ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ

2013 թուականը կարող է նշանաւորուել այսպէս կոչուած «օֆշորային» ընկերութիւնների ներդրումների բացայայտումներով, որ կարող է մեծ գլխացաւանք բերել բոլոր այն ընկերութիւններին կամ անհատներին, ովքեր փորձել են իրենց միջոցները թաքցնել իրենց երկրների հարկային տեսչութիւններից: Ամէն ինչ սկսուեց Կիպրոսից, բայց կծիկը շարունակւում է դէպի Բրիտանական Վիրջինեան կղզիներն ու Քուք կղզին, որտեղ պահ դրուած միջոցների սեփականատէրերի անունները հրապարակման ենթակայ են աշխարհով մէկ, հանրութեանը ներկայացնելով տասնեակ հազարաւոր անհատների ու ձեռնարկութիւնների անուններ, ովքեր յոյս ունէին լուսարձակից հեռու մնալ: Այս նախաձեռնութեան հեղինակները հետաքննող լրագրողների մի խումբ են, ովքեր իրենց տրամադրութեան տակ ունեն մօտաւորապէս 2 միլիոն փաստաթղթեր: Տեղեկութիւնների համաձայն, օգտատէրերի ցանկում ընդգրկուած են ասիացի յայտնի քաղաքական գործիչներ, կանադացի նշանաւոր փաստաբաններ, եւ առնուազն 4000 ամերիկացիներ: Բարձրաստիճան գործիչներից մի քանիսն են, որ ողջունել են փաստերի հրապարակման գաղափարը. դրանց թւում է Գերմանիայի ֆինանսների (ելեւմուտքի-Խմբ.) նախարարը, ով յոյս է յայտնել, թէ հրապարակուած տեղեկութիւնը չափազանց օգտակար կարող է լինել համաշխարհային տնտեսութեան առողջացման գործընթացի նկատառումով:
Ինչպէս գիտէք, աշխարհում բազմաթիւ երկրներ, այդ թւում նաեւ Միացեալ Նահանգները, յոյս ունեն վճռական քայլերի արդիւնքում հարկային դաշտ բերել իրենց համաերկրացիների կամ նրանց կողմից տնօրինուող կազմակերպութիւնների ապօրինի կերպով թաքնուած միջոցները, եւ այսպիսով լրացնել իրենց նախահաշիւներում բացուած անցքերը: Արտերկրեայ հարկային թաքստոցների թուին է պատկանում Լիխտենշտէյնը, փոքրիկ մի պետութիւն, որ մինչեւ 2008 թուականը հանդիսանում էր յուսալի վայր բոլոր նրանց համար, ովքեր պատրաստ էին միջոցները դուրս հանել իրենց երկրներից ու ներդնել այս երկրի դրամատներում: Գաղտնապահութիւնը ապահովուած էր, եւ մարդիկ «հանգիստ» էին շնչում, միչեւ Միացեալ Նահանգների ու Գերմանիայի հարկային համապատասխան մարմինները զգալի ճնշում կը գործադրէին: Լիխտենշտէյնեան դրամատները չէին կարող դիմադրել ամերիկեան եւ գերմանական գերհզօր իրաւական ճնշման դէմ եւ ընկրկեցին: Մինչեւ 2011 թուականն ընկած ժամանակաշրջանը այս երկրի դրամատներում պահ դրուած գումարները նուազեցին աւելի կան 30 տոկոսով, որ զգալի է տնտեսական առումով: Յաջորդը Լիւքսեմբուրգի հերթն է, կարծում են որոշ տնտեսագէտներ: Սա էլ արտաքինից աննշան, փոքրիկ եւրոպական մի պետութիւն է, որտեղ, սակայն, աշխարհի տարբեր ծայրերից ի պահ են դրուած միլիարդաւոր դոլարներ, իսկ դրանց տէրերը կարծես թէ սկսել են