
ԵՐԵՒԱՆ.- Հայ Ազգային Կոնգրեսը (ՀԱԿ) հաղորդագրութիւն մը հրապարակած է՝ ներկայացնելով իր գնահատականը Հայաստանի նախագահական ընտրութիւններուն: Լեւոն Տէր Պետրոսեանի ղեկավարած ՀԱԿը «խայտառակութիւն» որակած է ընտրութիւնները: Ստորեւ ՀԱԿի հաղորդագրութիւնը.
Փետրուարի 18ին Հայաստանում կայացան հերթական խայտառակ ընտրութիւնները: Հայ ազգային կոնգրեսը աւելի քան 1500 ընտրատեղամասերում իր նշանակած յանձնաժողովների անդամների, Կոնգրեսի կողմից յատուկ մոնիտորինգի ենթարկուած 20 ընտրատեղամասերի, ինչպէս նաեւ լրագրողական եւ այլ խողովակներով հաւաքած փաստական նիւթի վրայ արձանագրում է հետեւեալը.
Կոնգրեսը մի քանի անգամ արդէն պաշտօնապէս յայտարարել է, որ Հայաստանում իշխող հակաժողովրդավարական բռնատիրական համակարգը, իր նկատմամբ անընդհատ խորացող համաժողովրդական ատելութեան պայմաններում, ընտրութիւնից ընտրութիւն ստիպուած է լինում դիմել աւելի ու աւելի լայնամասշտաբ կեղծիքների: Անցած ընտրութիւններն առաջին հերթին այս թեզի ապացոյցն էին. ընտրութիւններն անցկացուեցին ընտրակեղծիքների մեքենայի լիակատար օգտագործմամբ, կիրառուեցին ընտրախախտումների բոլոր գործիքներն ու մեխանիզմները:
Հիմնական ընտրախախտումներն էին.
1. Քուէարկութեանը մասնակցող ընտրողի անձնագրից անմիջապէս հեշտութեամբ ու անհետք մաքրւում էր դրոշմակնիքը՝ ապահովելով բազմակի քուէարկութեան հնարաւորութիւնը:
2. Ինչպէս միշտ, որպէս հարուստ շտեմարան, վարչախումբն օգտուեց հանրապետութիւնից բացակայ, սակայն ընտրացուցակներում առկայ շուրջ 700.000 ընտրողների ձայների կեղծման հնարաւորութիւնից:
3. Նորից պետականօրէն կազմակերպուեց յօգուտ իշխանական թեկնածուի ընտրակաշառքի բաժանում եւ ընտրողների քուէարկութեան վերահսկում:
4. Օրինականութիւն պահանջող յանձնաժողովի անդամների, լրա-գրողների, դիտորդների նկատմամբ արձանագրուեցին բռնութեան, ահաբեկման եւ կաշառելու համատարած դէպքեր:
5. Տեղի ունեցան քուէատուփերի բացայայտ լցոնումներ:
6. Որոշ յանձնաժողովներում հաշուարկի ժամանակ կեղծուեց ձայների քանակը:
Այս ամէնի հետեւանքով, բնականաբար, աղաւաղուել են ընտրութիւնների իրական արդիւնքները:
Փետրուարի 18ի նախագահական ընտրութիւնները ցուցադրեցին, թէ ինչ աստիճանի է խորացել համաժողովրդական ատելութիւնը գործող ռեժիմի եւ անձամբ Սերժ Սարգսեանի նկատմամբ:
Ընտրութիւնները ցոյց տուեցին նաեւ, որ Հայաստանում իշխող վարչախումբը, ի հեճուկս տարիներ շարունակ իր տուած խոստումների, երբեւէ չի հրաժարուի ընտրակեղծիքների իր ստեղծած մեքենայի գործադրումից, քանի դեռ դրա դէմ, որպէս քաղաքական գործօն, չի ծառացել ժողովրդի միասնական կամքը, եւ ընտրակեղծարարութեան այդ փաստերին համարժէք վերաբերմունք չի արտայայտել միջազգային հանրութիւնը:
Ժամանակն է, որ միջազգային հանրութիւնը, մասնաւորապէս դիտորդական առաքելութիւնները, դադարեցնեն դայակութիւնը Հայաստանի յանցաւոր իշխանութիւնների նկատմամբ, հրաժարուեն Հայաստանի իշխանութիւնների օրէնսդրական ձեռնածութիւնները որպէս դրական բարեփոխումներ ներկայացնելու իրենց պրակտիկայից եւ վերջապէս հասկանան, որ հայաստանեան ընտրութիւնների արատը ոչ թէ օրէնսդրական թերութիւնները, զանազան խախտումներն ու օրինազանցութիւններն են, այլ համակարգային այնպիսի մեխանիզմներ, ինչպիսիք են ընտրացուցակներում Հայաստանից մշտապէս բացակայող 700.000 մարդկանց անունների առկայութիւնը եւ կրկնաքուէարկութեան դէմ արդիւնաւէտ միջոց կիրառելու իշխանութեան չկամութիւնը: