ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ

«Զզուացրին, թողին էս անտէր հայերը, ամէն մի լակոտ իրեն ապիկարի պէս է պահում», սրտնեղեց միջին տարիքի կիսաճաղատ մարդը, երբ փողոցի ծայրից մի սեւ մեքենա սլացաւ կայծակնային արագութեամբ, ու մեքենայի միջից հնչեց թունաւոր մուղամը այնքան բարձր, որ սեւամորթ տարեց զոյգն ակամայից կանգ առաւ չհասկանալով, թէ Միջին Արեւելքից ո՞վ է իրենց վրայ յարձակուելու: Իսկ կիսաճաղատ հայրենակիցը այնպէս ճմռթուեց ու ձեռքը թափ տուեց, կարծէս թէ ինքը ալբանացի էր: Ակամայից մտածեցի, թէ որքան հեշտ է բողոքել, մատնանշել, թէ ինչքան վատ երեւոյթներ կան շրջապատում, ու դրանով իսկ հաստատել ինքդ քեզ, որ դու «դրանցից» չես, դու աւելի լաւն ես:
Սա նմանւում է սարսափազդու կինոնկարների պարագային, որոնք մեծ պահանջարկ ունեն միլիոնաւոր մարդկանց մօտ, քանի որ տուեալ պահին մարդը դիտում է սարսափազդու պատկերները, բայց ինչ որ տեղ իրեն լաւ է զգում, քանի որ ինքը ապահով է, սենեակում նստած եգիպտացորեն է ուտում: Բայց այս մարդիկ չեն գիտակցում, թէ որքան շատ դիտեն այդ ֆիլմերը, այդքան աւելի են ընկղմում անիմաստ մի աշխարհ, որը լաւագոյն դէպքում ժամավաճառութեան է տանում, իսկ առանձին դէպքերում կարող է լուրջ առողջական հետեւանքներ ունենալ՝ յատկապէս դեռահասների մօտ:
Զուգահեռաբար, հայ երիտասարդներին ջանասիրաբար փնովող մեր հայրենակիցը գիտակցաբար կամ ենթագիտակցաբար իրեն հեռացնում է իր տեսակից, կարծելով, թէ որքան շատ վատ յատկանիշներ տեսնի, այդքան ինքն իրեն կարող է «մաքրել»: Իսկ ի՞նչ ես արել դու, բողոքող հայրենակից, մէկ հայ երիտասարդ տղայի կամ աղջկայ օգնելու, սովորեցնելու համար, առանց բղաւելու, որպէսզի խօսքդ տեղ հասնի:
Մեր համայնքում տարէց տարի աւելանում է անհատների ու կազմակերպութիւնների թիւը, որոնք խրախուսում են լաւագոյն ուսանողներին, մասնագէտներին, կրթաթոշակներ տալիս, մեծարում: Ես ինքս էլ մաս եմ կազմել վաստակաշատ մի կազմակերպութեան, որ մինչեւ օրս պարբերաբար մեծարում ու խրախուսում է լաւագոյն ուսանողներին, ու փոքրաթիւ մարդկանց անձնուրաց աշխատանքով համայնքում փայլուն գործ է անում: Առանց որեւէ պատճառաբանութեան կարելի է պնդել, որ սա շնորհակալ ու պատուաբեր գործ է: Աւելի պատուաբեր ու աստուածահաճոյ գործ է՝ փորձել ընկածին ձեռք մեկնել, վեր հանել, խրատ ու յոյս տալ, ճանապարհ ցոյց տալ, քան թէ արդէն թափ հաւաքող վազորդին մէկ անգամ եւս յիշեցնել, թէ ինչ ուղղութեամբ գնայ: Ճիշդ է, երկրորդ տարբերակը աւելի ապահով է, քիչ գլխացաւանք ունի, միշտ պսակւում է յաջողութեամբ, եւ պարտութեան ելքը գրեթէ բացառւում է: Ի՞նչ ենք անում մենք ճիշդ ճանապարհից հեռացող դեռահասին կանգնեցնելու, ետ դարձնելու համար: Ինչպիսի՞ ջանք ենք ներդնում նրանց հետ ժամանակ անցկացնելու, բացատրելու, խրատելու համար: Այս ակնարկի նկատառումով իւրաքանչիւր ազգի, այդ թւում նաեւ հայ դեռահասներին, կարելի է բաժանել մի քանի խմբերի:
Առաջին խումբը շատ լաւ գիտէ, թէ ինչ է ուզում, ուր պիտի գնայ եւ՝ ինչպէս: Նրանց օգնես կամ չօգնես, մեծարես կամ չմեծարես, առաջ պիտի գնան:
Երկրորդ խումբը ամէն պահի կարող է միանալ առաջին խմբին (քանի որ խելքով չի զիջում նրանց), կամ էլ՝ երրորդ խմբին, որոնք ինչ-ինչ պատճառներով օրինական կեանքը որպէս ճիշդ ապրելակերպ չեն ընդունում: Սրանք ճամբաբաժանի վրայ կանգնածներն են: Եկէք այսօր կանգ առնենք յաջորդ՝ երրորդ պայմանական խմբի հպանցիկ վերլուծութեան վրայ: Այս խմբին պատկանող երիտասարդը դպրոցում վատ է սովորում, դրսում է փնտռում իր հետաքրքրութիւնները, յաճախ ժամանակից շուտ սկսում է ծխել, խմել, թմրանիւթ գործածել, ուշ գիշերով տուն գալ, եւ անբարտաւան ձեւով կոպտել քունն աչքերին դռան առաջ սպասող հօրն ու մօրը, իսկ առանձին դէպքերում էլ կարող է նոյնիսկ հայհոյել նրանց: Աշխատանքի բերումով շատ եմ շփւում նման երիտասարդների հետ, եւ գնալով համոզւում եմ, թէ նոյնիսկ այսպիսիների կեանքում դեռ ամէն ինչ կորած չէ, պարզապէս ժամանակ է պէտք ներդնել ու շփման կէտ գտնել նրանց հետ: Եթէ մի անգամ հաղորդակցութիւնը հաստատուեց, ապա յաջողութեան գրաւականը ինչ որ չափով ապահովուած է: Պարզապէս մենք, ամէն մէկս մեր հոգսերով պարուրուած, կամ չենք ուզում, կամ չենք կարողանում ժամանակ տրամադրել, եւ ձգտում ենք շուտափոյթ լուծում ակընկալել, դիմում ենք պատժամիջոցների, գոռում ենք, ոմանք էլ ուժի են դիմում, մտածելով, թէ իրենց գլխին խփել են, ոչ մի վատ բան չի եղել, իրենք էլ կարող են նոյն ձեւով դեռահաս մեծացնել: Չի լինում: Այս երեխան դպրոցում ամէն օր լսում է մի բան, իսկ յաճախ տանը տեսնում է մէկ ուրիշ պատկեր, ու շփոթւում է, այդ իսկ պատճառով հեշտ ելք է որոնում: Իսկ հեշտ ելքն առաջարկում են փողոցում՝ այնտեղ նրան կ՛ընդունեն, կը լսեն, «խորհուրդներ» կը տան, եւ երեխան կը կապուի այլընտրանքային այս «ընտանիքի» հետ, իսկ իսկական ընտանիքից անխուսափելիօրէն կ՛օտարանայ: Նոր ընտանիքում նրա հանդէպ պահանջներ չեն դնի, առաջին ժամանակների ընթացքում խմիչք կամ մարիհուանա կը հիւրասիրեն եւ այլն: Պահանջներ չկան, էլ ի՞նչ է պէտք, կը մտածի դեռահասը: Իսկ գահավիժումը շարունակւում է, ու ամէն օրուայ հետ աւելի դժուար է դառնում աշխատել այս երիտասարդների հետ: Դժուար, բայց ո՛չ անհնար:
Համայնքում գործող բազմաթիւ կազմակերպութիւններից հաւանաբար մի քանիսն են, որտեղ արհեստավարժ մարդիկ կան ու պատրաստ կը լինեն համակարգուած աշխատանքի անցնել՝ կարիքաւոր (ոչ ֆինանսական առումով) դեռահասներին ձեռք մեկնելու տեսանկիւնից: Ոմանք էլ մասնագէտներ են համարւում, քանի որ «համալսարան են աւարտել», համապատասխան կրթութիւն ձեռք բերել, ու պետական որակաւորման արժանացել: «Դժուար» դեռահասի հետ աշխատելու համար միայն