հոգեկան ճգնաժամի մէջ ընկնել, քանի որ ապահով տեղ այլեւս չի մնացել: Տեսէք թէ ինչ կատարուեց Կիպրոսում, որտեղ հսկայական չափի ռուսական կապիտալ էր ներդրուած: Երկրի տնտեսական անկման արդիւնքում հարուստները պիտի կորցնեն իրենց ներդրումների մինչեւ 60 տոկոսը: Կիպրոսը նոյնպէս «օֆշորային» ապահով վայր էր, մինչեւ մի քանի ամիս առաջ: Պատկերացրէք, կիպրոսեան դրամատանը 2 միլիոն դոլար ունէք, ու յանկարծ մի օր յայտարարում են, որ ձեր փողից ընդամէնը 800,000 կարող էք ստանալ: Այդքան տարիներ որ եկամտահարկ չէք վճարել, մտածելով, թէ ձեր երկրից դուրս ձեզ վտանգ չի սպառնայ, եւ ձեր փողերը լրացուցիչ դիւիդենտներ (շահոյթներ-Խմբ.) կը բերեն, միանգամից ջուրն են ընկնում, եւ հիմա վճարում էք տասնապատիկը եւ աւելին այն գումարի, որ պիտի տայիք, եթէ ձեր երկրում օրինական ձեւով ներդնէիք ունեցուածքը: Սա եզակի այն տարբերակներից մէկն է, որտեղ քիչ փող ունեցողը աւելի երջանիկ կարող է իրեն զգալ, քան գերհարուստը:
Առայժմ խօսում եմ օրինական եկամուտներ ստացող անձանց կամ ձեռնարկութիւնների մասին, ովքեր փորձում էին ընդամէնը հարկերից փախչել: Իսկ եթէ խօսենք ապօրինի եկամուտների մասին, որոնց տէրերի աւանդները գրեթէ նոյն ձեւով պաշտպանուած էին «օֆշորային» բանկերում, ապա նրանց համար երկինքը կարող է միանգամից փուլ գալ գլխներին: Այս անհատներն ու ձեռնարկութիւնները ոչ միայն պիտի իրենց աւանդները հարկային դաշտ բերեն, այլ նաեւ պիտի փորձեն ապացուցել, թէ որտեղի՞ց իրենց այդքան մեծ եկամուտներ: Հարցը հասաւ «Դիւան Բաշուն», ինչպէս ժողովուրդն է ասում: Եթէ ընդամէնը 2 «օֆշորային» բանկային համակարգից 2 միլիոն փաստաթուղթ է հրապարակման ենթակայ, եւ դրանց մէջ աւելի քան 4 հազար ամերիկեան անուններ կան, ապա քանի՞ հայկական անուն կայ այնտեղ, եւ դրանցից քանի՞սն են սերում Հայաստանից: Եւ եթէ տուեալ անձը Հայաստանի ծաւալով խոշոր ձեռնարկութիւն չունի, ապա ինչպէ՞ս է նա բացատրելու, թէ որտեղի՞ց նա այդքան փող ունի: Բանն այն է, թէ նման փոթորկի դէպքում, երբ խոշոր նաւեր են պատրաստ խորտակուելու, փոքրիկ նաւակները ակնթարթօրէն ջրասոյզ կը լինեն, եւ ոչ մի «ընկեր, ախպեր» չի կարողանայ նրանց օգնել: Մէկ այլ խնդիր էլ կայ: Իրադարձութիւնների այսպիսի հաւանական զարգացումերը արդէն իսկ ահազանգի են հանել «գաղտնի» աւանդատուներին, բայց նրանք ցայտնոտի (խուճապի-Խմբ.) մէջ են, քանի որ տասնեակ կամ հարիւր միլիոն դոլարը նոյնիսկ յաջողութեամբ «օֆշորային» բանկից հանելուց յետոյ հնարաւոր չէ կարճ ժամանակամիջոցում թաքցնել, ներդնել, կամ էլ «բարձի տակ դնել»: Առաջիկայ մի քանի ամիսները խոստանում են հետաքրքիր լինել հասարակ մահկանացուների եւ հետաքննիչների համար, իսկ առանձին մարդկանց ու կազմակերպութիւնների գլխին մութ ամպեր են կուտակւում: