
Հ. Ծ.
Մտասեւեռուն դէմքերը, հին սուրբ գրքերն ու թրթռուն կենդանիները մի քանիսն են այն պատկերների, որ ներկայացուած են ճանաչուած ամերիկահայ նկարչուհի Սիրուն Երէցեանի կտաւներում, որոնք Յունուարի 25ին եւ 26ին ցուցադրուած էին Կանոգա Պարկի (Կալիֆորնիա) ՀԲԸՄի «Նազարեան» կենտրոնում. այս մասին տեղեկացնում է ՀԲԸՄի նիւեորքեան գրասենեակից ստացուած հաղորդագրութիւնը:
ՀԲԸՄի Լոս Անջելեսի մասնաճիւղի կազմակերպած ցուցահանդէսի ժամանակ հնչել են բազմաթիւ գովասանական խօսքեր՝ նկարչուհու հասցէին: «Սիրունը աւելի քան 20 տարի է, ինչ մեր համայնքի անդամներից է եւ Գլենդելում «Ռոսլին» արուեստի պատկերասրահի սեփականատէր: Վաղամեռիկ ամուսնոյն՝ Յարութի հետ, որ ՀԲԸՄի «Արտաւազդ» թատրոնի յանձնախմբի անդամ էր, նուիրուած են եղել արուեստին», նշել է ցուցահանդէսը համադրող եւ ՀԲԸՄի լոսանջելեսեան մասնաճիւղի մշակութային ծրագրերի վարիչ Մարալ Ոսկեանը:
Սիրունի ոճը ինքնուրոյն է՝ ոգեշնչուած իր պապենական հայրենիքի, ծննդավայր Լիբանանի եւ ներկայիս բնակավայր Հարաւային Կալիֆորնիայի մոտիվներով: Կրթութիւն է ստացել Բէյրութի ՀԲԸՄի Դարուհի Յակոբեան վարժարանում, երաժշտանոցում եւ համալսարանում:
Նրա մասին եգիպտահայ անուանի նկարիչ Բիւզանդ Կոճամանեանն ասել է. «Նա մեր օրերի Պիկասօն է»:
Ցուցահանդէսին ներկայացուած կտաւներից է եղել «Լուսաւորում» շարքի «Այբուբենի շքեղութիւնը» նկարը: Հանդիսութեան ընթացքում այցելուները, բացի կտաւներից, ծանօթացել են նաեւ Սիրունի հեղինակած երկու գրքերին. մէկը՝ տեսողական արուեստի, իսկ միւսը՝ բանաստեղծութիւնների հաւաքածուն: Նրա մասին յաւելեալ տեղեկութիւնների համար, այցելել
www.seeroonart.comէ կայքը:
«Ազգ»