համալսարանական կրթութիւնը բաւարար չէ, հարկաւոր է իմանալ ինչպէս սիրտը բանալ, իսկ դա ամէն մարդ չի կարող: Իւրաքանչիւր իրեն քիչ թէ շատ մասնագէտ համարող մարդ կարող է հաստատել, թէ «դժուարների» հետ աշխատելիս պատժամիջոցները ցանկալի արդիւնքների չեն բերում: Խրատն ու խօսքը միայն արդիւնքի կը բերեն այն դէպքում, երբ դեռահասն ինքը կը համոզուի, որ իր բռնած ճանապարհը կործանարար է: Իսկ դրա համար օրեր, ժամեր են հարկաւոր, եւ երբ դեռահասը կասկածեց, որ «մասնագէտը» իր հետ աշխատում է միայն իր գործն անելու համար, նա խրտնում, ըմբոստանում ու լքում է ժամանակաւոր խարիսխը: Մենք՝ չափահասներս յաճախ ենք թիւրիմացութեան մէջ ընկնում կարծելով, թէ այնպէս, ինչպէս մենք ենք տեսնում պատճառահետեւանքային կապերը, նոյն ձեւով դեռահասներն են դրանք տեսնում ու ընկալում: Բնաւ, երբե՛ք: Յաճախ դեռահասին պէտք է մի քանի անգամ կրկնել պարզ համարուող այս կամ այն ճշմարտութիւնը, առանց հեգնանքի: Չափազանց կարեւոր է լաւ օրինակ հանդիսանալը: Եթէ հայրը հարբեցող է, նա չի կարող պահանջել, որ իր զաւակը չխմի: Եթէ մայրը թեթեւաբարոյ է, նա չի կարող պահանջել, որ աղջիկը օրինակելի վարք ունենայ: Դա չի նշանակում թէ վերոյիշեալ երկու դեռահասները կործանուած են, ու յոյս չկայ: Մէկ այլ չափահաս կարող է լաւ օրինակ ծառայել, եւ այստեղ է կարեւորւում համայնքի դերը: Ճիշդ է, սա դժուարանցանելի մի ճանապարհ է, եւ յաճախ 10ից մէկին է հնարաւոր լինում օգնել: Բայց այդ մէկի երախտագիտութիւնը աշխարհ արժէ:
Մենք ապրում ենք Լոս Անջելեսում, չափից աւելի օրինակելի, օրինաւոր, շնորհքով երիտասարդներ ունենք, ովքեր արժանի են խրախուսանքի ու մեծարման: Ունենք նաեւ դեռահասների մի ստուար զանգուած, որ դուրս է մնացել մեծերի ուշադրութիւնից, բռնել է յանցագործ, թմրամոլ ու անկայուն ճանապարհ: Այս խումբը աւելի տեսանելի է, քանի որ նրանց ամէն մի բացասական արարք լայն լուսաբանման է ենթարկւում: Որպէս համայնք, ինչպիսի՞ իրական օգնութիւն ենք մենք հասցնում դժուար դաստիարակուող այս դեռահասներին: Եթէ պատասխանը գիտէք, ինձ էլ ասէք, քանի որ վերջին մօտ երկու տասնամեակների փորձերս առանձին դէպքերում օգտակար, բայց տարերային եմ համարում, եւ դրանք շատ աւելի արդիւնաւէտ կը լինէին, եթէ համակարգուած լինէին ուրիշների փորձերի հետ: Մէկ օրուայ գործ չէ, բայց անտեսել էլ չի կարելի:
Khachig jan:
What an important subject you’ve tackled. Many many years ago, when we were colleagues, I watched you give your heart and soul to these kids. You’re right, this is an immense job. We need organizations and adults who are willing to serve as examples for these youngsters. It’s easy to point the finger, but pointing the finger does nothing but push our kids farther and farther from their roots and into the hands of evil!