ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս», «Նիուզ».– 21 Ապրիլին սկսած Ալեխինի անուան նուիրուած ճատրակի միջազգային մրցաշարքի աւարտական հանգրուանին Հայաստանի հաւաքականի յառաջատար Լեւոն Արոնեան սպիտակ քարերով պարտութեան մատնած է ֆրանսացի Մաքսիմ Վաշիէ-Լակրաւը: Այս յաղթանակէն ետք Արոնեան իր վաստակած 5.5 միաւորով բարձրացած է առաջին դիրք եւ Պորիս Կելֆանտի հետ գլխաւորած է զայն:
Այս մրցաշարքը իր բնոյթով իւրօրինակ է, քանի որ տեղի կ՛ունենայ Ռուսիոյ հիւսիսային մայրաքաղաքին եւ Փարիզի մէջ։
Լրագրողներուն հետ ունեցած հանդիպումին ընթացքին Լեւոն Արոնեան ըսած է. «Ես շատ շնորհակալ եմ բոլոր հայ երկրպագուներին, որոնք Փարիզում եւ Սանկտ Պետերբուրգում գալիս էին մրցաշարին աջակցելու ինձ։ Լաւ նեարդային համակարգը չի խանգարի յաջող վերջնագծին: Լոնդոնում ես հանգիստ չէի, երբեմն ինձ խանգարում է դա: Պէտք է մարզել նեարդային համակարգը, պարտութիւնից յետոյ լաւատեսօրէն տրամադրուել, դա միակ միջոցն է ծանր դրութիւնից դուրս գալու համար: Դեղատոմս չկայ վճռական պարտիայում յաղթանակ տանելու համար: Տարիների աշխատանք է պէտք վճռական պահին յաղթելու համար:
«Ամէն օր մեզ չեն հրաւիրում խաղալ այսպիսի հրաշալի մրցաշարերում: Հասկանում էի, որ Լոնդոնից յետոյ յոգնած եմ լինելու, բայց այսպիսի մրցաշարից հրաժարուելը դժուար է: Ես շատ եմ սիրում խաղալ Փարիզի եւ Սանկտ Պետերբուրգի նման գեղեցիկ քաղաքներում:
«Շախմատը մարդուն տրամադրում է յարգել արուեստը, ստեղծագործական մօտեցում ունենալ ամէն ինչում: Ես շատ թանգարաններում եմ եղել, բայց տպաւորուած եմ Միխայլովեան պալատի հաւաքածուներով, յատկապէս, Այվազովսկու գլուխ գործոցներով: Այստեղ կայացած պարտիաներն ունեն որոշակի արտիստական երանգ:
«Ես շատ շնորհակալ եմ բոլոր հայ երկրպագուներին, որոնք Փարիզում եւ Սանկտ Պետերբուրգում գալիս էին մրցաշարին՝ աջակցելու ինձ: Մեզ համար շատ կարեւոր է զգալ կապը հայրենիքի հետ: Շատ հաճելի է, որ հայերը գալիս են, աջակցում են, փորձում են օգնել: Դա ինձ համար մեծ աջակցութիւն է: Ես յոյս ունեմ, որ իմ յաջողութիւնները, մեր հաւաքականի յաջողութիւնները կ՛օգնեն հայրենիքից հեռու գտնուող մեր հայրենակիցներին մերձենալ հայրենիքին եւ իրար եւ յաջողութիւններ ունենալ իրենց ասպարէզում», յայտնած է Արոնեան։
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.