնի աշխատակիցները խնամակալների հետ միասին օգնում են երեխաներին վերամիաւորուելու իրական ծնողների հետ, երբ ընտանեկան խնդիրները կարգաւորւում են: Որդեգրման դէպքում՝ խնամակալը մշտական կայուն, անվտանգ եւ բարենպաստ միջավայր պէտք է տրամադրի երեխային, երբ պարզւում է, որ նրանք չեն կարող վերադառնալ իրենց արիւնակցական հարազատների կամ իսկական ծնողների մօտ: Մինչ խնամակալութիւնը, երեխաների ու նրանց մասին հոգ տանել ցանկացող ընտանիքների հետ անցկացւում են հոգեբանական հանդիպումներ:
Ձեռնարկի բոլոր մասնակիցները նշեցին այս հարցում անյապաղ միջոցներ ձեռք առնելու անհրաժեշտութիւնը: Մեր ընթերցողներին տեղեկացնենք, որ հայ երեխաներին օգնելու ցանկութիւն ունեցողները կարող են զանգահարել (626)229-3501 հեռախօսահամարով, կամ գրել՝ info@myaapse.org էլ. Հասցէին դիմելով æուլիանա Ամիրիին:
Վստահաբար կարելի է արձանագրել, որ Հանրային ոլորտի ամերիկահայ աշխատակիցների միութեան ձեռնարկը յաջողուեց մի շարք առումներով: Այն նաեւ առիթ հանդիսացաւ նոր ծանօթութիւնների ու մտքերի փոխանակման, կազմակերպութիւնը մէկ օրում համալրուեց բազմաթիւ նոր անդամներով:
«Շատ ուրախ եմ, որ թէեւ առաջին անգամ, բայց ներկաները միանգամից հասկացան միմեանց եւ ստեղծուեց նաեւ աշխատանքային գործնական մթնոլորտ: Մարդիկ հաւատացին մեր կազմակերպութեան նպատակներին եւ կիսեցին մեր տեսլականը ու պատրաստ են քայլել նոյն ուղղութեամբ», ոգեւորութիւնը յայտնեց Յարութ Եդալեանը:
ՏԵՂԵԿԱՆՔ.- Հանրային ոլորտի ամերիկահայ աշխատակիցների միութեան նպատակն է համախմբել Լոս Անջելես գաւառի բոլոր ամերիկահայ աշխատակիցներին, ստեղծել սոցիալական ցանց: Կազմակերպութեան այլ նպատակներն են՝
– Աջակցել ամերիկահայ աշխատակիցների մասնագիտական առաջխաղացմանը.
– Ներկայացնել եւ տարածել՝ գաւառի, քաղաքապետարանի պետութեան կողմից առաջարկուող ծրագրերը, որոնք կարող են օգտակար լինել հայ համայնքին ու հանրային ոլորտի աշխատակիցներին.
– Նպաստել կազմակերպութեան անդամների սոցիալ-տնտեսական եւ մասնագիտական բարօրութեանը.
– Կազմակերպութեան անդամների շրջանում գործնական հնարաւորութիւնների եւ առաջխաղացման վերաբերող տեղեկատուութիւնը մշտապէս տարածել.
– Գործուն մասնակցութիւն ունենալ հայ համայնքի հասարակական միջոցառումներում:
Առաւել մանրամասներ կարելի է գտնել կազմակերպութեան կայքում՝ www.myaapse.org: