
ԵՐԵՒԱՆ.- «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան (ԲՀԿ) քաղաքական խորհուրդը հանդէս եկած է յայտարարութեամբ, կոչ ուղղելով քաղաքական ուժերուն անյետաձգելի բարեփոխումներու ճանապարհային քարտէզ մշակելու:
Գագիկ Ծաղուկեանի ղեկավարած եւ Ազգային ժողովին մէջ երկրորդ մեծագոյն խմբակցութունը ունեցող «Բարգաւաճ Հայաստան»ի յայտարարութեան մէջ կ՛ըսուի.
Փետրուարի 18ի նախագահական ընտրութիւններին ԲՀԿ մասնակցութեան ձեւաչափը որոշուել էր կուսակցութեան քաղխորհրդի եւ խմբակցութեան համատեղ որոշմամբ, այն է՝ չառաջադրել սեփական թեկնածու եւ չպաշտպանել թեկնածուներից որեւէ մէկին:
Յետընտրական զարգացումները վկայում են, որ մեր երկրում առկայ է ընտրական համակարգի նկատմամբ հասարակական անվստահութեան մթնոլորտ:
Հասարակութեան լայն զանգածների դժգոհութիւնը խօսում է այն մասին, որ երկրում կուտակուած բազմաթիւ խնդիրներ շարունակում են մնալ չլուծուած: Իւրաքանչիւր քայլի հանդիպող անարդարութիւնը, իշխանութեան տարբեր օղակների կողմից քաղաքացու արժանապատուութեան ոտնահարման՝ սովորական դարձած գործելաոճը, օրաւուր մեծացնում են հանրային դժգոհութիւնը:
«Բարգաւաճ Հայաստան» կուսակցութիւնը վերահաստատում է խորհրդարանական ընտրութիւնների ժամանակ ձեւակերպած իր քաղաքական օրակարգը:
«Բարգաւաճ Հայաստան» կուսակցութիւնը քաջ գիտակցում է ժողովրդի առջեւ ունեցած իր պատասխանատուութիւնը:
Բարգաւաճ Հայաստանը եղել ու մշտապէս լինելու է ժողովրդի կողքին:
«Բարգաւաճ Հայաստան» կուսակցութիւնը գտնում է, որ Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիների բացարձակ իրաւունքն է պահանջել սեփական իրաւունքների, այդ թւում՝ ընտրական իրաւունքի յարգում:
«Բարգաւաճ Հայաստան» կուսակցութիւնը հաստատակամօրէն կոչ է անում իշխանութիւններին՝ ցուցաբերել զսպուածութիւն: ԲՀԿն զգուշացնում է, որ խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժի ցանկացած կիրառում կը յանգեցնի անդառնալի հետեւանքների: Իսկ զանգուածային միջոցառումների կազմակերպիչներին եւ մասնակիցներին կոչ է անում բոլոր գործողութիւնները անցկացնել օրէնքի շրջանակներում:
Խորապէս գիտակցելով կուտակուած լրջագոյն խնդիրների, երկրի առաջ ծառացած մարտահրաւէրների ողջ ծաւալն ու բարդութիւնը՝ ԲՀԿն կոչ է անում բոլոր ազդեցիկ քաղաքական ուժերին ձեռնամուխ լինել ժողովրդավարական, քաղաքական, տնտեսական անյետաձգելի բարեփոխումների մեծ օրակարգ ձեւաւորելուն, դրանց իրականացման ճանապարհային քարտէզի մշակմանը:
«Բարգաւաճ Հայաստան» կուսակցութիւնը պատրաստ է իր ողջ ռեսուրսները տրամադրել այս գործընթացի կազմակերպման եւ իրականացման համար:
ԲՀԿն կոչ է անում իշխանութիւններին եւ ազդեցիկ քաղաքական ուժերին՝ ցուցաբերել խոհեմութիւն, փոխադարձ հանդուրժողականութիւն եւ վճռականութիւն՝ ժողովրդի եւ պետութեան առաջ ծառացած խնդիրները լուծելու համար»: