
ԵՐԵՒԱՆ.- Հայաստանի մէջ գործող 19 հասարակական կազմակերպութիւններ հրապարակած են յայտարարութիւն մը, ըստ որուն 2013ի նախագահական ընտրութիւնները աննախադէպ էին՝ իշխանութիւններու նկատմամբ քաղաքացիներու միահամուռ անվստահութիւնը արտայայտելու առումով:
Ստորեւ կը ներկայացնենք սոյն յայտարարութիւնը.
2013 թ. Փետրուարի 18ին Հայաստանի Հանրապետութիւնում տեղի ունեցան նախագահական ընտրութիւններ, որոնք աննախադէպ էին Հայաստանի Հանրապետութեան ողջ պատմութեան ընթացքում՝ իշխանութիւնների նկատմամբ քաղաքացիների միահամուռ անվստահութիւնն արտայայտելու առումով:
Չնայած իշխանութեան հետեւողական փորձերին՝ նուազագոյնի հասցնել մրցակցութիւնը եւ ապահովել արտաքուստ հանգիստ ընտրութիւններ, ինչպէս նաեւ 2008թ. ընտրակեղծարարութեամբ ձեւաւորուած իշխանութեան վերարտադրում եւ լեգիտիմացում, Հայաստանի քաղաքացիներն իրենց քուէարկութեամբ արտայայտեցին իշխանութիւնների նկատմամբ իրենց անվստահութիւնը եւ բազմաթիւ քաղաքային եւ գիւղական համայնքներում ընդդիմութեան ներկայացուցիչ Րաֆֆի Յովհաննիսեանը առաւելութեան հասաւ գործող նախագահ Սերժ Սարգսեանի նկատմամբ:
Մենք, մարդու իրաւունքների եւ ժողովրդավարութեան զարգացման գործընթացում ներգրաւուած քաղաքացիական հասարակութեան ներկայացուցիչներս, գտնում ենք, որ Հայաստանի Հանրապետութեան կենտրոնական ընտրական յանձնաժողովի կողմից պաշտօնապէս հրապարակուած քուէարկութեան արդիւնքները չեն համապատասխանում իրականութեանը եւ հերթական անգամ Հայաստանում ձախողում են նախագահի ինստիտուտի լեգիտիմ ձեւաւորումը:
Քաղաքացիական կառոյցների կողմից իրականացուած դիտարկումները ցոյց են տուել, որ ընտրական ողջ գործընթացը թէ՛ նախընտրական եւ թէ քուէարկութեան փուլում ուղեկցուել են իշխանութիւնների կողմից կազմակերպուած իրաւախախտումներով՝ վարչական ռեսուրսի չարաշահումներով, ընտրակաշառքներով, սպառնալիքներով, լցոնումներով, բացակայ ընտրողների փոխարէն քուէարկութեամբ եւ քուէարկութեան արդիւնքների կեղծմամբ, ինչի մասին առկայ են բազմաթիւ փաստեր, ինչպէս նաեւ սոցիալական ցանցերում ու ԶԼՄներում տեղադրուած տեսագրութիւններ: Ընտրական յանձնաժողովների անդամներն ուղղակիօրէն մասնակից են դարձուել ընտրակեղծարարութեան գործընթացին, իսկ իրաւապահ մարմինները դրսեւորել են բացարձակ անգործութիւն կանխարգելելու եւ վերացնելու խախտումները: Մինչդեռ, ակնյայտ է, որ լայնածաւալ ընտրախախտումները էապէս ազդել են ընտրութիւնների արդիւնքների վրայ, ինչի մասին են վկայում հէնց պաշտօնական տուեալների վերլուծութիւնները, այդ թւում՝ դիտարկուած եւ չդիտարկուած տեղամասերում քուէարկութեան արդիւնքների համեմատութիւնները:
Հարկ ենք համարում արձանագրել, որ ժողովրդավարութեան խթանման գործում ճանաչուած միջազգային դիտորդական առաքելութիւնների նախնական գնահատականները չեն արտացոլում իրական ընտրական գործընթացները եւ մեծապէս պայմանաւորուած են քաղաքական դրդապատճառներով: Նման գնահատականները հասարակութեան շրջանում անվստահութիւն են սերմանում ոչ միայն եւրոպական կառոյցների դիտորդական առաքելութիւնների, այլեւ, առհասարակ, մարդու իրաւունքների միջազգային ստանդարտների եւ միջազգային ժողովրդավարական ինստիտուտների հանդէպ:
Ժողովրդավարական պետութեան հիմքում իշխանութիւնը ժողովրդի կողմից ձեւաւորելու հնարաւորութիւնն է եւ ընտրական գործընթացների օրինաւորութեան նկատմամբ քաղաքացիների վստահութիւնը: Հայաստանեան ընտրողների կարծիքը, ինչպէս եւ փետրուարեան ընտրութիւններից յետոյ տեղ գտնող զանգուածային ցոյցերն ու քաղաքացիական անհնազանդութեան դրսեւորումները հերթական անգամ վկայում են, որ քաղաքացիները չեն հաւատում ընտրութիւնների ազնուութեանն ու արդիւնքների օրինականութեանը: Օրհասական համարելով ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահութիւնը՝ պահանջում ենք ՀՀ իշխանութիւններից հրապարակել ստորագրուած ընտրացուցակները՝ հաւաստիացնելու Հայաստանի ընտրողներին իրենց եւ բացակայ ընտրողների անունները չչարաշահելու հանգամանքը եւ ձեւաւորուող իշխանութեան լեգիտիմութիւնը: Հակառակ պարագայում Հայաստանի քաղաքացիները բոլոր հիմքերն ունեն համարելու, որ 2013 թուականի նախագահական ընտրութիւնները կեղծուել են՝ իշխանութիւնն ամէն գնով պահպանելու նպատակով:
1. Թրանսփարէնսի Ինթերնեշընըլ հակակոռուպցիոն կենտրոն
2. Հելսինկեան քաղաքացիական ասամբլէայի Վանաձորի գրասենեակ
3. Ժուռնալիստների «Ասպարէզ» ակումբ
4. Հայաստանի հելսինկեան կոմիտէ
5. Համագործակցութիւն յանուն ժողովրդավարութեան
6. Կանանց աջակցման կենտրոն
7. Կանանց ռեսուրսային կենտրոն
8. Բաց հասարակութեան հիմնադրամներ – Հայաստան հիմնադրամ
9. Մենք Պլիւս
10. Հանրային տեղեկատուութիւն եւ գիտելիքի կարիք
11. Իրաւունքների պաշտպանութիւն առանց սահմանների
12. Էկօլուր
13. Խօսքի ազատութեան պաշտպանութեան կոմիտէ
14. Արեւամանուկ ընտանիքի եւ երեխայի խնամքի հիմնադրամ
15. Լրագրողներ յանուն մարդու իրաւունքների
16. Երաշխիք քաղաքացիական հասարակութեան կենտրոն
17. Նոր սերունդ
18. «Սոցիօսկոպ»
19. «Էկոլոգիական իրաւունք»